Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ghazaros Aghayan: Works/Ղազարոս Աղայեան. Երկեր: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ
Ghazaros Aghayan: Works/Ղազարոս Աղայեան. Երկեր: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ
Ghazaros Aghayan: Works/Ղազարոս Աղայեան. Երկեր: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ
Ebook709 pages4 hours

Ghazaros Aghayan: Works/Ղազարոս Աղայեան. Երկեր: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Ghazaros Aghayan is considered the founder of autobiographical novel genre in the Armenian literature. He's the author of many poems, fairy tales, novels and was a prominent teacher and public figure.
​The following collection of Ghazaros Aghayan’s works is from My Library series. Each book from My Library series represents one of classical Armenian writers or poets’ best works. The series is intended for schoolchildren, students, adult readers and generally all those who are interested in Armenian literature.

Ղազարոս Աղայեանը համարւում է ինքնակենսագրական վէպի ժանրի հեղինակը հայ գրականութեան մէջ: Գրել է բանաստեղծութիւններ, հեքիաթներ, վիպակներ: Նա նաեւ նշանաւոր մանկավարժ է, հրապարակախօս եւ գրական-հասարակական գործիչ:
​Ղազարոս Աղայեանի այս ժողովածուն լոյս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի իւրաքանչիւր գրքում ներկայացուած են հայ դասական գրողների լաւագոյն գործերը: Մատենաշարը հասցէագրուած է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին եւ առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականութիւնը:
LanguageՀայերեն լեզու
PublisherEdit Print
Release dateDec 4, 2019
ISBN9788835341413
Ghazaros Aghayan: Works/Ղազարոս Աղայեան. Երկեր: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ

Related to Ghazaros Aghayan

Titles in the series (11)

View More

Related ebooks

Reviews for Ghazaros Aghayan

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ghazaros Aghayan - Nver Virabyan/Նուէր Վիրաբեան

    հրատարակչութիւուն

    ՆԱԽԱԲԱՆ

    Ղազարոս Աղայեանը համարւում է ինքնակենսագրական վէպի ժանրի հեղինակը հայ գրականութեան մէջ: Գրել է բանաստեղծութիւններ, հեքիաթներ, վիպակներ: Նա նաեւ նշանաւոր մանկավարժ է, հրապարակախօս եւ գրական-հասարակական գործիչ:

    Ղազարոս Աղայեանի մի շարք մանկական բանաստեղծութիւններ` «Յիշողութիւն», «Ճախարակ», «Արեգակ», «Առաւօտը գիւղում» եւ այլն, իրենց մշտական տեղն ունեն դպրոցական դասագրքերում, սիրուած է յատկապէս «Տորք Անգեղ» պօէմը: Իսկ հեքիաթներից առաւել յայտնի են «Արեգնազանը», «Անահիտը», «Հազարան բլբուլը», «Վիշապին յաղթողը», «Եղէգնուհին» եւ այլն: Գրողի ամենահանրայայտ արձակ գործերը «Արութիւն եւ Մանուէլ» ու «Երկու քոյր» վէպերն են:

    Ղազարոս Աղայեանը Խաչատուր Աբովեանի լուսաւորչական հայեացքների հետեւորդն է: Տարրական դասարանների համար նրա կազմած դասագրքերով տեւականօրէն ուսուցանել են հայկական դպրոցներում, իսկ «Այբբենարանով» հայ մանուկները գրաճանաչ են դարձել մօտ չորս տասնամեակ:

    Ղազարոս Աղայեանի մասին պատկերաւոր է գրել Աւետիք Իսահակեանը. «Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականութեան մէջ քայլող մի զօրապետ իշխան լինէր, լեռների քաջ որսկան, աշխարհէաշխարհ կտրող քարաւանապետ»:

    ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԵԱՆ

    (1840-1911)

    Ծնուել է ապրիլի 4-ին, Բոլնիս-Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գիւղում։ Սկզբնական կրթութիւնն ստացել է ծննդավայրում եւ Շամշուլդայ գիւղի քահանայ Տէր-Պետրոսի մօտ։ 1853-ին ընդունուել է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը, մէկ տարի յետոյ ինքնակամ հեռացել։ Այնուհետեւ իր գիտելիքները լրացրել է ինքնակրթութեամբ։ Աշխատել է որպէս գրաշար Թիֆլիսում, Մոսկուայում եւ Պետերբուրգում։ 1867-ին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչը, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-70)։ Դասաւանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երեւանի, Շուշուայ դպրոցներում (1870-1882), եղել է Վրաստանի եւ Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդէսի խմբագրութիւնում որպէս քարտուղար, գործուն մասնակցութիւն ցուցաբերել «Աղբիւր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։ 1895-ին ձերբակալուել է Հնչակեան կուսակցութեանը պատկանելու մեղադրանքով, աքսորուել Նոր Նախիջեւան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետեւ մինչեւ կեանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողութեան տակ։

    1902-ի մայիսին տօնուել է Աղայեանի գրական գործունէութեան 40-ամեակը։ 1905-ին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերեան ցոյցին՝ ցարին տապալելու կոչ արել։ Մահացել է 1911 թ. յունիսի 20-ին, Թիֆլիսում։

    Հայ մանկավարժութեան պատմութեան մէջ Աղայեանը յայտնի է նաեւ որպէս մանկավարժութեան տեսաբան։ Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելօք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնութիւնը տալիս էր մայրենի լեզուի ուսուցմանը, բարոյական եւ գեղագիտական դաստիարակութեանը, դէմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ Գրել է մանկավարժական-մեթոդական բազմաթիւ աշխատութիւններ։ Առանձնապէս գնահատելի են նրա «Ուսումն մայրենի լեզուի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածուած այբբենարանը հայ դպրոցներում։

    Աղայեանը ողջ կեանքը նուիրել է մատաղ սերունդների դաստիարակութեան, ժողովրդին լուսաւորելու գործին։ Նա զուտ տեսաբան չէր (ինչպէս Ռուսոն եւ շատերը), այլ այդ մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կեանքում, դպրոցում, սերտօրէն այն կապելով ուսուցման գործընթացի հետ (ինչպէս Պէստալոցցին, Օուենը եւ ոմանք): Դրա ապացոյցն է Երեւանի գաւառական ուսումնարանի փոքրիկ այգին (նաեւ Սարդարի այգում դպրոցին յատկացուած մի մեծ հողամաս), ուր աշակերտները ջանասիրութեամբ մշակում էին (վարում, ցանում, ջրում, խնամում, հաւաքում եւ այլն) եւ իւրացնում գիւղատնտեսական գիտելիքներ... Եւ այդ ամէնը ոչ միայն ուսուցանում, այլեւ տարածում գիւղացիութեան մէջ։ Նոյնը եւ զանազան արհեստների անցման հարցում։

    Աղայեանի հիմնական թեզն էր՝ երեխաներին պատրաստել կեանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակութիւնը եւ զարգացումը՝ մտաւորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականութեամբ։

    Նրա գործունէութեան եւ մանկավարժական մտածողութեան ուղեցոյցը դարձաւ 1869 թուականի «Արարատ» ամսագրի առաջին համարներում հրապարակած «Խորհրդածութիւն դաստիարակութեան վերաբերեալ» յօդուածաշարը` մանկավարժական բազմաբնոյթ հարցերի իւրովի մեկնաբանմամբ։

    Աղայեանը քննադատում էր գործող դպրոցը, «Իսկ ի՞նչ է տալիս ժամանակի դպրոցը». այս սուր հարցադրմանը հետեւում է պատասխանը՝ «Հայոց դպրոցներում ... գիտութիւն չէր աւանդւում, այլ միայն կրօն եւ հայոց լեզու»... կեանքից հեռացած կրթութիւն, քանզի «դպրոցում լսուածը հերքւում էր կեանքի մէջ», պէտք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կեանքին, պատանեկութեանը պատրաստել վաղուայ թոհուբոհի մէջ գտնելու իր տեղը, դէմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրօրէն, «կապկաբար» ընդօրինակելը։ Եւ համոզուած գրում, որ ամէն ինչ պէտք է յարմարեցնել մեր ազգի առանձնայատկութիւններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրութեանը։ Եւ իրաւացիօրէն բողոքում էր, եւ մերժում այն «մասնագէտ մանկավարժներին», որոնք աղանդաւորի մոլեռանդութեամբ ընդօրինակում էին ուրիշներին։ Իսկ պէտք էր դպրոց մտցնել ռէալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասաւանդմանը գործնական բնոյթ տալ, կապել կեանքի հետ։ Դպրոցական կրթութեան նախաշեմը համարելով ընտանեկան դաստիարակութիւնը եւ դրանում հիմնաւորելով մօր անփոխարինելի դերը՝ կարեւորում է դպրոցի շրջանակներում աղջիկների համակողմանի դաստիարակութիւնը եւ զարգացումը, կ'ապահովենք այդ, կʼունենաք կիրթ մայր-դաստիարակչուհիներ, եթէ ոչ, չենք ունենայ «կրթուած մայրեր»։

    Աղայեանը ուսուցչական բացառիկ ընդունակութիւններ ունէր.

    1. մանկավարժական վարպետութիւն,

    2. դասաւանդման կատարելութիւն,

    3. անսահման սէր երեխաների նկատմամբ։

    Եւ ճիշտ են բնորոշում նրան՝ որակելով որպէս «ժողովրդական ուսուցչի պայծառ տիպար»։ Նա ուսուցիչ-դաստիարակ էր՝ ինչպէս մատաղ սերունդների, այնպէս էլ խորհրդատու-օգնող՝ սկսնակ (եւ ոչ միայն սկսնակ) ուսուցիչների համար։ Նա բարձր էր գնահատում ուսուցչի դերը եւ պահանջում մասնագիտական, մանկավարժական խոր գիտելիքներ, դասատուութեան վարպետութիւն, նորարարութիւն ու հնարամտութիւն, բարոյական անաղարտութիւն։ Ուսուցիչը սիրելի կարող է լինել միայն իր «մարդավայել վարքով»... երբ նա է «կատարելատիպ աշակերտաց համար», ապա եւ «մի լինիր այնքան քաղցր, որ կուլ տան քեզ եւ ոչ այնքան դառն, որ թքեն վրադ», ուսուցչի պատիւը բարձր պէտք է պահել, թշուառ է այն «ազգը, որ չի մեծարում եւ ապահովում ուսուցչին»։ Նա առանց խտրականութեան դասաւանդում էր դպրոցի բոլոր աստիճաններում ու դասարաններում, յատկապէս ուսուցման առաջին տարում եւ աւարտական դասարանում։ Եւ իր վեհ ու ազնիւ բնաւորութեամբ սիրելի էր բոլորին, քանզի «անկեղծ էր մանկան պէս... գիտէր սիրել... հոգու եւ սրտի ամբողջ թափով»։

    Աղայեանի մօտ ոչ բոլոր դիդակտիկ սկզբունքներն են մեկնաբանուած, բայց տրուած են դրանց կիրառման պայմանները, նա գտնում էր, որ ուսումնական գործընթացը պէտք է լինի համակարգուած ու յաջորդական, սովորողների ակտիւութեամբ ու ինքնուրոյնութեամբ, մատչելի, զննական, իւրացումը հաստատուն, գիտակցուած, տրամաբանական։ Նման բոլոր խնդիրները լուծւում են ուսուցչի ջանասիրութեան, նուիրուածութեան շնորհիւ, հետեւապէս նա պէտք է լինի կատարեալ իր գիտելիքներով ու վարպետութեամբ, անաղարտութեամբ ու աշխատասիրութեամբ, սիրով ու հոգատարութեամբ, նրա բնորոշիչներն են՝ ազնուութիւն, համեստութիւն, համբերատարութիւն, շիտակութիւն, արդարամտութիւն, հաստատակամութիւն...

    Դպրոցն այնպիսի կրթութիւն պէտք է ապահովի, որ նոր սերունդը «հոգեպէս եւ մարմնապէս մի աստիճանով» բարձր լինի նախորդից։

    Դաստիարակութիւնը ընդունելով որպէս հզօր գործօն՝ անձնաւորութեան ձեւաւորման խնդրում, Աղայեանը գտնում է, որ այն ամենակարող չէ, քանզի առկայ են նաեւ բնութեան շնորհը եւ ժառանգականութիւնը եւ իր «Ինքնակենսագրութեան» մէջ գրում է՝ «Բեօքլը չի ընդունում իր յատկութիւնների ժառանգութիւնը... եթէ, ողջ մնար, կը խոստովաներ իր սխալը»։ Նա համոզուած էր՝ մանուկն ի ծնէ աւելի շատ հակուած է դէպի լաւն ու բարին, նրան դաստիարակելը դիւրին է, միայն պէտք է ճանաչել նրան իր տարիքի եւ անհատականութեան մէջ եւ դրական օրինակ լինել սանի համար, օգտագործել նաեւ համոզումը, զրոյցը, խրախուսանքը, երբեմն էլ պարսաւանքը, որոշ վերապահումներով, եւ պատիժը, բայց ոչ երբեք մարմնական։ Եւ դրանք արդիւնաւէտ կը լինեն, եթէ վարուենք արդարամտութեամբ, համագործակցուած, լինենք հետեւողական, անհրաժեշտութեան դէպքում նաեւ խստապահանջ։

    Ուսուցման տեսութեան հարցերին անդրադառնալիս նա մեկնաբանում է հիմունքներն ու սկզբունքները, բովանդակութիւնն ու մեթոդները, կազմակերպման իւրայատկութիւնները եւ այդ ամէնին ցուցաբերում գիտամանկավարժական մօտեցում։ Օրինակ, մեթոդների ընտրութեան հարցում ընդունելի է համարում ամէն մի նպատակայարմար ընդունելի, երբեմն իսկ արտաքնապէս մերժելի թուացող միջոց, հնարք, եղանակ, անգամ «ճար ու դարման», միայն թէ չաղճատուի դասի բովանդակութիւնը, չմթագնի նպատակը։

    Աղայեանը մասնաւորապէս զբաղուել է տարրական ուսուցման հարցերով եւ մշակել մայրենի լեզուի ուսուցման ու գրագիտութեան մեթոդիկա։ Հէնց այդ սկզբունքներով են կազմուած նրա «Արեւիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզուի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, որոնք ունեն անգերազանցելի առաւելութիւններ մինչ այդ եւ անգամ դրանից յետոյ էլ լոյս տեսած շատ ու շատ դասագրքերից, որպէս ապացոյց՝ դրանք շատ անգամ վերահրատարակուել են եւ տասնամեակներ կիրառուել մեր դպրոցներում, իսկ «Ուսումն մայրենի լեզուի, պատկերաւոր այբբենարան եւ առաջին ընթերցարան»-ը 1875-1916 թուականների միջոցում լոյս է տեսել 33 անգամ, գրեթէ վերահրատարակուելով ամէն տարի։ Դրանցում արտացոլուած էին մեր կեանքը, բնութիւնը, շրջապատը, նիւթերի զգալի մասն իր իսկ գողտրիկ մանկական գործերն էին՝ բանաստեղծութիւններ, պատմուածքներ, առակներ, հեքիաթներ եւ այլն։

    Աղայեանի դասագրքերի գերազանցութեան գրաւականը դպրոցի, մանկավարժութեան պահանջների բաւարարումն էր։

    Աղայեանը խորիմացութեամբ, գիտականօրէն եւ ամենայն խորաթափանցութեամբ անդրադարձել է ու վերլուծաբար տուել աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակութեան կարեւորութեան դերը։

    1869 թուականի մայիսից ստանձնելով «Արարատ» հանդէսի խմբագրի պաշտօնը, առաջին իսկ համարում զետեղում է «Մի քանի խօսք մեր սիրելի ազգակիցներին» առաջնորդող յօդուածը, նուիրուած աշխատանքի գովքին, ըստ այդ յօդուածի, աշխատանքը կենսական անհրաժեշտութիւն է, բնական պահանջ, «աշխատութիւնը մարդու համար անէծք չէ... այլ օրհնութիւն», բոլոր արարածներն «ատում են ծուլութիւնը, որ մայրն է ամենայն չարեաց, եւ ապացուցանում աշխատութեան... երջանկութեան միակ աղբիւր լինելը», չաշխատողը ցեց է, որ «ուտում է... ուրիշի աշխատանքը»։

    «Խորհրդածութիւն դաստիարակութեան վերաբերեալ» եւ այլ յօդուածներում, ինչպէս եւ գեղարուեստական գործերում նա աւելի համակողմանի վերլուծութեամբ տեսականօրէն հիմնաւորում է այդ հարցը։ Խուսափել փափկասուն բալիկներ մեծացնելուց, փոքրուց ֆիզիկական կոփում եւ աշխատանք... Դպրոցը պէտք է շարունակի այն. «իւրաքանչիւր դպրոցին կից... մի արհեստանոց», ֆիզիկականը եւ մտաւորը պէտք է յաջորդեն միմեանց (ակտիւ հանգիստ), արհեստը ընդհանուր զարգացման վրայ բարերար ազդեցութիւն ունի... Արհեստներից դպրոցում ընդունելի է համարում կօշկակարութիւնը, դերձակութիւնը, կազմարարութիւնը, հիւսնութիւնը, երկաթագործութիւնը եւ այլն։

    «Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենայ, թէ ծառայ լինի, թէ տէր, թէ թագաւոր եւ թէ իշխան», եզրակացնում է «Անահիտ» հեքիաթում... եւ ապա՝ «աշխատութիւնը բոլոր առաքինութիւնների մայրն է, ինչպէս ծուլութիւնը ծնող է ամենայն մոլութեան» գրում է իր դուստր Անահիտին յղած նամակներից մէկում։ Հետեւապէս՝ աշխատանքը կեանքի հիմքն է. առանց դրա չի եղել, չկայ եւ չի կարող լինել ոչ մի դաստիարակութիւն։

    Աղայեանը նոյն խորաթափանցութեամբ պարզաբանում է նաեւ ֆիզիկական դաստիարակութեան հարցերը։ Մեծ թերութիւն էր համարում, որ կեանքում, յատկապէս դպրոցում, համարեայ թէ տեղ չունէր ֆիզիկական դաստիարակութիւնը, առանց որի դաստիարակութեան միւս կողմերը թերի են։ Մեզ պէտք են առողջ սերունդներ, դրա նախապայմանն են «մարմնավարժութիւնը» եւ աշխատանքը։

    Ֆիզիկական դաստիարակութեան առանցքը «առողջ հոգին առողջ մարմնում» դրոյթն էր. «Երեխայութիւնից սկսած... ես իմ մարմինը պնդացրել եմ, պողպատ եմ շինել»... իսկ դրա գրաւականներն են՝ զբօսանքներ, շրջագայութիւններ, ֆիզիկական աշխատանք, մարզում, վարժութիւններ, խաղեր եւ այլն... Իր անձնական կեանքում Աղայեանը լայնօրէն օգտագործել է աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակութեան միջոցները եւ օրինակ ծառայել շրջապատի համար։

    Որտեղ, ինչ պայմաններում էլ աշխատել է նա, ձգտել է իրագործել իր մտորումները եւ դպրոց մտցնել աշխատանքային ուսուցումն ու ֆիզիկական դաստիարակութիւնը։ (Երեւանում աշխատելիս նախակրթարանում անցնում էր յատուկ մարմնամարզական պարապմունքներ, թեմականում՝ մարմնամարզութեան ժամեր, առաւօտեան լիցքային վարժութիւն պարապմունքներ... եւ ոչ միայն Երեւանում)։

    Փոքրերի զարգացման ամենալաւ միջոցներն են խաղը, զբօսանքները, որոշ վարժութիւններ, ուժերը ներածին չափ աշխատանք եւ նման զբաղմունքներ։ «Խաղալն ու երգելը երեխայոց... յատկութիւններն են», յանցագործութիւն է նրանց զրկել այդ բաւականութիւնից։

    Ահա աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակութեան կարեւորութեան նրա գնահատականը։

    «Նրա կեանքը անգիր անցկացաւ», նա «անգիր» ապրեց, եւ այն ամէնը, ինչ թողեց սերունդներին, իր «մեծութեան ու շնորհքի մի չնչին մասն է» միայն եւ, ցաւօք, շատ ու շատ «բան տարաւ իր հետ», քանի որ ժամանակ չունեցաւ թղթին յանձնելու այդ ամէնը։

    Նա մեր ժողովրդի անաղարտ զաւակն էր, հայրենի բնութեան «անբաժան մասնիկը», մեր ձգտումների մարմնացումը... եւ այն ընկալեց ու գործեց ուսուցման գործընթացի եւ բնութեան գովերգմամբ, որն էր` «բնութիւնը համաչափութիւն եւ կանոնադրութիւն է սիրում, ոչ մի բան մարդկային հնարմանց մէջ այդ հրաշալի ներդաշնակութեանը այնքան համանմանելու պահանջ չունի, ինչքան մարդու կրթութեան արուեստը»: Սա բնայարմարութիւն է, մարդու եւ բնութեան միասնականութիւն, համաձայնուածութիւն։

    Մեր «ուսուցիչների ուսուցիչ» Ղ. Աղայեանը եւ հայ դպրոցն ու մանկավարժութիւնը մի միասնութիւն են եւ մէկն առանց միւսի անհնար է պատկերել։

    Աղայեանը բազմաժանր գրող է։ Առաջին տպագիր գործը՝ «Հարկաւոր է օգնել չքաւորներին» բանաստեղծութիւնը, լոյս է տեսել «Մեղու Հայաստանի» լրագրում, 1862-ին։ «Արութիւն եւ Մանուէլ»-ով (1867) Աղայեանը հիմք է դրել ինքնակենսագրական վէպի ժանրին հայ նոր գրականութեան մէջ։ Վէպում նա անողոք պայքար է յայտարարել խաւարին ու յետամնացութեանը՝ ընթանալով Աբովեանի բացած ճանապարհով։ «Երկու քոյր» վիպակում արտացոլել է սոցիալական տեղաշարժերը ետռեֆորմեան հայ գիւղում, գիւղացու պայքարը հողի համար, որը նորութիւն էր հայ գրականութեան մէջ։ Վիպակում շօշափուած են կնոջ հասարակական ակտիւութեան ու ազատ սիրոյ հարցերը։ Հասարակական չարիքի նախապատճառն Աղայեանը համարել է սոցիալական անհաւասարութիւնը եւ առաջ քաշել սեփականութեան արդար բաժանման խնդիրը («Բաժանութիւն», 1890)։ Աղայեանի գեղարուեստական արձակի ուշագրաւ նմուշներից է «Սէրը արտաքսուած» ստեղծագործութիւնը (1889), որտեղ դեմոկրատիզմի դիրքերից տուել է իրականութեան ռէալիստական պատկերը։ Մշակել է «Քեօրօղլի» վիպերգութիւնից երեք դրուագ։ Մարդու յարաբերութիւնների մասին Աղայեանի իդէալն աւելի ամբողջականօրէն արտայայտուած է «Տորք Անգեղ» պօէմում (1888), որի ատաղձը Մ. Խորենացու «Հայոց պատմութեան» մէջ եղած առասպելն է Անգեղեան Տորքի մասին։

    Աղայեանը մեծ ժողովրդականութիւն է ձեռք բերել մանկական գրականութեան ասպարէզում։ Մանկական բանաստեղծութիւնների առաջին ժողովածուն՝ «Սրինգ հովուական»-ը, լոյս է տեսել 1882-ին, յաջորդը՝ «Բանաստեղծութիւններ»-ը, 1890-ին։ Հեքիաթներն Աղայեանի ստեղծագործութեան մէջ մեծ կշիռ ունեն։ Նա հեքիաթը համարել է իրական աշխարհի ու կեանքի ճշմարտացի պատկերման, մանուկների դաստիարակութեան կարեւոր միջոց, հետեւողականօրէն պաշտպանել չարը կռուով ոչնչացնելու սկզբունքը։ Նրա հեքիաթների հերոսներն անձնական բարօրութիւնը ստորադասում են հանրային երջանկութեան գաղափարին։ «Անահիտ»-ը (1881) հայ հեքիաթագրութեան լաւագոյն նմուշներից է։

    Աղայեանը հարստացրել է մեր թարգմանական գրականութիւնը ռուս եւ արեւմտաեւրոպական դասական գրողներից կատարած թարգմանութիւններով ու փոխադրութիւններով։ Նա թարգմանել է Ի. Կռիլովի, Ֆ. Շիլլերի, Հ. Հայնէի, Լ. Տոլստոյի, Վ. Շեքսպիրի գործերը։ Առանձնապէս յիշատակութեան է արժանի Ա. Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրութիւնը։

    ՆԱԽԵՐԳԱՆՔ

    Բացուել է գարունը, ջրերը պղտորուել,

    Սար ու ձոր կանաչել, ծաղկով զարդարուել.

    Ծիծեռը գտել է իր բոյնը հերուան,

    Շինում է, կարկատում, դնում նոր ձուան.

    Պաղ օձը տաքցել է, թողել է իր բոյն,

    Սոխակը մնում է վարդի բացուելուն.

    Գուգարաց աշխարհը նոր կեանք է առել,

    Լոքի ու Լալուարի ձիւները հալուել.

    Գետակը Բողնիքի վաղ արշալոյսին

    Յորդացած վշշում է փրփուրն երեսին.

    Անտառում Ուփրեթը՝ ամրոցն Արամեան,

    Զուգուել է, զարդարուել նոր հարսի նման.

    Բուրգերից խնդութեան արցունք է հոսում,

    Կարծես թէ սիրարժան հիւրի է սպասում:

    Ամրոցի տիրուհին՝ չքնաղ ՀԱՅԿԱՆՈՅՇ,

    Դեռ փափուկ անկողնում քնած է մուշ- մուշ.

    Տեսնում է երազում մի մարդ աժդահա,

    Մի գերան ուսին դրած՝ գալիս է ահա.

    Գալիս է աժդահան, ընկնում ոտքերը,

    Ասում է. «Հայկանոյշ, դու ես իմ սէրը.

    Կամ ինձ այս գերանով զարկիր, սպանիր,

    Եւ կամ իմ խնդիրքս լսիր, ընդունիր»:

    Վեր կացաւ տիրուհին փափուկ անկողնից.

    Ինչպէս մի նոր արեւ ծովի խորքերից,

    Ոսկեմազ ծամերը՝ ճաճանչի նման՝

    Ծածկեցին մինչեւ ոտք հասակն աննման.

    Երեք-չորս նաժիշտներ մօտեցան կուսին,

    Տօն օրուայ հագուստով նրան զուգեցին:

    Նոր տեսած երազը գրաւել է նրան,

    Մտքիցը չի ընկնում ահռելի հսկան.

    «Մենք շուտով, ասում է, մէկ հիւր կ'ունենանք.

    Պէտք է նրա առջեւ դուռը չբանանք.

    Ես տեսայ երազում մի մարդ ահարկու,

    Եկել էր ոտքս ընկել՝ իբրեւ փեսացու»...

    - Այդ հսկան, թէ կ'ուզես իմանալ ճիշտը,

    Ասում է ժպտալով նրա նաժիշտը,-

    Երեկուայ գուսանի երգի հերոսն է,

    Պասքամեան աժդահայ Անգեղեան Տորքն է:

    Պարխարեան լեռներում՝ երգչի ասելով՝

    Կենում է մի հովիւ քաջ Տորք անունով.

    Նա մի շատ յաղթանդամ հսկայ է զօրեղ,

    Բայց սիրտը բարի է, թէեւ դէմքն ահեղ.

    (Թող մարդ կոշտ լինի անհարթ սարի պէս,

    Բայց սիրտը չլինի անշունչ քարի պէս),

    Նրան շատ սիրում են թէ մարդ, թէ գազան,

    Առիւծ ու վագրեր են հօտին պահապան,

    Նա խոմ քո ցեղիցդ է, քեզ մօտ ազգակից,

    Մի պապի թոռներ էք եւ մէկ արիւնից.

    Գուսանի ներբողը ազդել է վրադ,

    Երազում տեսել ես ազգակից հսկադ:

    - Դուք պատրաստ մնացէք, ինչ էլ որ լինի,

    Թող վրաս ունենամ իմ թուրն հաւլունի.

    Ամրոցի դռները ամուր փակեցէք,

    Լուացէք գլխներդ, մաքուր հագնուեցէք.

    Ես գիտեմ, երազս պիտի կատարուի,

    Մենք հիւրին կ'ընդունենք, եթէ ներս մտնի,

    Թէ փակած դռնովը ներս գալ կարենայ,

    Այդ նշան կը լինի, որ Քաջ Տորքն է նա:

    Իրաւ որ Քաջ Տորքն էր երազի հսկան,

    Եկ գնանք, ընթերցող, եւ բերենք նրան:

    ԵՐԳ ԱՌԱՋԻՆ

    Ա

    Շատ դարեր առաջ հին Հայաստանում

    Տորք-Անգեղ անուամբ մի մարդ էր կենում:

    Տորքը չէր նման հասարակ մարդու,

    Այլ մի աժդահայ եւ շատ ահարկու.

    Աչքերը կ'ասես մի-մի կապոյտ ծով,

    Ճաճանչաւորուած արեւի լոյսով,

    Սեւ-սեւ ունքերը՝ մութ ամպի նման

    Բարդ- բարդ կուտակուած աչքերի վրան,

    Քիթը կորնթարդ, իբրեւ մի բլուր,

    Ատամներն ուրագ, եղունգները թուր.

    Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,

    Մէջքը սարաժայռ, կռները՝ գերան,

    Մի խօսքով՝ մի դեւ եւ ոչ թէ հսկայ,

    Ոչ ոք տեսած չէր այնպէս աժդահայ:

    Տգեղ էր դէմքը եւ այնքան դաժան,

    Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.

    Ահռելի էր նա եւ այնքան ուժեղ,

    Որ յիսուն գոմէշ չունէին մէկտեղ:

    Նա դեռ պատանի ժայռեր էր ճեղքում,

    Ճեղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում.

    Ճեղքում, յղկում էր քարէ տախտակներ,

    Եղունգով փորում պէս-պէս նկարներ:

    Նա մի հովիւ էր, հովիւ լեռնական,

    Բայց ոչ հասարակ, այլ դիւցազնական,

    Առիւծ ու վագր նրան տեսնելիս

    Սովոր շան նման մօտն էին գալիս.

    Կարծում էին, թէ նա էլ է գազան,

    Եւ նա է իրենց զօրաւոր արքան,

    Փաթաթւում էին քաջի ոտներին

    Եւ կաղկանձելով աղերսում բաժին.

    Նա էլ տալիս էր սնունդ բաւական

    Եւ հօտի վրան կարգում պահապան:

    Ինքն այնուհետեւ գնում էր անտառ,

    Որ սնունդ գտնէ իր ուժի համար:

    Նա պոկոտում էր մեծ ծառեր հատ-հատ

    Ու շինում նրանցից մի մեծ ցանկապատ.

    Անտառի շուրջը պարիսպ էր դառնում.

    Մէջը վայրենիք կաշկանդուած մնում.

    Եւ նա բռնում էր, բռնոտում այսպէս,

    Եղնիկ, եղջերու եւ այլ ինչ ասես:

    Քսան, երեսուն էրե շալակած,

    Գնում էր հօտը յոգնած ու քրտնած.

    Առիւծն ու վագրը դէմն էին գալիս,

    Քաջի ոտքն ընկնում ու բարեւ տալիս

    Եւ խնդրում էին դիւցազն Տորքին

    Մասնակից անել համեղ ընթրիքին:

    Նա չէր շատակեր Շարայի նման.

    Սիրում էր կաթը եւ մածուն ու թան.

    Եւ չէր բարկացկոտ, այլ հեզ ու խոնարհ,

    Բայց Տէրն ազատէր, թէ որ բարկանար...

    Բ

    Մէկ անգամ գիւղում Տորքին զայրացրին,

    «Անգե՜ղ, գէ՜շ Անգեղ», հետքից կոչեցին.

    Էլ չհամբերեց. պոկեց մի մեծ ծառ,

    Աւլեց նրանով ամբողջ գիւղն իսպառ.

    Ասում եմ՝ աւլեց, չկարծէք սրբեց,

    Այլ տուն, գոմ մարագ գետնին հաւսարեց.

    Փախան մարդիկը ճանճերի նման,

    Էլ ո՞վ կը կանգնէր Տորքին յանդիման,

    Այսպէս, երբ նրա բնութիւնն իմացան,

    Էլ այնուհետեւ սրտին չդիպան,

    Այլ մեծ յարգանքով պատուասիրեցին,

    Պարերգ շինելով, գովաբանեցին.

    Տղէք, աղջկէք` ձեռք ձեռքի տուած՝

    Ե՛ւ պարում էին, ե՛ւ գովում Տորքին:

    Էլ այնուհետեւ նրա դէմքն ահեղ

    Առաջուայ նման չէր թւում ահեղ:

    Անգութ չէր Տորքը եւ ոչ էլ անգէտ,

    Լաւ որմնադիր էր եւ ճարտարապետ.

    Ահագին վէմեր նայ բերաւ տաշեց,

    Իր քանդած գիւղը նորմէկանց շինեց.

    Եւ այնուհետեւ իր ուժն ահագին

    Նա գործ էր դնում միշտ դէպի բարին:

    Նրանից առաջ շատ քաղաք ու գիւղ

    Թալանում էին գողերն աներկիւղ,

    Բայց երբ լոյս ընկաւ Անգեղ Տորք հսկան,

    Աւազակները ծակ ու ծուկ մտան:

    Նա չէր գործ ածում ոչ թուր եւ ոչ նետ,

    Միայն իր տեսքով անում էր անհետ.

    Բայց երբ թշնամին երես էր առնում,

    Նա այն ժամանակ ուժին էր դիմում.

    Վերցնում էր քարեր, քարեր ահագին

    Եւ կարկուտի պէս թափում գլխներին:

    Սեւ ծովի կողմից օտար թշնամիք

    Թալանում էին եւ գերում մարդիկ,

    Միշտ գալիս էին անթիւ նաւերով,

    Այն էլ աշկարայ օրը ցերեկով:

    Կողոպտում էին անթիւ գիւղորեք

    Եւ գերի տանում սիրուն աղջկէք:

    Մէկ անգամ եկան խնդրեցին Տորքին,

    Որ գնայ օգնէ խեղճ ժողովրդին.

    Գնաց մեր հսկան, բայց նաւերն արդէն

    Հեռացել էին Սեւ Ծովի ափէն:

    Զայրացաւ Տորքը, գոռաց, մռնչաց,

    Իբրեւ մի առիւծ նետահար եղած.

    Բլրաչափ ժայռեր սարերից պոկեց,

    Փախչող նաւերի հետքից շպրտեց.

    Դղրդաց ծովը, բարձրացան ալիք,

    Նաւերը դառան շարժուն խաղալիք.

    Ահա դարձեալ ժայռ, դարձեալ դղրդոց,

    Շրջւում են նաւերն իբրեւ օրօրոց.

    Էլի մէկ բլուր, մեծ քան զառաջին՝

    Ընկնում է ուղիղ նաւերի գլխին:

    Գնում են կրկին ժայռերը գունդ- գունդ,

    Զարկւում նաւերին եւ տանում անդունդ:

    Ողջ կորան այսպէս աւազակները,

    Դէպի անյատակ ծովի խորքերը.

    Նրանցից միայն մէկն ազատուեցաւ,

    Գլուխը պատռած իր երկիրն հասաւ.

    Եւ այնտեղ այնպէս հրաշքներ պատմեց,

    Որ լսողներին սարսափեցրեց:

    Ահա այս անգութ բարբարոսութեան

    Վերջ տուաւ իսպառ մեր զօրեղ հսկան:

    Գ

    Տորքի անունը շատ հռչակուեցաւ.

    Մինչեւ արքայի ականջը հասաւ.

    Մեծ թագաւորը կանչում է Տորքին,

    Որ պարգեւնէր տայ եւ նայէ դէմքին:

    Գնում է Տորքը՝ մի ծառ ուսին դրած,

    Ծառի ճղներից էրեներ կախած.

    Այնտեղ կար այծեամ ու վայրի ոչխար,

    Եղնիկ, եղջերու, վարազ ու կխտար...

    Տորքի համբաւը առաջ էր գնացել

    Եւ քաղաքացոց նախապատրաստել.

    Խանութ ու կրպակ ողջ կողոպտեցին,

    Փողով փողհարով դիմաւորեցին.

    «Եկա՜ւ, հա՛ եկա՜ւ, գալի՜ս է, գալի՜ս»:

    Ամէնքն էլ իրար իմաց են տալիս.

    Թէ՛ ծեր, թէ՛ մանուկ, թէ՛ աղջիկ, թէ՛ կին,

    Եկան տեսնելու նորեկ հսկային:

    Երբ Տորքը մտաւ մեծ մայրաքաղաք,

    Նրան կարծեցին շարժուն աշտարակ.

    Իրաւ՝ նա ցած չէր աշտարակներից:

    Բուրգ էր նա՝ շինուած անտաշ քարերից:

    Ծառն ուսին դրած գաւազանի պէս,

    Քայլեր էր անում չորս կանգուն ու կէս:

    Այսպէս նա հասաւ մինչեւ ապարանք,

    Արքայի վրայ ազդեց մեծ զարմանք.

    Վայր դրաւ բեռը, բարձրացաւ վերեւ:

    Ծնկաչոք ընկաւ արքայի առջեւ:

    Թագաւորն ասաց. «Ապրի՛ս, ապրի՛ս Տորք,

    Դու չես մի հատ մարդ, այլ մի ամբողջ զօրք»:

    Արքայի ծունկը Տորքը համբուրեց,

    Արքան էլ նրա ուսին ձեռք դրեց:

    Դ

    Լսել էր արքան, որ հսկայ մարդիկ

    Չեն լինում խելօք եւ ոչ էլ ճարպիկ,

    Բայց երբ Տորքի հետ լաւ ծանօթացաւ,

    Նա այս կողմանէ մի նոր գիւտ արաւ:

    Տորքին նա պահեց մօտ երեք ամիս,

    Հետն էր նստեցնում միշտ ճաշ ուտելիս.

    - Ինչպէ՞ս ես կարծում,- մէկ օր հարցրեց

    (Հսկայի խելքը նա փորձել ուզեց),

    Ո՞րն է գերազանց, ո՞ւժը, թէ՞ խելքը:

    - Երկուսն էլ լաւ են, ասաց քաջ Տորքը.

    Փոքրիկ ուժի մէջ չի լինի մեծ խելք,

    Ոչ էլ ուժեղը կը լինի անխելք.

    Բայց ի՞նչ է խելքը, ոչ ոք չգիտէ,

    Անխելքի համար խելօքն անմիտ է:

    Ուրիշ է խելքը գլխապահութեան

    Եւ ուրիշ՝ խելքը յափշտակութեան.

    Այդ ամէնքն ունին՝ թէ մարդ, թէ գազան,

    Թէ խելօք լինի, թէ անմիտ անբան:

    Բայց կայ մի այլ խելք, խելք դիւցազնական,

    Որ հնարում է, ստեղծում է բան,

    Որ մեզ տանում է միշտ դէպի բարին

    Եւ մօտեցնում Արարչի գահին,

    Որ բանեցնում է օդին ու ջրին,

    Ծառայեցնում կրակին, հողին,

    Շինում է գութան, կամն ու ճախարակ,

    Հերկում, մշակում դաշտ ու ագարակ.

    Որ քարին, փայտին տալիս է նոր ձեւ.

    Նոր գործադրութիւն, եւ այն յարատեւ.

    Այս է ճշմարիտ խելքն իմ կարծիքով,

    Մարդը գազանից վեհ է միայն սրանով...

    Զարմացաւ արքան, այլեւ հիացաւ,

    Երբ հսկայ Տորքից այս բանն իմացաւ:

    Ե

    Մէկ օր էլ արքան տեսաւ մեր Տորքին,

    Մէկ բլրաչափ ժայռ բռնել է ձեռքին,

    Ահագին ժայռը շուռ-մուռ է տալիս,

    Կարծես երեխայ լինի խաղցնելիս.

    Ժայռը ճեղքում էր Տորքը ձեռքերով,

    Փորում, փորփրում սուր եղունգներով.

    Փորեց, փորփրեց, տաշեց, տաշտշեց,

    Վերջն արքայի պէս մի արձան շինեց.

    Եւ ինչքա՛ն նման, ինչքա՛ն գեղեցիկ,

    Շորն այնպէս կարել չէր կարող դերձիկ.

    Այնքա՜ն կատարեալ,- ծիրանի հագած,

    Բոլոր զարդերով զուգուած, զարդարուած,

    Գահի վրայ բազմած, թագը դրած գլխին,

    Թուրը քարշ արած, գաւազան ձեռքին,

    Փառահեղ մրքով, մարգարտով հիւսած,

    Երբ տեսաւ արքան, մնաց հիացած:

    Զ

    «Այս ի՛նչ հրաշք է»,- մէկ օր էլ արքան,

    Տորքին նայելով, ասաց ինքն իրան.

    «Փիղը խելօք է, թէեւ ահագին,

    Բայց ո՞վ կը կարծէ, որ այս հսկային

    Աստուած տուել է ե՛ւ խելք, ե՛ւ հասակ,

    Այլեւ նկարչի հրաշալի ճաշակ,

    Արդեօք սէր էլ կա՞յ այս մարդու սրտում,

    Բայց ո՞վ կը սիրէ սրան աշխարհքում.

    Որտե՞ղ կը գտնուի այնպիսի մի կին,

    Որ ուզի դառնալ սրան ամուսին.

    Բայց լաւ կը լինէր, եթէ յաջողեր,

    Մենք կ'ունենայինք քաջ հպատակներ»:

    Այսպէս մտածեց արքան ինքն իրան

    Եւ կանչեց Տորքին, որ խօսեցնէ նրան:

    - «Տո՛րք,- ասաց արքան, - ես չեմ հաւատում,

    Որ սէր ունենաս քո կարծր սրտում»:

    Ժպտաց մեր հսկան, ինչպէս մի ծծկեր,

    Երբ մորից լսէր, թէ արի ծիծ կեր.

    Եւ սրտի սէրը իր վառ կայծերով

    Փռուեց երեսին վարդի թերթերով:

    - «Իսկ ես, արքա՜յ քաջ - ասաց մեր հսկան,-

    Ինձ որ ասէին, թէ կայ մի գազան,

    Մի օձ, մի ծաղիկ կամ մի անշունչ քար,

    Չէի հաւատալ, որ սէր չունենար.

    Երկինք ու գետինք, թէ ցամաք, թէ ծով,

    Բոլոր տիեզերք լցուած է սիրով»:

    - «Տորք, դու խօսում ես իբրեւ սիրահար:

    Ընտրե՜լ ես անշուշտ մէկին քեզ համար»:

    - «Ու՞մ պէտք է ընտրեմ յարմար իմ սրտին,

    Ես դեռ չեմ գտել ինձ համար մի կին,

    Հեռու աշխարհում մեր սերնդից կան,

    Բայց ես չգիտեմ այդ երկրի ճամփան,

    Մէկին տեսնում եմ այնտեղ երազում,

    Որպէս թէ մի խոր ձորում է կենում.

    Ինձ նման անբախտ, ինձ նման մենակ,

    Բայց ոչ ինձ նման տգեղ, այլանդակ.

    Նա գեղեցիկ է եւ շատ գեղեցիկ,

    Ինչպէս նոր ծագած կարմիր արեւիկ»:

    - «Բայց ի՜նչ ես կարծում, այդ գեղեցկուհին

    Կը դառնա՞յ արդեօք քո ընկերուհին»:

    - «Նա ինձ երազում հաստատ խօսք տուաւ,

    Եւ խոստանալով մի պայման դրաւ,

    «Եթէ գաս», ասաց, «կռուես ու յաղթես,

    Դու ինձ կը ստանաս, կ'առնես կը բերես:

    Հիմա չգիտեմ որտե՛ղ կը գտնեմ,

    Որ կռուեմ, յաղթեմ ու առնեմ բերեմ»:

    - «Ես իմաց կը տամ իմ բդեշխներին,

    Նրանք կը գտնեն քո գեղեցկուհին»:

    Տորքն ուրախացաւ, բայց եւ ամաչեց,

    Տղայի նման նա կարմրատակեց.

    Արքայի ծնկան նա համբոյր տուաւ,

    Եւ իսկոյն եւեթ մօտիցը փախաւ:

    Թագաւորն ինքն էլ շատ ուրախացաւ,

    Որ Տորքի սիրոյ գաղտնիքն իմացաւ:

    Է

    Արքան հրաւիրեց կուսակալներին,

    Որ այդ ժամանակ պալատումն էին.

    - «Կ'ուզեմ իմանալ,- ասաց,- մեր երկրում

    Ինչպէ՞ս ցեղեր կան, ինչպէ՞ս են ապրում»:

    (Թագաւորն ինքը չէր մեր աշխարհից,

    Այլ հրաւիրուած մի ուրիշ երկրից).

    «Արդեօք մեր երկրում վաղուայ պէս չկա՞ն

    Խոշոր հսկաներ մեր Տորքի նման»:

    Ամէնից առաջ խօսեց Առանը՝

    Բաղաց աշխարհի զօրեղ իշխանը.

    - «Ո՛ղջ լեր, թագաւոր, մեր երկրում դեռ կան

    Յաղթանդամ մարդիկ՝ ճիշտ Տորքի նման,

    Նրանք կենում են լեռնախորշերում,

    Մթին ձորերում եւ քարայրներում.

    Պնդոցն են քաշւում, որ ազատ մնան,

    Քյոխուի ու գզրի ոչինչ հարկ չտան,

    Տներ են շինում եւ գետնի տակին...

    Անքար ու անփայտ, սարերի միջին.

    Տեսնում ես նաեւ՝ հարթ գետնի տակից

    Ծուխ է դուրս գալիս քառասուն տեղից.

    Շշկլւում է մարդ, թէ սա ի՜նչ բան է,

    Մի՞թէ սա գիւղ է. ով կարծիք կանէ:

    Մի դուռն ես գտնում, մտնում, եւ ահա

    Քսան, երեսուն մարդիկ աժդահայ,

    Մի քանի գերան կրակին դրած,

    Նստած են շուրջը մռութնին կախած.

    Իսկ նրանց մայրը՝ պառաւ աժդահան,

    Դրել է կրակին քառականթ կաթսան,

    Երեք- չորս վարազ ողջ-ողջ մէջն ածած,

    Ճաշ է պատրաստում մէկ թի ձեռքն առած.

    Խառնում է կաթսան թիաշերեփով,

    Ինչպէս մեր կանայք՝ փոքրիկ չամչիկով,

    Տունն ունի նաեւ անթիւ մաղարեք,

    Այնտեղ են լցուած հարսն ու աղջկէք.

    Բոլորն էլ խոշոր, բոլորն էլ հսկայ,

    Թէ մարդ, թէ կնիկ, աղջիկ, թէ տղայ.

    Բայց չեն Տորքի պէս անտաշ ու անկազմ,

    Այլ շատ գեղեցիկ եւ վայելչակազմ»...

    - «Ուղիղ է ասածն Առան իշխանի,-

    Ասաց բդեշխը Գուգարաց երկրի.-

    Մեր հսկաներն էլ ձորերը մտան,

    Որ գզիրներին ոչինչ հարկ չտան.

    Ով որ ասում են, որ գզրի ձայն լսի,

    Նա տեղնուտեղը ձեան պէս կը հալչի.

    Մարդիկ էնդուր են այնչափ մանրացել

    Ու մէջքներից թեքուել, կռացել,

    Որ հարկ են տալիս գզրին ու քյոխուին,

    Այն էլ դրամով, որ բնաւ չունին:

    Մենք չունինք գզիր, քյոխուայ, քեադխուդա,

    Էնդուր ենք մնացել այսպէս աժդահայ»:

    - «Բայց մի՞թէ իրանք դրամի պէտք չունին»,-

    Հարցրեց արքան Լոռու բդեշխին:

    - «Դրամը պէտք է սնունդի համար,

    Որ գնեն սնունդ եւ հագուստ յարմար.

    Երկուսն էլ ունին, ունին վար ու ցան,

    Ունին խոզ, ոչխար, լծկան ու կթան.

    Ունին վուշ, բամբակ ու որդ շերամի,

    Զանազան ներկեր եւ որդն կարմրի.

    Կանայք մանում են, ներկում ու գործում,

    Սիրուն հագուստով զուգւում, զարդարւում.

    Նոյնպէս հագցնում են բոլոր միւսներին,

    Գործում են գորգ, շալ եւ տան անկողին

    Եւ այլ ամենայն մանր ու խոշոր բան,

    Ինչ որ գործւում է եւ պէտք է մի տան:

    Ունին եղ ու մեղր եւ մածուն ու թան,

    Միրգ, յունդ, արմտիք, բանջար զանազան.

    Աղբիւրներ ունին վճիտ, սառնորակ,

    Վիրաբուժութեան գիտեն դեղ, ճարակ.

    Իսկ ինչ որ չունին եւ պէտք է իրանց,

    Փոխանակելով տալիս են միմեանց:

    Գինի եւ օղի նրանք չեն խմում,

    Մոլութիւններից³³ հեռու են կենում,

    Եւ ապրում էլ են նրանք շատ երկար,

    Ոչ մէկը չկայ հիւանդոտ, տկար:

    Բոլոր անդամներն ամբողջ համայնքի

    Զաւակ են կարծւում մի ընտանիքի.

    Այսպէս միաբան, սերտ սիրով կապուած,

    Մէկմէկու համար գլուխ ետ դրած,

    Շատ հիւրասէր են եւ մեծահոգի.

    Խիստ աւանդապահ եւ առաքինի»...

    -«Բայց մեզ ի՞նչ օգուտ այդ հսկաներից,

    Երբ որ փախչում են հարկահաններից»:

    - «Հարկից խորշում են, բայց ոչ կռուելուց,

    Ոչ հայրենիքի պաշտպան լինելուց.

    Ունին ահագին աղեղ, պարսատիկ³⁴,

    Կռիւ են գնում՝ ինչպէս հարսանիք.

    Քարեր ու նետեր կարկտի նման

    Թափում են կռուող թշնամու վրան.

    Իսկ երբ քար ու նետ չունին

    Enjoying the preview?
    Page 1 of 1