Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ամանեջ
Ամանեջ
Ամանեջ
Ebook286 pages3 hours

Ամանեջ

Rating: 5 out of 5 stars

5/5

()

Read preview

About this ebook

Սեւակի մեծապես սիրված ու գնահատված պոեզիային զուգահեռ գրված ու, ցավոք, անավարտ այս արձակ էջերը «բանաստեղծի արձակ» չեն, վիպասանի արձակ են, բայց հաճելիորեն խաղացկուն, նուրբ հեգնանքով — հայ վեպի ավանդներին հավատարիմ, բայց եւ նորացման նոր փուլ նախանշող։
Վեպը հրատարակվում է ըստ հեղինակի արխիվի։

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 2, 2019
ISBN9780463347225
Ամանեջ

Related to Ամանեջ

Related ebooks

Reviews for Ամանեջ

Rating: 5 out of 5 stars
5/5

1 rating0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ամանեջ - Պարույր Սեւակ

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    ԱՄԱՆԵՋ

    վեպ

    Երևան — 2019

    ՀՏԴ 891.981-31 Սևակ

    ԳՄԴ 84Հ-44

    Տեքստը պատրաստեց և ծանոթագրեց Սևակ Ղազարյանը

    Խմբագիր՝ Արմեն Ղազարյան

    Սևակ, Պարույր Ռ.

    Ամանեջ։ [Վեպ] / Պ. Սևակ։ Էլեկտրոնային տարբերակը հրատարակության պատրաստեց Մ. Յավրումյանը, տառատեսակը՝ Ռ. Թարումյանի (Արիան Գրքի)։ Երրորդ, էլեկտրոնային բարելավված հրատարակություն.— Եր.։ Յավրուհրատ, 2019.— 208 էջ։

    Սևակի մեծապես սիրված ու գնահատված պոեզիային զուգահեռ գրված ու, ցավոք, անավարտ այս արձակ էջերը «բանաստեղծի արձակ» չեն, վիպասանի արձակ են, բայց հաճելիորեն խաղացկուն, նուրբ հեգնանքով — հայ վեպի ավանդներին հավատարիմ, բայց և նորացման նոր փուլ նախանշող։

    Վեպը հրատարակվում է ըստ հեղինակի արխիվի։

    ԳՄԴ 84 Հ-44

    ISBN 978-9939-837-13-0

    еISBN 978-0463-3-4722-5

    © Ղազարյան Արմեն, 2014

    © Ղազարյան Սևակ, 2014

    © Յավրուհրատ, 2019 (հրատ.)

    Բոլոր իրավունքները վերապահված են։

    Այս հրատարակության ցանկացած ձևով և եղանակով (էլեկտրոնային, մեխանիկական, պատճենահանման, ձայնագրման և այլն) մասնակի կամ ամբողջական վերարտադրությունը, տարածումը, պահպանումը որոնողական համակարգերում առանց հրատարակչի գրավոր թույլտվության արգելվում է։

    Այս գիրքն արտոնված է միայն անհատական էլեկտրոնային սարքավորումներում ընթերցանության համար։

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    Հրատարակության մասին

    Նախաբան

    Ամանեջ

    Առաջին մաս

    Գլուխ առաջին

    Գլուխ երկրորդ

    Գլուխ երրորդ

    Գլուխ չորրորդ

    Գլուխ հինգերորդ

    Գլուխ վեցերորդ

    Գլուխ յոթերորդ

    Ինչպես «պատահեց»

    Վերջաբան

    Ծանոթագրություններ

    ՆԱԽԱԲԱՆ

    1967 թվականին տված մի հարցազրույցում Պարույր Սևակն ասում է. «Երազում եմ գրել արձակ...» (տե՛ս «Ավանգարդ», 14.12.1967 թ.)։ Եվ իսկապես, ուսումնասիրելով գրողի արխիվային անտիպ նյութերը, սևագրերը, զանազան գրառումներն ու նշումները, կասկած չի մնում նրա խոստովանության իսկության մեջ։

    Իր կյանքի ամենատարբեր շրջաններում (1940-ական, 1950-ական և անգամ 1960-ական թվականներին) Պ. Սևակը ոչ միայն երազում է, այլև փորձում է իրագործել իր երազանքը (և մասամբ իրագործում է)։

    Իրագործում է, որովհետև գրում է «Ամանեջ» վեպը։ Իրագործում է մասամբ, որովհետև, ցավոք, վեպը թողնում է անավարտ։

    Սևակն այս վեպի վրա սկսում է աշխատել դեռևս 1948 թվականից։ Սակայն աշխատանքները ընթանում են բավական դանդաղ, ժամանակային մեծ ընդհատումներով։ 1948-1949 թթ. Սևակը գրում է ընդամենը 14 թերթ, որոնք սոսկ նախնական սևագրություններ են և ոչ ավելի։

    Վեպի հաջորդ սևագիր փորձերը Սևակը կատարում է միայն 1954 թվականին, թեև չի բացառվում, որ եղել են նաև ավելի վաղ շրջանի գրառումներ (1949-1954 թվականների միջև ընկած ժամանակահատվածում), որոնք, սակայն, չեն պահպանվել։

    1954 թ-ից Սևակը սկսում է լրջորեն աշխատել վեպի վրա և արդեն ոչ թե դեպքից դեպք, այլ համակարգված, գլուխների բաժանելով։ Այդ սևագրերը ծավալային առումով նկատելիորեն գերազանցում են բոլոր նախորդ սևագիր տեքստերին. ըստ էության վեպի կմախքը ստեղծվում է հենց այդ ժամանակ։

    Վիպական շարադրանքը Պ. Սևակը կատարում է ոչ թե առանձին թերթերի վրա, ինչպես անում էր 1940-ականների վերջին, այլ հատուկ նոթատետրերում։ Դրանք կրում են «Կարապետ Խաչատրյան» (Կարապետ Խաչատրյանը վեպի հերոսներից է) ընդհանուր խորագիրը։ Այսպիսի երեք բլոկնոտներ են եղել, որոնցից առաջինը արխիվում չկա, պահպանվել են միայն երկրորդը և երրորդը, որոնց թերթերը հեղինակի կողմից համարակալված են։

    II նոթատետրը էջանշված է 46-95 (նախորդ 45 էջերը ամենայն հավանականությամբ պիտի լինեն I բլոկնոտում) և լրացված է ամբողջությամբ։ Պ. Սևակը II բլոկնոտի վրա սկսել է աշխատել 30.XII.1954 թ-ից և ավարտել է 12.I.1955-ին։

    Նույն օրը, այսինքն՝ 1955 թ-ի հունվարի 12-ին սկսել է գրել III բլոկնոտը։ Այն շարունակում է II բլոկնոտը 96-րդ էջից և ընդհատվում է 122-րդ էջում (բլոկնոտի վերջին 5 էջերում վիպական տեքստ չկա. այստեղ Սևակը տարբեր գրառումներ ու նշումներ է կատարել)։

    III նոթատետրը, սակայն, ի տարբերություն նախորդի, գրվել է շատ ավելի երկար ժամանակահատվածում՝ շուրջ երկու տարում. 96-102 էջերը հեղինակը գրել է 1955 թ-ի հունվարի 12-ին, 102-105 էջերը՝ 1955-ի նոյեմբերի 16-ին (տասն ամիս անց միայն), 106-109 էջերը գրվել են արդեն 1956 թ-ի մարտի 1-ին, իսկ հաջորդ 109-122 էջերը ևս մեկ տարի անց՝ 1957 թ-ի հունվարի 4-13-ին։

    Ինչպես տեսնում ենք, 1955 թվականի հունվարի 12-ից հետո Պ. Սևակը տևական ժամանակ՝ շուրջ 10 ամիս, դադարեցնում է վեպի շարադրանքը։ Դադարեցնում է, որովհետև այդ ընթացքում սկսում է մաքրագրել մինչ այդ սևագրածը։

    Ցավոք, հնարավոր չէ որոշել մաքրագրությունը սկսելու ստույգ ամսաթիվը. մաքրագիր տեքստի ձեռագիր 149 էջերից ոչ մեկում որևէ թվագրում չկա։ Սակայն մոտավորապես հնարավոր է պարզել, թե երբ է ավարտվել մաքրագրությունը։ 1955 թ-ի հոկտեմբերի 25-ին Մոսկվայից Մայա Ավագյանին գրած անտիպ նամակում կարդում ենք. «... Վեպիս քեզ ծանոթ հատվածներն եմ արտագրում (մոտ 150 էջ արտագրել եմ, մի քանի օրից կվերջացնեմ)...» (ընդգծումն իմն է — Ս. Ղ.)։ Այս «մոտ 150 էջ»-ը բնագրի ձեռագիր 149 էջերն են, որոնք A4 չափսի թերթերի վրա հասցրել է մաքրագրել հեղինակը։

    Մաքրագիր տեքստը բաղկացած է «Առաջին մաս»-ի մուտքից և հինգ գլուխներից։ Սևագիր տարբերակում այս գլուխների դասավորվածությունը և հերթականությունը այլ է։ Մաքրագրելիս ստեղծագործությունն ավելի արտահայտիչ, հերոսների կերպավորումը և զարգացումը առավել հետևողական և տրամաբանական դարձնելու նպատակով Պ. Սևակը լրջորեն խմբագրել է վեպը։ Խմբագրական այդ աշխատանքի կարևորագույն մասը արտահայտել ենք ծանոթագրություններում։

    1955-ի հոկտեմբերի վերջին Սևակն ընդհատում է վեպի մաքրագրությունը։ Նոյեմբերի կեսերից նա կրկին վերադառնում է սևագրությանը (III բլոկնոտին) և գրում է նոր, գրեթե ավարտուն հատվածներ՝ մաքրագրի հինգ գլուխներին ավելացնելով ևս երեքը։

    Սակայն, անհայտ պատճառներով, Պ. Սևակը ոչ միայն չի մաքրագրում այդ սևագրությունները, այլև կիսատ է թողնում մաքրագրելու աշխատանքն ընդհանրապես։ Մաքրագիր տեքստի վերջին՝ 149-րդ էջում չկա հերթական որևէ գլխի կամ բաժնի ավարտն ազդարարող սևակյան նշանը (ի դեպ նույն հանգուցանման նշանը Սևակը դնում էր նաև իր բանաստեղծությունների վերջում, եթե ստեղծագործությունն ավարտված էր համարում)։

    Փաստորեն III բլոկնոտի այն հատվածները, որոնք հեղինակը գրում է 1955-ի նոյեմբերի 16-ից սկսած և հետո, մաքրագիր չեն մտել, ավելի ճիշտ՝ չեն հասցրել մտնել։ Այնինչ նոր գլուխ-հատվածները գեղարվեստորեն հաջողված են և որոշակի մշակման ենթարկվելուց հետո անպայման իրենց տեղը պիտի գտնեին մաքրագրում։

    Վեպը տպագրվում է մաքրագրից, սակայն, հաշվի առնելով սևագրությունների թե՛ արժեքավորությունը, թե՛ կապվածությունը բնագրին՝ նպատակահարմար գտանք մաքրագիր և սևագիր տեքստերը (տեքստերի ավարտուն հատվածները) տպագրել ոչ թե անջատ-անջատ, իրարից կտրված, այլ միասին՝ աշխատելով պահպանել հեղինակի մտահղացումն ու մտադրությունը այս կամ այն հատվածի տեղակայման վերաբերյալ։ Սևագիր հատվածները տպագրվում են շղատառ։

    Յուրաքանչյուր մաքրագիր և սևագիր գլուխ ու հատված ծանոթագրված է. պարզաբանվում է՝ երբ է գրվել այն, կիսատ է մնացել, թե ոչ, ինչու է դրվել վիպական տեքստի տվյալ մասում և ոչ թե այլ տեղ։

    Հիմնականում պահպանել ենք հեղինակային կետադրությունը՝ երբեմն նաև անսովոր կամ ռուսերենից ներմուծված (1950-ականներին Պ. Սևակը սովորում, հետո էլ աշխատում էր Մոսկվայում), ուղղվել են միայն բացահայտ վրիպակները և չխմբագրված-սևագիր հատվածների կետադրությունը։ Վիպական այն հատվածներում, ուր հեղինակը դնում է առոգանության նշաններ, ավելացրել ենք պակասողները։ Մեծ մասամբ պահպանել ենք նաև հեղինակի ուղղագրությունը. շտկել ենք մի քանի բառերի գրությունը միայն։ Աստված, Սուրբ, Տեր, Զատիկ և նման բառերը ներկայացված են արդի ուղղագրությամբ։ Քառակուսի փակագծերի մեջ ենք դրել ենթադրաբար վերականգնված բառերը և հեղինակի կողմից կիսատ գրված բառերի շարունակությունը։

    Նպատակահարմար ենք գտել վերջում ներկայացնել նաև համառոտ մի բառարան, ուր ընդգրկված են ոչ միայն բարբառային, օտարալեզու (թուրքերեն ու ռուսերեն), այլև այսօրվա ընթերցողին թերևս անհասկանալի բառեր ու դարձվածքներ։

    ՍԵՎԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ

    ԱՄԱՆԵՋ

    ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

    ¹

    Գյուղը կոչվում էր Ամանեջ և հիմա, երբ աշխարհը տակնուվրա էր լինում, տարաձայնությունների տեղիք չէր տալիս։

    Բայց կար մի ժամանակ, երբ վերջին հարդաշյուղը մարագներում տեղավորելուց, տարեկան աղունը ջրաղացից ոմանք ճռճռան սայլերով, ոմանք էշով տուն բերելուց հետո, երբ դրսում ջուրն արդեն սառցակալում էր, իսկ ներսում վառվում էր թոնիրը՝ ավելի ծուխ, քան ջերմություն տալով,— մինչև կանայք թոնիրները քուշեին², գյուղացիք, պարապությունից մղված, հավաքվում էին Շունշալակողենց դուքանի³ առաջ և այնտեղ, Գառնու անմահական գինու ու Շունշալակողենց կրտսեր հարսի մոտիկությունից ոգևորված, բորբոքում էին հին վեճը, որ միշտ սկսում էր որսկան Մելքոնը։

    Դարբին Հովակիմը, որ առանձին բավականություն էր զգում որսկանի հետ վիճելուց, թեպետև ընդհանրապես վեճի հետ գլուխ չուներ, որովհետև վեճի մեջ փլավ չեն բաժանում,— դարբին Հովակիմը այդ վեճում հենվում էր ճեմարանցու հեղինակավոր բացատրության վրա։ Իսկ լուսահոգի ճեմարանցու կարծիքով Ամանեջ նշանակում էր ամանամեջ։

    Թվում է, թե, իսկապես, է՛լ վիճելու բան չի մնում, որովհետև հայ քրիստոնյայի լեզվով ամեն ինչ հասկանալի է։ Բայց արի ու տես, որ որսկան Մելքոնը այլ կերպ է մտածում։

    Նրա կարծիքով Ամանեջը առաջացած պիտի լինի «աման» և «հեչ» բառերի միացումից, իսկ թե ինչ է նշանակում՝ ո՛չ գիտեր, ո՛չ էլ ուզում էր իմանալ — նրան պարզապես հետաքրքրում էր վեճը։ Եթե լուսահոգի ճեմարանցու պես քերականություն ու ճարտասանություն սովորած լիներ, որսկանը թերևս կարողանար բացատրել, որ այդ երկու բառերն էլ ձայնարկություններ են՝ առաջինը վախ, իսկ երկրորդը անտարբերություն արտահայտող, և որ, այսպիսով, Ամանեջ կնշանակի մի գյուղ, որին հազար ու մի աղետներ են սպառնում («ամա՜ն»), բայց վերջ ի վերջո նրան ոչինչ էլ չեն կարող անել («հե՜չ»)։ Սակայն — սատանայի բան է — որսկանը քերականություն ու ճարտասանություն չէր սովորել և եթե շահախնդիր էր Ամանեջ անունը ստուգաբանելու գործում, ապա այն պատճառով, որ վիճելու համար մի հատ էր և, բացի դրանից... ատամ ուներ ճեմարանցու գերդաստանի դեմ — դաղված էր նրանցից — տարիներ առաջ ուզել էր նրանց աղջիկը և մերժվել։ Բայց, անկախ սրանից էլ, որսկանը համոզված էր, որ ճեմարանցու խելքի մի տախտակը շատ կարդալուց պակասել էր. թե չէ խելքը գլխին մարդը ո՞նց կարող էր պնդել, թե օսմանցուց, պարսիկից, ռուսից, ինգլիզից ու... հայ մելիքներից բացի, ուրիշ տերություններ էլ կան աշխարհում, զորօրինակ՝ ամրգանը, ֆրանցուզը, գերմանա փաշան և — Աստված հեռո՜ւ տանի — էլի ուրիշներ։

    Որսկանի այս փաստարկը շատերին էր շփոթեցնում, քանի որ ամանեջցիներն իսկապե՛ս միայն հինգ պետություն գիտեին աշխարհում՝ ռուսինը, օսմանցունը, պարսիկինը, ինգլիզինը և մեկ էլ... հայ մելիքներինը, ըստ որում ոչ ոք էլ չգիտեր, թե այս վերջինները որտեղ են իշխում։ Բայց դարբին Հովակիմը այլ դիրք ուներ ճեմարանցու նկատմամբ։ Նրա կարծիքով՝ տիրացու Ղազարը — Աստված նրա հոգին լուսավորի — շատ գիտուն մարդ էր, երկինք-գետին քննած, հասկացած։ Նա նույնիսկ տեր Սողոմոնից էլ խելոք էր, մի խոսքով.

    — Վարդապետի խելք ուներ։

    Որ ճեմարանցին երկինք-գետին քննել էր, դարբին Հովակիմի համար կասկածից վեր էր։ Չէ՞ որ ողորմած հոգին դեռ, է՛հ, քանի՜ տարի առաջ գուշակել էր էս օրերը. թագավորը թագավորի վրա կելնի, արյան հեղեղ կհոսի, աշխարհը շուռ կգա...

    — Չէ՛, մարդու տղան փիլիսոփա էր։ Ամեն ինչ էլ հո եղավ։ Էս է, հա՜, մի տարի է՝ արյունը ոտ առել գնում է, արար աշխարհքը տակն ու վրա է լինում, թագավորը թագավորի հետ կիսելիք ունի, մեջտեղը մեր տղերքն են ոտքի տակ գնում⁴...

    Վեճը՝ վեճ, բայց ճիշտ էր, որ Ամանեջն իրեն շրջապատող լեռներով ափսեի տեսք ուներ։

    Կարմիր սարն ու Շեկ սարը⁵, Լճասարն ու Քեշիշվերան դաղը բոլորում են այն փոքրիկ, հարթավայր կոչվելու համար շա՜տ փոքրիկ տափարակը, որտեղ Ամանեջն է գտնվում։

    Տափարակի կենտրոնով հոսում է մի ջրառատ գետակ, որ սկիզբ է առնում Ամանեջի սահմաններից ու կորչում նրա սահմաններում։ Թող թյուրիմացություն չառաջանա. ո՛չ Ամանեջն է այնքան մեծ, ո՛չ էլ գետակն է այնքան փոքր։ Բանն այն է, որ Ամանեջը շատ հետաքրքրական դիրք ունի։

    Եթե, օրինակ, դուրս գաք գյուղի կենտրոնից, որ կենտրոն է դարձել ոչ միայն նրա համար, որ այնտեղ է գտնվում Շունշալակողենց դուքանը, այլև այն պատճառով, որ այնտեղ է գտնվում նաև գյուղի գլխավոր աղբյուրը՝ «քյարեզը»⁶,— եթե դուրս գաք գյուղի կենտրոնից՝ կուզեք «քյարեզից», որտեղ հիմա՝ ձմեռնամուտից առաջ, կանայք իրենց փալաս-փուլուսն են լվանում, և կամ Շունշալակողենց դուքանից, որի դռանը գյուղացիք շարունակում են վիճել գյուղի անվան շուրջ,— ապա շուտով կհասնեք Հուլունքադար, որի վրա բազմած է հնադարյան մի վանք՝ Սուրբ Կարապետը։

    Հուլունքադարի բարձունքից, առավել ևս վանքի գմբեթից, ուր կարելի է բարձրանալ քարե բոլորաձիգ սանդուղքներով, անհնար է չտեսնել, որ գյուղն իսկապես ունի խոր ափսեի ձև. շուրջանակի բոլորված լեռները, բուրգերի պես համարյա թե իրար կպչելով, որքան պաշտպանում, նույնքան էլ բանտարկում են Ամանեջ գյուղը։ Նույնքան էլ բանտարկում, որովհետև հենց որ վրա է հասնում լեռնային երկարատև ձմեռը, հենց որ տեղում է հորդառատ ձյունը, բուքն ու բորանը լցնում են կիրճերն ու քարափները, փակում լեռնային կածաններն ու արահետները, և Ամանեջը կտրվում է ամբողջ աշխարհից։ Ու մնում են մի բուռ մարդիկ՝ բանտարկված իրենց խոր «աման»-ի հատակում, նրա չմագլցվող բարձր «պռունկների» մեջ. մնում է մի փոքրիկ գյուղ՝ ապաստանած իր ծխառատ թոնիրներին ու մրոտ օճորքներին⁷, անգործությունից ծնված իր շատախոսությանն ու պարապ վեճերին. մի փոքրիկ գյուղ՝ իր փոքր ու մեծ հոգսերով, ուրախություններով ու ցավերով,— մի փոքրիկ գյուղ ու մի թխպոտ երկինք, որ հսկայական խուփի պես փակում է «աման»-ի բերանը, փակում չորս-հինգ ամսով, մինչև որ բացվի գարունը, մինչև որ ձնհալի պղտոր ջրերը հեղեղվեն ու հասնեն հեռավոր Արաքս, ու բացվեն լեռնային արահետներն ու կածանները...

    Այսպիսին է Ամանեջը, և այդ ո՞ր խելոքը գյուղի դիրքին նայելիս կարող է նրան ոչ թե «Ամանեջ», այլ, ինչպես որսկան Մելքոնն է ուզում, «Աման-հեչ» կոչել։

    Այստեղ Մահտեսու թոռը սղալում⁸ է իր թավ միրուքը և աչքը ճպպացնում⁹։ Գյուղացիք էլ ծիծաղում են քահ-քահ, ուղիղ որսկանի քթի տակ՝ թարգմանելով դարբնի աչքի ճպպոցը.

    — Ավչի¹⁰ Մելքոն, ավդ¹¹ թռա՜վ, տանո՜ւլ տվիր։

    Թվում է, թե հարցը վճռված է Աստծու կամեցողությամբ։ Բայց այդտեղ պատահում է անսպասելին. սափորը ուսին, օձի պես գալարվող ծամերը կոնքերի վրա՝ «քյարեզ» է գալիս Շունշալակողենց կրտսեր հարսը՝ Սրբուհին։ Կին չէ՝ սարի պախրա։ Պախրա, եղնիկ, այծյամ — «ա՜վ»։

    Եվ դա էլ հենց այն վայրկյանին, երբ քահ-քահ հռհռացող գյուղացիք բացակաչում են.

    — Ավչի Մելքոն, ավդ թռա՜վ...

    «Ավ»-ը, երևի կարծելով, թե ակնարկն իրեն է վերաբերում, շուռ է տալիս գեղեցիկ վիզը և իր հրացայտ աչքերով, որ կայծկըլտում են նույնիսկ հաստ քողի տակից, մի պահ նայում է որսկանին («կրակե՜ց»,— անցնում է Մելքոնի մտքով), հետո մի արհամարհող շարժումով շուռ է տալիս գլուխը և շտապում ջրի։

    Որսկանն այստեղ բարկությունից գույն տալիս-գույն առնում ու ձեռքը տանում է ուսին՝ ասես հրացանը ցած բերելու համար (որսորդի բնազդական շարժում) և, ոչ այս-ոչ այն, այնպես է գոռում, որ հեռացող «ավ»-ը լսի.

    — Մահտեսո՛ւ թոռ, դու բան չես հասկանում, դու էշի գլուխ ես, ուրիշ ոչինչ։

    Դուքանի դռանը հավաքվածներից քչերին է զարմացնում Մելքոնի հանկարծակի բռնկումը — Շունշալակողենց կրտսեր հարսը միայն որսկանին չէր գլխահան արել... Բայց դե իզուր տեղը կռի՞վ գցել, այն էլ այստեղ՝ Շունշալակողենց դուքանի առաջ։ Եվ բանիմաց մարդիկ մեջ են մտնում ու կանխում տուրուդմբոցը. մեկը բռնում է Մելքոնին, մնացածները՝ Հովակիմին, որը, իբրև անտեղի տեղը վիրավորված կողմ, բնականաբար, ավելի է հակված խոսքի հարվածին բռունցքի հարվածով պատասխանելուն։ Վերջապես համոզում են նրան։

    Իբրև մեծագույն արհամարհանք՝ նայելով ոչ թե Մելքոնին, այլ միայն նրա կողմը, դարբին Հովակիմը փնչում¹² է իր փուքսի նման.

    — Թող մատաղ լինի մատաղի տեղերին...

    Ճիշտ է, նրա այս խոսքերը հնչում են իբրև սպառնալիք (Ամանեջում դրանք այլ կերպ չեն հնչում), բայց իբրև մի սպառնալիք, որ հետաձգվում է անորոշ ժամանակով։

    Բանը գուցե այդքանով վերջանար էլ, եթե չճռռար Շունշալակողենց դարպասը, ու դուրս չգար Վռամը՝ ինքը դուքանդարը¹³։ Ի՞նչ է, հո չպիտի տեգրոջ մոտ կռիվ սարքեին նրա հարսի պատճառով։

    Տեսնելով հավաքվածներին, կատարվածին անտեղյակ՝ Վռամը դեռ հեռվից ժպտում է.

    — Մուշտարիքս շատացե՜լ են։

    — Մատաղ տուր Զատկի ցրտերին,— վրա է բերում որսկանը՝ չգիտես ինչու շտապելով։

    — Ջուղաբը¹⁴ ավչո՜ւն,— միաբերան գոռում են հավաքվածները։

    — Ա՛տվեչիտ¹⁵ կանե՞ս, ա՛խոտնիկ¹⁶,— նրանց թուրքերենը ռուսերենի է վերածում Վռամը։

    — Եթե Հովակիմն ուզի,— մի պահ դանդաղելով՝ ասում է Մելքոնը և անկեղծ զղջումով նայում դարբնի կողմը։

    Սա էլ, ժպիտը խեղդելով, առաջինն ինքն է մտնում դուքան, որ բաց է անում Վռամը գոտուց կախ ընկած ժանգոտ բանալիով։

    Մելքոնը օղի է գնում, Վռամը տանից լավաշ ու պանիր է բերել տալիս, ու հենց այդտեղ էլ՝ դուքանում, սկսում են օղին անուշ անել։ Առաջին բաժակով Մելքոնից շնորհակալություն են հայտնում հյուրասիրության համար. երկրորդը խմում են այն բանից հետո, երբ, իբրև հաշտության նշան, որսկանն ու դարբինը ճարահատ բաժակ բաժակի են տալիս. երրորդը խմելուց առաջ Մահտեսու թոռը գովում է Վռամի «սպիտակ ձին», այսինքն՝ օղին, և ուզում է խոսք գցել նաև «կարմիր ձիուց», այսինքն՝ գինուց, բայց որսկանը կտրում է նրա խոսքը ու վերադառնում վեճին.

    — Չէ՜, մի դեռ ասա՛, Մահտեսո՛ւ թոռ, էդ ո՞նց է Ամանամեջը Ամանեջ դառել, բա էն մեջտեղի տառե՞րը։

    — Արաղը քոնն է, խոսքն էլ՝ քոնը,— պատասխանում է դարբինը հաղթողի վեհությամբ։

    Սառը օղին տաքացնում է վիճողների գլուխն ու միտքը. նրանք տաքանում են ավելի, որքան որ օղին նվազում է շշի մեջ, և վեճը շարունակվում է՝ միշտ պտտվելով միևնույն «հնչյունաբանական առանցքի շուրջ»։

    Այստեղ օգնության է գալիս ինքը՝ դուքանդար Վռամը՝ հարցը փոխադրելով «իմաստաբանական հողի վրա»։ Այս բանն անելու համար նա բավականաչափ հիմք է ունեցել. նախ՝ իբրև ճեմարանցու գերդաստանի փեսա, բնականաբար, շահագրգռված է եղել նրա կարծիքի իրավացիությունը հաստատել, և ապա, որ կարևոր է, իբրև դուքանդար հրաժարվելով օղու երկրորդ (և հաջորդ) բաժակներից՝ պահպանելիս է եղել մտքի պայծառությունը.

    — Աման-հե՜չ,— ի՞նչ հասկացար դրանից, ա՛յ ավչի։ Էդ մեկ է, թե քամին Ալագյազից փչի։ Բան ունես՝ բան ասա։

    Որսկանին մի պահ թվում է, որ, իսկապես, ասելու բան չունի, իսկ հաջորդ վայրկյանին Մահտեսու թոռը, գտած լինելով մտքի կորցրած թելը, բռնում է Մելքոնի օձիքից.

    — Ճի՞շտ է, որ էս քանդված գյուղը տափարակի մեջ է։

    Որսկանը դանդաղում է այս անհերքելի ճշմարտությունը հաստատել։

    — Ճի՞շտ է, թե չէ, քե՛զ հետ եմ։

    — Է՛հ, ասենք թե ճիշտ է, հետո ի՞նչ։

    — Ճի՞շտ է, որ գյուղի չորսբոլորքը սարեր են։

    — Է՛հ, ասենք թե,

    Enjoying the preview?
    Page 1 of 1