Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ուսամա. վերջին փոխակերպումը
Ուսամա. վերջին փոխակերպումը
Ուսամա. վերջին փոխակերպումը
Ebook244 pages1 hour

Ուսամա. վերջին փոխակերպումը

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

2001-ի սեպտեմբերի 11-ին աչք չէր լինում կտրել հեռուստացույցի էկրանից։ Նյու Յորքում այրվում էին, ապա փլուզվեցին երկվորյակ երկնաքերները, որոնք քաղաքացիական ինքնաթիռները խոցել էին ասես ֆանտաստիկ թրիլերում։ Անմիջապես էլ աշխարհով մեկ տարածվեց «թրիլերի» հեղինակի անունը՝ Ուսամա բեն Լադեն։ Ի՞նչ շարժառիթներով էր նա ԱՄՆ-ին պատերազմ հայտարարել, ունե՞ր անձնական կյանք, թե՞ ամբողջովին, մոլեռանդորեն նվիրված էր իր գաղափարներին... Ունեցե՞լ էր որեւէ կապ հայերի հետ։ Մայքլ Տիբոյի եւ Վահրամ Մարտիրոսյանի «Ուսամա. վերջին փոխակերպումը» վեպը յուրատեսակ գեղարվեստական հետազոտություն է թիվ մեկ հանցագործ հռչակված մարդու մասին, որը կարողացավ տարիներով թաքնվել հզորագույն հետախուզություններից, ինչպես եւ բարդությունների ու ցնցումների մասին, որ հարուցեցին աշխարհում նրա ծրագրած գործողությունները։

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 28, 2020
ISBN9780463321591
Ուսամա. վերջին փոխակերպումը

Read more from Վահրամ Մարտիրոսյան

Related to Ուսամա. վերջին փոխակերպումը

Related ebooks

Reviews for Ուսամա. վերջին փոխակերպումը

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ուսամա. վերջին փոխակերպումը - Վահրամ Մարտիրոսյան

    Մայքլ Տիբո

    Վահրամ Մարտիրոսյան

    ՈՒՍԱՄԱ. վերջին փոխակերպումը

    վեպ

    Երևան 2020

    ՀՏԴ 821.19֊8 Մարտիրոսյան

    ԳՄԴ 84(5Հ)֊44

    Մարտիրոսյան, Վահրամ Պարույրի

    Ուսամա. վերջին փոխակերպումը։ [Վեպ] / Վ. Մարտիրոսյան։ Էլեկտրոնային տարբերակը հրատարակության պատրաստեց Մ. Մ. Յավրումյանը, տառատեսակը՝ Ռ. Թարումյանի (Արիան Գրքի), շապիկը՝ Գ. Խաչատրյանի։ Էլեկտրոնային հրատարակություն.— Եր.։ Յավրուհրատ, 2020.— 171 էջ։

    2001-ի սեպտեմբերի 11-ին աչք չէր լինում կտրել հեռուստացույցի էկրանից։ Նյու Յորքում այրվում էին, ապա փլուզվեցին երկվորյակ երկնաքերները, որոնք քաղաքացիական ինքնաթիռները խոցել էին ասես ֆանտաստիկ թրիլերում։ Անմիջապես էլ աշխարհով մեկ տարածվեց «թրիլերի» հեղինակի անունը՝ Ուսամա բեն Լադեն։ Ի՞նչ շարժառիթներով էր նա ԱՄՆ-ին պատերազմ հայտարարել, ունե՞ր անձնական կյանք, թե՞ ամբողջովին, մոլեռանդորեն նվիրված էր իր գաղափարներին... Ունեցե՞լ էր որևէ կապ հայերի հետ։

    Մայքլ Տիբոյի և Վահրամ Մարտիրոսյանի «Ուսամա. վերջին փոխակերպումը» վեպը յուրատեսակ գեղարվեստական հետազոտություն է թիվ մեկ հանցագործ հռչակված մարդու մասին, որը կարողացավ տարիներով թաքնվել հզորագույն հետախուզություններից, ինչպես և բարդությունների ու ցնցումների մասին, որ հարուցեցին աշխարհում նրա ծրագրած գործողությունները։

    ԳՄԴ 84(5Հ)֊44

    еISBN 978-0463-3-2159-1

    © Վահրամ Մարտիրոսյան, 2020

    © Յավրուհրատ, 2020 (հրատ.)

    Բոլոր իրավունքները վերապահված են։

    Այս հրատարակության ցանկացած ձևով և եղանակով (էլեկտրոնային, մեխանիկական, պատճենահանման, ձայնագրման ևն) մասնակի կամ ամբողջական վերարտադրությունը, տարածումը, պահպանումը որոնողական համակարգերում առանց հրատարակչի գրավոր թույլտվության արգելվում է։

    Այս գիրքն արտոնված է միայն անհատական էլեկտրոնային սարքավորումներում ընթերցելու համար։

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    Հրատարակության մասին

    Առաջին գլուխ

    Երկրորդ գլուխ

    Երրորդ գլուխ

    Չորրորդ գլուխ

    Հինգերորդ գլուխ

    Վեցերորդ գլուխ

    Յոթերորդ գլուխ

    Ութերորդ գլուխ

    Իններորդ գլուխ

    Տասներորդ գլուխ

    Տասնմեկերորդ գլուխ

    Տասներկուերորդ գլուխ

    Տասներեքերորդ գլուխ

    Տասնչորսերորդ գլուխ

    Տասնհինգերորդ գլուխ

    Տասնվեցերորդ գլուխ

    Տասնյոթերորդ գլուխ

    Տասնութերորդ գլուխ

    Տասնիններորդ գլուխ

    Քսաներորդ գլուխ

    Քսանմեկերորդ գլուխ

    Քսաներկուերորդ գլուխ

    Քսաներեքերորդ գլուխ

    Քսանչորսերորդ գլուխ

    Քսանհինգերորդ գլուխ

    Քսանվեցերորդ գլուխ

    Նենսի Բրեների վերջաբանը

    Առաջին գլուխ.

    ՀՐԱԺԱՐՈՒՄ 25 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻՑ

    2004 թվականի հունվարի 15-ն էր, երբ լրատվական գործակալությունները հաղորդեցին, որ գնացքների երթևեկը Հնդկաստանի ու Պակիստանի միջև վերականգնվել է։ Երկու տարվա ընդմիջումից հետո։ Դա օգնեց ինձ վերջապես կողմնորոշվել երթուղու հարցում։

    Հունվարի 23-ին նշեցի ծննդյանս 45-ամյակը: Նույն օրն էլ Նենսիին հայտնեցի, որ առաջիկա մի ամիսը նվիրելու եմ նոր գրքիս համար նյութեր հայթայթելուն։ Հյուրերն արդեն գնացել էին, ու մենք միասին իմ նվերներն էինք դասդասում, որ շատ բազմազան էին. գրչընկերներիցս մեկի նվիրած փղոսկրե շքեղ գլխիկով ձեռնափայտից սկսած մինչև հոկեյի մականը, որը տղայիս՝ Ֆիլի սև հումորն էր, որ նա արել էր «Վաշինգթոն ՓրոՖայլի» անպետք նվերների մասին մի հրապարակման ոգով (Նոր Օռլեանի եղանակն ու վնասված ոտքս ինձ թույլ չէին տա հոկեյ խաղալ): Նա ուրախացավ՝ միաժամանակ էինք բացակայելու տնից. ինքն էլ փետրվարի կեսերին երաժշտական փառատոնի էր մասնակցելու, Բելգիայում, որը, ճիշտ է, պակաս՝ տասներկու օր էր տևելու։ Մի շաբաթ հետո էր, որ կռահեց, թե բանն ինչ է, երբ մոտակա ինտերնետ-սրճարան հրավիրեցի, որտեղ նոր էլեկտրոնային հասցե բացեցի թե՛ իր, թե՛ ինձ համար և զգուշացրի, որ բացակայությանս ամբողջ ընթացքում տան կամ աշխատանքային համակարգչից ինձ հետ նամակագրություն չպետք է վարի, այլ՝ դրսից: Ըստ երևույթին, իմ ամբողջ տեսքով նրան ներշնչում էի, որ ավելին չփորձի ինձանից իմանալ, որովհետև ուղղակիորեն չհետաքրքրվեց ուղևորությանս նպատակով, այլ հարցրեց. «Մեր կյանքը քեզ դուր չէ՞ր գալիս»։

    «Դուր չէ՞՜ր գալիս. ես քեզ հետ եմ անցկացնում գրելուց ազատ ժամանակիս 99 ու 9 տոկոսը»։

    «Իսկ հիմա ձեռնարկում ես գործ, որը կարող է կյանքիդ մնացած ամբողջ «ազատ ժամանակի» 100 տոկոսը խլել ինձանից»։

    Նա սիրում է զրուցակցի խոսքից «մեջբերումներ» անել:

    «Ես ճամփորդական գրքեր եմ գրում, իսկ ճամփորդությունն իր վտանգներն ունի. մեկ՝ քիչ, մեկ»... Նա ընդհատեց ինձ. «Դու կարծում ես, թե գրող ես, բայց դու տերմինատոր ես»։ Ես ֆիլմը չէի տեսել, բայց գիտեի, թե ինչի մասին է, և փորձեցի դեմքիս համապատասխան դաժան ու կատաղի արտահայտություն տալ։ Նա ծիծաղեց, բայց հոնքերի կնճիռը, մեկ է, չբացվեց. «Դա չի հաջողվի քեզ՝ աչքերդ միշտ ժպտում են»։ «Ինչը որ չի խանգարի քեզ ասել, թե՝ ավելի ստույգ, կործանարար Քոնանն ես...»,— հուշեցի, որ շարունակի. Քոնանի հետ համեմատությունն էլ նա ինչ-որ գրքից թե կինոյից էր փոխառել: «Ավելի ճիշտ՝ կործանարար Քոնանն ես... կամ էլ... բեն Լադենը»։ Ես սարսռացի նրա վերջին արտահայտությունից։ «Պետք չէր էդքան հեռու գնալ,— ասացի,— ես մորս կողմից արաբ եմ, բայց հորս կողմից՝ մաքուր ֆրանսիացի»։ «Լավ... եթե լրջացնենք, ես քո գաղտնի հասցեով նամակ կգրեմ մի պայմանով՝ նոր գրքիդ ամեն մի գլուխը, որը կվերջացնես, պետք է անմիջապես ինձ ուղարկես, հակառակ դեպքում տանը չես գտնի ինձ, երբ հետ գաս»։ Ես լռեցի։ «Գիտեմ, որ դու չես սիրում կիսատ գործերդ կարդալու տալ։ Խոստանում եմ, որ կկարդամ մի դեպքում. եթե ուշանաս... կամ քեզ բան պատահի»։ Նա վճռական էր տրամադրված՝ ես համաձայնեցի։

    Երկու շաբաթում կարգավորեցի գործերս, Նենսիին պարզաբանեցի, թե ինչ վարկեր ունեմ, մուրհակներ ու փող, Հնդկաստանի համար հանձնարարական նամակներ հավաքեցի, ֆաքսով տեղ ամրագրեցի Դելի-Լահոր ճեպընթացում և, օդանավում սովորականի պես խորը քնելով, վայրէջք կատարեցի Հնդկաստանի մայրաքաղաքի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում։

    * * *

    Սպասասրահում յուրատեսակ հոտ էր տարածված, ինչի մասին ինձ զգուշացրել էին ծանոթներս: Նրանց ասելով՝ այդ հոտերն Հնդկաստանում օտարերկրացուն ուղեկցում են ամենուրեք։ Բայց չորս կողմս միանգամայն մաքուր էր, ինչպես հատուկ է օդանավակայաններին. երևի հատակը լվանալուց կարբոլային ինչ-որ հեղուկ էին օգտագործում, որից էլ սուր ու տհաճ հոտ էր գալիս։ Ուրիշ ժամանակակից օդանավակայանների համեմատ արտասովոր էր նաև շփշփոցը, որ գալիս էր սյուներին ամրացված հսկայական թևերով էլեկտրական հովհարներից, որոնք փոխարինում էին օդափոխիչներին։ Սպասասրահի մուտքի մոտ զինված ոստիկաններ կային, որոնք ներս էին թողնում միայն ինքնաթիռի տոմս ունեցողներին։

    Ես տեղ էի պատվիրել «Քարիմ» հյուրանոցում, որը հին Դելիում էր։ Նրա փողոցներում անտանելի աղմուկ էր, որը նույնպես անակնկալ չէր ինձ համար, զբոսաշրջիկների՝ ինտերնետում առկա տպավորությունների շնորհիվ, բայց Նոր Դելիի հետ տարբերությունը, հետո համոզվեցի, մեծ չէր. երկուսից էլ անպակաս էին մարդկանց բազմությունը, մեքենաները, ռիկշաները, նիհար կովերը, որոնք տարածությունը բաժանում էին իրար մեջ մոտավորապես հավասար համամասնությամբ։ Ընդհանուր առմամբ Նոր Դելին «նոր» էր իր անգլիական «գաղութային» առանձնատներով, փոխարենը հին Դելիի իմ հյուրանոցը եզակիներից էր, որ 20-25 տոկոսով չէր թանկացրել գները նոյեմբեր-մարտ ամիսներին, երբ Արևմուտքում ցուրտ է լինում, և զբոսաշրջիկների հոսք է սպասվում։ Նաև մոտ էր բազմաթիվ պատմական հուշարձանների, մասնավորապես՝ Ջամա Մեսջիթին, որի երկրորդ դարպասից մեկ նրբանցքով էի բաժանված։ Երկրի ամենամեծ այդ մզկիթի բակը տեղավորվում է 25.000 մարդ, իսկ մինարեների բարձրությունը 40 մետր է։

    Նախաճաշը ես բաց էի թողնում, չնայած համարի արժեքի մեջ էր մտնում, որովհետև առավոտները՝ իմ գրելու, մտածելու ու ծրագիր կազմելու ժամանակը, սենյակից դուրս չէի գալիս։ Ի դեպ, առավոտ շուտ, ինչպես նաև իրիկնամուտին միշտ մառախուղ էր, որի մեջ թափառելուց որևէ օգուտ էլ չկար: Ցերեկներն անցկացնում էի այցելելով կա՛մ թանգարաններ ու դամբարաններ, որտեղ բարեխղճորեն նշումներ էի անում, կա՛մ ճամփորդական գրասենյակներ, հնագիտական ու երկրաբանական ընկերակցություններ ու հարցուփորձում, թե ինչ հետաքրքիր երթուղիներ կան, եթե ուզում ես սակավածանոթ պատմական հուշարձաններ ու չհետազոտված տեղանքներ ուղևորվել։

    Հակառակ ծանոթներիս խորհրդին՝ միայն հինգաստղանի հյուրանոցներում սնվել, ստամոքսս չխանգարվեց ոչ միայն մոտ մեկ դոլարանոց Մըք-Ալու թիքքայից ու հավի սենդվիչից (երկու դոլար), որ վերցնում էի Մըքդոնալդսում, այլև «Քարիմ» ռեստորանի ընթրիքից, որի ճաշացանկում ներկայացված էր թե՛ տեղական խոհանոցը, թե՛ «մայրցամաքային» բազմազան տեսականի՝ բացի տավարի միս պարունակող ուտելիքներից։ Ուշ երեկոյան քայլում էի փողոցներում՝ աշխատելով երկար չնայել փակ խանութների ներսը, որոնց տերերը մեծ մասամբ քնած էին լինում չոր հատակին... որպեսզի հանկարծ չտրորեմ մայթի՛ վրա պառկած որևէ մեկին...

    Երթևեկիս հեռահար նպատակը ստուգելն էր՝ ինձ հետևում են, թե ոչ։ Չէին հետևում։

    * * *

    Նենսիին նույնիսկ չէի ակնարկել, բայց Կենտրոնական հետախուզական վարչությանը հայտնի էր դարձել, որ ինձ գիրք են պատվիրել բեն Լադենի մասին, ընդ որում, հրատարակիչը պայման էր դրել, որ գլխավոր նյութը լինի նոր մի հարցազրույցս։ Այդ խոսակցությունից հազիվ մի ամիս անց, ես դեռ մտմտում էի, թե ինչպես Պակիստան ընկնեմ առանց անձնագիրս օդանավակայաններում գրանցելու, ինձ հյուր եկավ վարչության մի բարձրաստիճան աշխատակից՝ հիշեցնելու, որ աշխարհի թիվ 1 ահաբեկչի գլխագինը, սկսելով 1998-ին 5 միլիոնից, հասել է 25 միլիոն դոլարի։ Նա տեղյակ էր նաև, որ պետդեպարտամենտն ուր-որ է կրկնապատկելու է գումարը։ Հյուրս մի անգամ արդեն հանդիպել էր ինձ հետ նախորդ հարցազրույցիս առիթով, երբ խնդրել էր, որ բեն Լադենի հոգեբանական դիմանկարը տայի (ուրիշ բան իմաստ չուներ. գիտեին՝ Ուսաման տեղը փոխած կլիներ հարցազրույցից հետո, իսկ միջնորդներին մատնելու ակնկալիքը կնշանակեր կասկածի ենթարկել իմ մասնագիտական բարոյականությունը)։ Ես դա հաճույքով արեցի՝ ո՞վ չի սիրում նման խաղեր։ Նա գովեց հոգեբանի իմ թաքնված տաղանդը, ինչը երևի նրան թույլ էր տվել եզրակացնել, թե երկրորդ հանդիպմանը կարող է հին ընկերոջ նման խոսել՝ միանգամից դու-ի անցնելով ու ներածության համար ջանք չթափելով. «Սկսեմ նրանից, որ առանց մեր օգնության չես էլ հաջողացնի նրան գտնել՝ հիմա քո առաջին հարցազրույցի օրերը չեն։ Միասին նրան կգտնենք, հետո... առոք-փառոք վայելիր կյանքդ՝ ուրիշ ի՞նչ ես ուզում: Բարեկամներիդ համար հերոս կլինես, թշնամիներից քեզ հեռու կպահի վկաների պաշտպանության ծրագիրը»։ Ես սպասեցի, թե ուրիշ ինչ կասի։ «Կապրես առանց գլուխդ ցավի տակ դնելու, ինչ է թե կորած-մոլորած մի անկյուն պեղես աշխարհում՝ կյանքդ էլ անպայման վտանգելով, որ ընթերցողիդ հետաքրքրես, որպեսզի հասկացվի՝ դու սովորական գրող չես, մյուսներից ավելին արժես»։

    Ես վեր կացա բազկաթոռից, շրջանցեցի ցածր սեղանը, մոտեցա նրան ու թեթև թփթփացրի ուսին: Հետո վերադարձա ու նստեցի տեղս: Նա երևի հասկացավ, որ իմ հոգեբանական դիմանկարը սխալ է գծել՝ ճամփորդական գրքերը Մայքլ Տիբոյի տարերքն էին, ոչ թե գլուխը պահելու ծանր պարտականություն։ XXI դարի աշխարհում գրողը համարձակվում է մրցել ամենահաս հեռուստատեսության հետ, որը, տեսախցիկներից բացի, զինված է ուղղաթիռներով, ինքնաթիռներով, արբանյակային քարտեզներով և, թվում է, նկարահանել է ամեն ինչ ու բոլորին, մինչև վերջին բնիկը, որը դեռ կոնքակապ չի սկսել կապել։

    Կարծես թե չափից դուրս արագ սպառելով իր փաստարկները՝ ԿՀՎ-ականն ավելացրեց. «Դա պետք է Ամերիկային»։ Ես պատասխանեցի, որ հարկեր եմ մուծում Ամերիկային, որոնք կերակրում են ոչ միայն Կենտրոնական հետախուզական վարչությունը, այլև Հետաքննությունների դաշնային գրասենյակը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունը, որպեսզի պաշտպանեն երկիրը ահաբեկիչներից: Բայց և դրանցից ոչ մեկի հետ համագործակցելու պայմանագիր չեմ կնքել: Ի դեպ, ինչպես որ չեմ կնքել նաև հրատարակչության հետ, թե Ուսամայի հետ հարցազրույց կանեմ. պետք է ԿՀՎ-ում նախապես ճշտած լինեին, մինչև իրեն Վաշինգտոնից Նոր Օռլեան ուղարկելը... Ուստի ավելի հավանական է, որ ես «կորած-մոլորած մի անկյուն պեղեմ», քան ընկնեմ ահաբեկիչների հետևից։ Իսկ գրականությամբ ԿՀՎ-ն լավ կաներ ժամանակին հետաքրքրվեր, երբ ֆրանսիացի գրող Ժիլ Ֆոդենը, սեպտեմբերի 11-ից մի տարի առաջ, «Զանզիբար» վեպի ձեռագիրն էր ուղարկել ամերիկյան հինգ-վեց հրատարակչի։ Վեպում բեն Լադենը գլխավոր հերոսը չէր, բայց հիմնավոր փաստերով ցույց էր տրված, որ 1998 թ. Քենիայում ու Տանզանիայում ամերիկյան դեսպանատների պայթեցումների կազմակերպիչներից է։

    Մեկեն նեղացավ (թեև նրա մասնագիտությունն ու առաքելությունը կարծես թե զգացմունքներին տրվելու իրավունք չէին տալիս) և ասաց, որ սեպտեմբերի 9-ից հետո ով չի ալարում, ԿՀՎ-ի սխալներն է իրենց աչքը խոթում: Ոչինչ չի փոխվի, որ ես էլ միանամ վատաբանողների բանակին։

    Դրանից հետո խոսակցությունը մի տեսակ խցանվեց: Այդպես էլ իմ հյուրասիրած թեյին ձեռք չտալով՝ նա գնաց: Խորհուրդ տալով ինձ մտածել, թե ինչ պատճառով կարող է բեն Լադենը հարցազրույց տալու համար ոչ թե, ասենք, Փիթեր Լ. Բերգենին ընտրել, որն առաջին անգամ պատմել է նրա մասին CNN-ով և տեսանյութ ցուցադրել 1997 թ. մայիսի 10-ին, ոչ Աբդել Բարի Ատվանին՝ պակիստանցի հայտնի լրագրողին, որը Ուսամայի կենսագիրն է՝ վերջինիս առաջարկով, ոչ թե ինքնակոչ, ինչպես որ շատերը գրում են, Թայսիր Ալունիին, որն ամենածավալուն հարցազրույց է արել բեն Լադենի հետ, երբ «Ալ Ջազիրայի» թղթակցական կետի ղեկավարն էր Քաբուլում, այլ նորից ինձ:

    Ես ուրախացա, որ մեր զրույցը կարճ տևեց, և մտածեցի, որ իմ հանդեպ հետաքրքրությունն էլ երևի շուտով

    Enjoying the preview?
    Page 1 of 1