Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ուայնսբուրգ, Օհայո
Ուայնսբուրգ, Օհայո
Ուայնսբուրգ, Օհայո
Ebook280 pages2 hours

Ուայնսբուրգ, Օհայո

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Ժողովածուն քսաներորդ դարի ամերիկյան գրականության դասական Շերվուդ Անդերսոնի «Ուայնսբուրգ, Օհայո» ժողովածուի հայերեն թարգմանությունն է։ Անդերսոնը համակրանքով է նկարագրում ամերիկյան փոքրիկ քաղաքի սովորական մարդկանց առօրյան։ Ժողովածուի պատմվածքներից շատերը լույս են տեսել լոսանջելեսահայ մամուլում, մասնավորապես՝ «Գաղափար» շաբաթաթերթում։

LanguageՀայերեն լեզու
Release dateMar 1, 2020
ISBN9780463946718
Ուայնսբուրգ, Օհայո

Related to Ուայնսբուրգ, Օհայո

Related ebooks

Reviews for Ուայնսբուրգ, Օհայո

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ուայնսբուրգ, Օհայո - Շերվուդ Անդերսոն

    Շերվուդ Անդերսոն

    ՈՒԱՅՆՍԲՈՒՐԳ, ՕՀԱՅՈ

    պատմվածքներ

    Սերժ Թրեյ Սիմոնյանի թարգմանությամբ

    Երևան 2020

    ԳՄԴ֊84.7 ԱՄՆ

    Անդերսոն, Շերվուդ

    Ուայնսբուրգ, Օհայո: [Պատմվածքներ] / Շ. Անդերսոն, անգլ. թարգմ.՝ Ս. Թ. Սիմոնյան, խմբ.՝ Ս. Ալաջաջյան, Ս. Խաչատրյան, Ռ. Մադոյան, Ս. Ծաղիկյան֊Դեմիրճյան։ Էլեկտրոնային տարբերակը հրատարակության պատրաստեց Մ. Յավրումյանը, տառատեսակը՝ Ռ. Թարումյանի (Արիան Գրքի), կազմը՝ Արթուր Սթրիթոն, «Տեմպլսթոուի մոտ», 1889։ Երկրորդ, էլեկտրոնային բարելավված հրատարակություն.— Եր.։ Յավրուհրատ, 2020.— 189 էջ։ Հրատարակության հիմքում՝ Ուայնսբուրգ, Օհայո: [Պատմվածքների ժողովածու]: Դպրոցական միջին և բարձր տարիքի համար / Շ. Անդերսոն; Անգլերենից թարգմանեց՝ Ս. Թ. Սիմոնյանը.— Լոս Անջելէս: Ա.հ., 2009.— 187 էջ: նկարներ; 22 սմ։ Հայերեն է թարգմանված՝ 1993 թ.:

    Ժողովածուն քսաներորդ դարի ամերիկյան գրականության դասական Շերվուդ Անդերսոնի «Ուայնսբուրգ, Օհայո» ժողովածուի հայերեն թարգմանությունն է։ Անդերսոնը համակրանքով է նկարագրում ամերիկյան փոքրիկ քաղաքի սովորական մարդկանց առօրյան։ Ժողովածուի պատմվածքներից շատերը լույս են տեսել լոսանջելեսահայ մամուլում, մասնավորապես՝ «Գաղափար» շաբաթաթերթում։

    ԳՄԴ֊84.7 ԱՄՆ

    eISBN 978֊0463֊9֊4671֊8

    © Սերժ Թրեյ Սիմոնյան, 1993 (թարգմ.)

    © Յավրուհրատ, 2020 (հրատ.)

    Բոլոր իրավունքները վերապահված են։

    Այս հրատարակության ցանկացած ձևով և եղանակով (էլեկտրոնային, մեխանիկական, պատճենահանման, ձայնագրման և այլն) մասնակի կամ ամբողջական վերարտադրությունը, տարածումը, պահպանումը որոնողական համակարգերում առանց հրատարակչի գրավոր թույլտվության արգելվում է։

    Հեղինակի այս գործերը հանրային սեփականություն են և ենթակա չեն հեղինակային իրավունքների հայտնի սահմանափակումների։ Այս գիրքն արտոնված է միայն անհատական էլեկտրոնային սարքավորումներում ընթերցելու համար։

    Շերվուդ Անդերսոն, 1876֊1941

    Արթուր Սթրիթոն, 1867֊1943

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    Հրատարակության մասին

    Բնաբան

    Ուայնսբուրգ, Օհայո. քարտեզ

    Գիրք անսովոր էակների մասին

    Ձեռքերը

    Թղթե գնդիկներ

    Մայրը

    Փիլիսոփան

    Ոչ ոք չգիտի

    Գաղափարներով մարդը

    Արկած

    Օրինավորություն

    Մտածողը

    Թենդի

    Աստծո զորությունը

    Ուսուցչուհին

    Միայնություն

    Արթնացում

    Խենթուկը

    Չարտահայտված խաբեություն

    Արբեցում

    Մահ

    Խորաթափանցություն

    Մեկնում

    Թարգմանչի կողմից

    Ուիլյամ Ֆոլքները Անդերսոնի մասին

    Պատմվածքներում գործող անձինք

    Այս գիրքը նվիրում եմ մորս՝

    ԷՄՄԱ ՍՄԻԹ ԱՆԴԵՐՍՈՆԻ

    հիշատակին, որի՝ շրջապատի հանդեպ ունեցած սուր դիտողականությունն առաջինն իմ մեջ արթնացրեց մարդկանց արտաքին կյանքի մեջ խորանալու ծարավը։

    ԳԻՐՔ ԱՆՍՈՎՈՐ ԷԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    Ճերմակ բեղերով տարեց գրողը դժվարանում էր անկողին մտնել։ Տունը, ուր ապրում էր, բարձր պատուհաններ ուներ, մինչդեռ առավոտյան արթնանալիս նա ցանկանում էր ծառերին նայել։

    Մի հյուսն եկավ՝ մահճակալը պատուհանի հետ միևնույն հարթության վրա տեղադրելու համար։

    Գլխացավանք բան դուրս եկավ։ Հյուսնը, որը քաղաքացիական պատերազմի զինվոր էր, մտավ գրողի սենյակն ու նստեցին խոսելու մահճակալը բարձրացնելու կարելիության շուրջ։ Կողքին դրված էին գրողի սիգարները, և հյուսնը մի հատ ծխեց։

    Որոշ ժամանակ երկուսն էլ մահճակալը շտկելու ուղիներ էին փնտրում, հետո անցան այլ թեմաների։ Զինվորի նյութը պատերազմն էր։ Իրականում գրողը դրդեց այդ թեմային։ Ինչ֊որ ժամանակ հյուսնը բանտարկված էր եղել անդերսոնվիլյան բանտում և կորցրել եղբորը, որը մահացել էր սովից։ Ամեն անգամ այդ մասին խոսելիս հյուսնը արտասվում էր։ Ծեր գրողի նման նա էլ ճերմակ բեղեր ուներ և երբ արտասվում էր՝ շուրթերը դողդողում, իսկ բեղերը վեր ու վար էին անում։

    Սիգարը բերանին արտասվող տարեց այդ մարդն անհեթեթ տեսք ուներ։ Մահճակալը բարձրացնելու գրողի ծրագիրը մոռացվեց։ Հետագայում հյուսն ամեն ինչ իր իմացած ձևով արեց և վաթսունն անց գրողը գիշերներն անկողին մտնելու համար ստիպված էր լինում աթոռ օգտագործել։

    Անկողնում գրողը թեք էր ընկնում և միանգամայն հանգիստ պառկում։ Տարիներ ի վեր նա ընտելացել էր ականջալուր լինել սրտի զարկերին։ Մոլի ծխող էր, և սիրտն անհամաչափ էր խփում։ Գիտակցության մեջ այն միտքն էր արմատացել, որ մահանալու էր հանկարծակի, և ամեն անգամ անկողին մտնելիս այդ մտահոգությունն ուներ։ Դա չէր տագնապեցնում նրան։ Երևույթն իրականում արտասովոր էր՝ դժվար բացատրելի։ Դա նրան անկողնում շատ ավելի աշխույժ էր դարձնում, քան երբևէ։ Միանգամայն անշարժ պառկում էր, և չնայած մարմինը զառամյալ էր և անպիտո՝ ինչ֊որ բան ներսում ամբողջովին երիտասարդ էր։ Նա նմանվում էր հղի կնոջ, միայն թե ներսում գտնվող էակը ոչ թե մանուկ էր, այլ պատանի։ Պատանի էլ չէր, կին էր՝ ջահել, զրահապատ, ասես ասպետ։ Անհեթեթություն է, գիտեք, փորձել ասել, թե ինչ էր գտնվում ծեր գրողի ներսում, երբ բարձրադիր մահճում պառկում և լսում էր սրտի զարկերը։ Ավելի կարևոր է իմանալ, թե ինչ էր մտածում գրողը կամ նրա մեջ թաքնված էակը։

    Ծեր գրողն աշխարհի բոլոր մարդկանց նման իր երկար կյանքի ընթացքում անթիվ գաղափարներ էր ունեցել, գլխով շատ բաներ անցկացրել։ Ժամանակին գեղեցիկ տղամարդ էր եղել և բազում կանայք էին սիրահարվել նրան։ Հետո էլ, իհարկե, շատ ու շատ մարդկանց էր ճանաչել, ծանոթացել առանձնահատուկ մտերմիկ հարաբերությունների ճանապարհով, որը տարբերվում էր այն միջոցից, որով դու կամ ես ճանաչում ենք մարդկանց։ Համենայն դեպս գրողն այդպես էր մտածում և այդ միտքը նրան դուր էր գալիս։ Ուրեմն, ինչո՞ւ վիճել տարեց մարդու հետ իր մտքերի համար։

    Անկողնում պառկած գրողը երազ տեսավ, որն իրականում երազ չէր։ Մինչ նա քնած, բայց գիտակցությունը դեռ արթուն էր, աչքերի առաջ սկսեցին կերպարանքներ երևալ։ Ենթադրում էր, որ իր ներսում գտնվող դեռատի, աննկարագրելի էակն էր շարժման մեջ դրել հայացքի առջևով անցնող կերպարանքների երկարավուն թափորը։ Հասկանո՞ւմ եք՝ այս ամենի մեջ ամենահետաքրքրականը գրողի աչքերի առջևով անցնող այդ կերպարանքներն էին։ Դրանք բոլորը խեցբեկներ էին։ Բոլորը՝ տղամարդ թե կին, որոնց գրողն ինչ֊որ ժամանակ ճանաչել էր, դարձել էին զավեշտալի էակներ։ Այդ տարօրինակ էակներից բոլորը չէ, որ գարշելի էին։ Մի քանիսը զվարճալի էին, մյուսները՝ գրեթե, հոյակապ։ Ուրվականակերպ մի կին ցավ պատճառեց տարեց տղամարդուն իր խեղկատակությամբ։ Երբ նա անցավ տղամարդը՝ փոքրիկ շնիկի նման կաղկանձեց։ Եթե սենյակ մտնեիք, ձեզ կթվար, թե ծերունին տհաճ երազ էր տեսնում կամ էլ տանջվում էր անմարսողությունից։

    Մի ժամի չափ զավեշտալի մարդկանց թափորն անցնում էր տարեց մարդու աչքերի առջևով, իսկ հետո, թեև դա ցավատանջ բան էր՝ մահճակալից ցած սահեց և սկսեց գրել։ Տարօրինակ արարածներից մի քանիսը խոր տպավորություն էին թողել, և նա կամենում էր նկարագրել դրանց։

    Մոտ մի ժամ գրողն աշխատեց գրասեղանի առաջ։ Հետագայում գրեց մի գիրք, որն անվանեց «Գիրք անսովոր էակների մասին» և որը երբեք չհրատարակվեց։ Բայց ես մի անգամ տեսա այն, որն անջնջելի տպավորություն թողեց ինձ վրա։ Գիրքն ուներ մի հիմնական գաղափար՝ շատ արտառոց, բայց որն ամուր մեխվել է հիշողությանս մեջ։ Վերհիշելով այն՝ ես ընդունակ եղա հասկանալու մարդկանց և շատ բաներ, որ նախկինում երբեք ընդունակ չէի ըմբռնել։ Գաղափարը խճճված էր, բայց դրա պարզ ձևակերպումը կլիներ այսպես. «Աշխարհի արարման պահից գոյություն են ունեցել շատ ու շատ գաղափարներ, բացի ճշմարտությունից։ Ճշմարտությունը մարդն ինքը հնարեց։ Յուրաքանչյուր ճշմարտություն բաղկացած էր էլի ուրիշ աղոտ գաղափարներից։ Աշխարհով մեկ սփռված այդ ճշմարտությունները բոլորն էլ հրաշալի էին»։

    Տարեց մարդը հարյուրավոր ճշմարտություններ էր թվարկում իր գրքում։ Բոլորի մասին չեմ պատմի։ Այդտեղ կային ճշմարտություններ կուսության ու կրքի մասին, ճշմարտություններ հարստության ու աղքատության մասին, խնայողության ու անառակության, անհոգության ու լքվածության մասին։ Հարյուրներով էին այդ ճշմարտություններն ու բոլորն էլ՝ հրաշալի։ Հետո եկան մարդիկ։ Հայտնվողներից ամեն մեկը մի ճշմարտություն ճանկեց, իսկ նրանք, ովքեր շատ ավելի զորեղ էին՝ դյուժիններով ճանկեցին։ Այդ ճշմարտություններն էին, որ մարդկանց խեղաթյուրեցին։ Տարեց մարդը բավական մանրամասն մշակած տեսություն ուներ հիշյալ նյութի վերաբերյալ։ Ըստ նրա, այն պահին, երբ մարդկանցից յուրաքանչյուրն իր համար վերցրեց այդ ճշմարտություններից մեկը, անվանեց այն ի՛ր ճշմարտությունն ու սեփական կյանքը հարմարեցրեց դրան՝ խեղաթյուրվեց, իսկ նրա ընդունած ճշմարտությունը վերածվեց կեղծիքի... Դուք հավանաբար գլխի ընկաք, որ ողջ կյանքը գրելով անցկացրած ու բառերից հագեցած տարեց այդ մարդը կարող էր հարյուրավոր էջեր գրել վերոհիշյալ թեմայով։ Նյութն այն աստիճան կընդարձակվեր նրա գլխում, որ ինքը խեղաթյուրվելու վտանգի առջև կհայտնվեր։ Չհայտնվեց. իմ կարծիքով այն պատճառով, ինչ պատճառով որ երբեք չհրատարակեց գիրքը։ Ներսում գտնվող դեռատի էակը փրկեց նրան։

    Ինչ վերաբերում է ծեր հյուսնին, որը շտկեց գրողի մահճակալը, ես նրան լոկ այն պատճառով հիշեցի, որ շատ ուրիշ, այսպես կոչված սովորական մարդկանց նման, նա էլ համեմատաբար հրապուրիչ խեցբեկ էր գրողի գրքում:

    ՁԵՌՔԵՐԸ

    Օհայո նահանգի Ուայնսբուրգ քաղաքի մերձակայքում՝ հեղեղատի ծայրին թառած փոքրիկ տիպային տան կիսաքանդ պատշգամբում հուզված ետ ու առաջ էր քայլում հաստլիկ, կարճահասակ մի ծերունի։ Չորս կողմում փռված էր առվույտի դաշտը, ուր առվույտի փոխարեն համատարած մոլախոտ՝ վայրի մանանեխ էր աճել։ Դաշտից այն կողմ ծերունու առջև ձգվում էր խճուղին, որտեղով անցնում էր հատապտղի պլանտացիաներում մորու բերքահավաքից տուն վերադարձող օրավարձու բանվորներով բեռնված սայլը։ Ջահել տղաներն ու աղջիկները բարձրաձայն ծիծաղում էին, աղաղակում։ Կապույտ վերնաշապիկով մի տղա սայլից ցած թռչելով փորձեց ցած իջեցնել աղջիկներից մեկին։ Աղջիկը դիմադրեց՝ սուր ճչոցներ արձակեց։ Պատանու ոտքերի տակից փոշու ամպեր ելան ու ծածկեցին մայր մտնող արևի կրակե օղակը։ Պատշգամբ հասավ աղջկական բարալիկ մի ձայն.

    — Հե՜յ, Ուինգ Բիդլբոմ, գանգուրներդ սանրիր, թե չէ աչքերիդ են թափվում,— հրամայեց ձայնը պատշգամբում կանգնած ծերունուն, որը ճաղատ էր և որի վտիտ, ջղային ձեռքերն աճպարորեն շարժվում էին լերկ, գունատ ճակատի շուրջը, ասես խառնված խոպոպների զանգվածն էին շոյում։ Մշտապես վախվորած, ճնշող կասկածներից հալածված Ուինգ Բիդլբոմը երբեք իր մասնակցությունը չէր բերում քաղաքի կյանքին, քաղաք, ուր ապրում էր արդեն քսան տարի։ Ուայնսբուրգի բնակիչներից մեկն էր միայն նրա հետ մոտ։ Նյու Ուիլարդ Հաուս հյուրանոցի տիրոջ՝ Թոմ Ուիլարդի որդի Ջորջ Ուիլարդի հետ մտերմիկ կապ էր պահպանում։ «Ուայնսբուրգյան Արծիվ» թերթի լրագրող Ջորջ Ուիլարդը երեկոները խճուղով քայլելիս երբեմն մտնում էր Ուինգ Բիդլբոմի տուն։ Հիմա էլ, երբ ծերունին ձեռքերի ջղաձիգ շարժումներով պատշգամբում ետ ու առաջ էր անում՝ հույս ուներ, որ Ջորջ Ուիլարդը կերևար և երեկոն իր հետ կանցկացներ։

    Երբ սայլը հատապտուղ հավաքողների հետ անհետացավ տեսադաշտից, նա դուրս եկավ և դաշտ հասնելով՝ անցավ բարձրահաս մոլախոտերի միջով։ Ցանկապատի ստորին ձողին մագլցելով, տագնապած նայեց քաղաք տանող ճանապարհին։ Մի պահ կանգնած մնաց՝ ձեռքերը շփելով և աջ ու ձախ նայելով։ Հետո ինչ֊որ բանից ահաբեկված ետ վազեց և կրկին սկսեց ետ ու առաջ քայլել սեփական տան պատշգամբում։

    Ջորջ Ուիլարդի ներկայությամբ Ուինգ Բիդլբոմը, որը քաղաքի համար քսան տարուց ի վեր առեղծված էր մնում, ասես ձերբազատվում էր երկչոտությունից, բացահայտում կասկածամիտ բնավորության ողջ գծերը։ Երբ երիտասարդ լրագրողը կողքին էր լինում, Ուինգը համարձակվում էր օրը ցերեկով անցնել Մեյն Ստրիտով կամ էլ գրգռված ճառախոսել իր տան խարխուլ պատշգամբում ետ ու առաջ անելով։ Նման դեպքերում սովորաբար հանդարտ ու դողդոջուն ձայնը դառնում էր խրոխտ ու կտրուկ։ Կորացած կերպարանքն ուղղվում էր։ Կրկին լճակ նետված ձկան նման ցնցվում էր և, ըստ էության լռակյաց լինելով, սկսում էր անվերջ խոսել, ձգտելով անցած երկար ու ձիգ տարիներին ուղեղում ամբարված մտքերը խոսքերով արտահայտել։

    Շատ բան Ուինգ Բիդլբոմն արտահայտում էր ձեռքերի օգնությամբ։ Բարալիկ, միշտ գործի մեջ, արտահայտիչ մատները գրպանում կամ մեջքին թաքնվելու պատրաստ, մեջտեղ էին գալիս և նրա խոսքի բարդ մեխանիզմում, ասես, դառնում շարժադող։

    Պատմությունը Ուինգ Բիդլբոմի մասին՝ պատմություն է նրա ձեռքերի մասին։ Դրանց անդուլ դյուրաշարժությունը թակարդն ընկած թռչնի թևերի թպրտոց էր հիշեցնում՝ քաղաքի անանուն բանաստեղծներից մեկին ստիպելով մականուն կպցնել նրան։ Այդ ձեռքերը վախեցնում էին դրանց տիրոջը։ Նա ուզում էր դրանք թաքցրած պահել և ապշանքով էր նայում մյուս տղամարդկանց հանդարտ, անարտահայտիչ ձեռքերին, տղամարդիկ, որոնք աշխատում էին դաշտում՝ նրա կողքին կամ էլ անցնում էին գյուղական ճանապարհներով՝ մտրակահարելով քնատ ձիերին։

    Ջորջ Ուիլարդի հետ զրուցելիս Ուինգ Բիդլբոմը ձեռքերը բռունցքելով՝ թմբկահարում էր սեղանը կամ էլ սենյակի պատերը։ Դա հանգստացնում էր նրան։ Եթե դաշտում թափառելիս մեջն անկեղծ զրուցելու ցանկություն էր առաջանում՝ մի կոճղ կամ շրջապարիսպ էր ճարում և դրանց վրա թմբկահարելով, մտքերն առավել անբռնազբոս ու լիարժեք արտահայտում։ Ուինգ Բիդլբոմի ձեռքերի պատմությունն ինքնին մի գիրք արժեր։ Ընդ որում, գորովանքով գրված նման գիրքն ի հայտ կբերեր բազմաթիվ անսպասելի ու հրաշալի արժեքներ անհասկացող մարդկանց շրջանում։ Դա բանաստեղծի խնդիրն է։ Ուայնսբուրգում Ուինգ Բիդլբոմի ձեռքերն ուշադրություն էին գրավում իրենց շարժունակությամբ։ Դրանցով Բիդլբոմն օրական քառասուն կվարտ մորի էր հավաքում։ Ձեռքերը դարձել էին նրա խորհրդանիշը, նրա համբավի ուժը։ Բացի այդ, դրանք է՛լ ավելի ծաղր ու ծանակի ենթարկեցին արդեն իսկ զավեշտալի ու անըմբռնելի այդ անհատականությանը։ Ուայնսբուրգը հպարտանում էր Ուինգ Բիդլբոմի ձեռքերով ճիշտ այնպես, ինչպես հպարտանում էր բանկիր Ուայթի քարաշեն նոր տնակով կամ էլ Վեսլի Մոյերի՝ Թոնի Թիպի աշխետ հովատակով, որը Քլիվլենդում տեղի ունեցած աշնանային մրցարշավի հաղթողն էր երկու և տասնհինգ հարյուրերորդական մղոն տարածությունում։

    Ինչ վերաբերում է Ջորջ Ուիլարդին, ապա նա շատ անգամներ էր ցանկացել հարցուփորձ անել ձեռքերի մասին։ Ժամանակ առ ժամանակ նրան տիրում էր համարյա անհաղթահարելի մի հետաքրքրասիրություն։ Զգում էր, որ դրանց անսովոր դյուրաշարժության ու աննկատ մնալու դիտավորության համար պետք է որ պատճառ լիներ, և միայն Ուինգ Բիդլբոմի նկատմամբ ունեցած հարաճուն հարգանքն էր ետ պահում ծերունուն հարցակոխ անելուց։

    Մի անգամ գրեթե պատրաստ էր խոսել այդ թեմայով։ Ամառային մի միջօրեի, երկար ժամանակ դաշտերում զբոսնելուց հետո, կանգ առան նստելու կանաչապատ բլրակին։ Ամբողջ կեսօր Ուինգ Բիդլբոմը խոսում էր ներշնչանքով։ Կանգնելով շրջապարսպի մոտ և ահազդու փայտփորիկի նման գերանի վերնամասը թակելով, բղավեց Ջորջ Ուիլարդի վրա, նրան մեղադրելով այն բանում, որ նա չափից դուրս շատ է ենթարկվում շրջապատի ազդեցությանը։

    — Դու խորտակում ես քեզ,— բացականչեց նա։— Դու հակված ես մենակության և անրջելու, բայց վախենում ես անրջելուց։ Ուզում ես մյուսներին նմանվել։ Լսում ես այդ մարդկանց շաղակրատանքներն ու փորձում ընդօրինակել։

    Կանաչապատ բլրակին նստած Ուինգ Բիդլբոմը զրուցակցին նորից սկսեց համոզել։ Ծերունու ձայնը, որը նմանվում էր հիշողությունների մեջ խորասուզված մարդու ձայնի, հնչում էր փափուկ, ապա կրծքից դուրս թռավ թեթևության հառաչ և զառանցանքի մեջ գտնվողի պես երկար ու անկապ մի մենախոսություն սկսեց։

    Խորանալով զառանցանքների մեջ, Ուինգ Բիդլբոմը Ջորջ Ուիլարդին պատկերեց մի տեսարան, ուր մարդիկ վերապրում էին իդիլական ոսկե դարում։ Լայնատարած, կանաչին տվող գյուղակով սկսեցին շարժվել բարեկազմ պատանիները, ոմանք ոտքով, մյուսները ձիերի վրա թռչկոտելով։ Նրանք խմբերով հավաքվեցին պարտեզում՝ ծառի տակ նստած ծերունու ոտքերի մոտ։ Ծերունին զրուցում էր նրանց հետ։

    Ուինգ Բիդլբոմն ամբողջովին ներշնչանքի մեջ էր և մոռացել էր ձեռքերի մասին։ Դրանք դանդաղորեն, գողտուկ բարձրացան և իջան Ջորջ Ուիլարդի ուսերին։ Ինչ֊որ նոր ու համարձակ երանգ տիրականորեն հնչեց խոսողի ձայնում։

    — Դու պետք է փորձես մոռանալ այն ամենը, ինչ քեզ սովորեցրել են,— ասաց ծերունին։— Դու պետք է երազել սովորես։ Հիմիկվանից պետք է երազել սովորես։ Այսօրվանից պետք է ականջներդ փակես շուրջբոլորդ կաղկանձողների առաջ։

    Խոսքն ընդհատելով, Ուինգ Բիդլբոմը երկար ու լրջախոհ նայեց Ջորջ Ուիլարդին։ Աչքերը փայլում էին։ Ձեռքերը նորից բարձրացրեց, որպեսզի շոյեր պատանուն, բայց հանկարծ դեմքը սարսափից այլայլվեց։ Նյարդային շարժումով ոտքի ելավ և ձեռքերը խորը մտցրեց տաբատի գրպանները։ Աչքերում արցունք երևաց։

    — Ես պետք է տուն գնամ։ Էլ չեմ կարող հետդ խոսել,— ասաց նա ջղագրգիռ։ Առանց ետ դառնալու ծերունին բլրից հապճեպ ցած իջավ և հատեց մարգագետինը՝ կանաչապատ բլրակի վրա Ջորջ Ուիլարդին թողնելով տարակուսանքի ու շփոթի մեջ։ Ամբողջովին դողալով պատանին վեր կացավ և գնաց քաղաք տանող ճանապարհով։

    «Չեմ հարցնի ձեռքերի մասին,— խորհեց նա՝ ծերունու աչքերում հայտնված սարսափի արտահայտությունից հուզված։— Ինչ֊որ բան կարգին չէ, բայց չեմ ուզում իմանալ, թե բանն ինչ է։ Ձեռքերն են պատճառն այն ամենի, որ նա վախենում է թե՛ ինձանից և թե բոլորից»։

    Ջորջ Ուիլարդն իրավացի էր։ Եկեք հպանցիկ մի հայացք գցենք այդ ձեռքերի պատմությանը, որը գուցե բանաստեղծին ներշնչի յուրովի շարադրել հոգու շարժումն արտահայտող այդ ձեռքերի զարմանալի հատկությունը։

    Երիտասարդ ժամանակ Ուինգ Բիդլբոմը դպրոցական ուսուցիչ էր Պենսիլվանիայի քաղաքներից մեկում։ Այդ շրջանում նա հայտնի էր ոչ թե Ուինգ Բիդլբոմ, այլ Ադոլֆ Մայերս սակավ բարեհունչ անունով։ Իբրև Ադոլֆ Մայերս նա վայելում էր աշակերտների մեծ սերը։

    Ադոլֆ

    Enjoying the preview?
    Page 1 of 1