Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Փեակների տարաբախտություն
Փեակների տարաբախտություն
Փեակների տարաբախտություն
Ebook337 pages3 hours

Փեակների տարաբախտություն

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Ծնվելիս մարդը չգիտի գլխին գալիքը, մեռնելիս՝ նույնպես։ Ապրելիս մարդը որոնում է ծննդի ու մահվան գաղտնիքը՝ կյանքը լցնելով երջանկության ու դժբախտության հարափոխությամբ։ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է լինում լինելին։ Հարցերը պատասխաններ են որոնում՝ փեակների տարաբախտությունը երեւակելով մի հայ ընտանիքի պատմությամբ՝ երկփեղկված Հայաստանի ու Շվեդիայի միջեւ։

LanguageՀայերեն լեզու
Release dateOct 12, 2019
ISBN9789939031675
Փեակների տարաբախտություն

Related to Փեակների տարաբախտություն

Related ebooks

Reviews for Փեակների տարաբախտություն

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Փեակների տարաբախտություն - Diana Hambardzumyan

    Դիանա Համբարձումյան

    ՓԵԱԿՆԵՐԻ ՏԱՐԱԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ

    վեպ

    Երևան — 2019

    ՀՏԴ 821.19֊31 Համբարձումյան

    ԳՄԴ 84(5Հ)֊44

    Համբարձումյան, Դիանա

    Փեակների տարաբախտություն։ [Վեպ] / Դ. Համբարձումյան, խմբ.՝ Հ. Համբարձումյան։ Էլեկտրոնային տարբերակը հրատարակության պատրաստեց Մ. Յավրումյանը, տառատեսակը՝ Ռ. Թարումյանի (Արիան Գրքի), շապիկը՝ Մարիամ Կանայանի.— Եր.։ Յավրուհրատ, 2019.— 320 էջ։

    Ծնվելիս մարդը չգիտի գլխին գալիքը, մեռնելիս՝ նույնպես։ Ապրելիս մարդը որոնում է ծննդի ու մահվան գաղտնիքը՝ կյանքը լցնելով երջանկության ու դժբախտության հարափոխությամբ։ Ինչո՞ւ և ինչպե՞ս է լինում լինելին։ Հարցերը պատասխաններ են որոնում՝ փեակների տարաբախտությունը երևակելով մի հայ ընտանիքի պատմությամբ՝ երկփեղկված Հայաստանի ու Շվեդիայի միջև։

    ԳՄԴ 84(5Հ)֊44

    ISBN 978֊9939֊68֊576֊2

    еISBN 978֊9939֊0֊3167֊5

    © Համբարձումյան Դ., 2017

    © «Զանգակ֊97» ՍՊԸ, 2017

    © Յավրուհրատ, 2019 (հրատ.)

    Բոլոր իրավունքները վերապահված են։

    Այս հրատարակության ցանկացած ձևով և եղանակով (էլեկտրոնային, մեխանիկական, պատճենահանման, ձայնագրման և այլն) մասնակի կամ ամբողջական վերարտադրությունը, տարածումը, պահպանումը որոնողական համակարգերում առանց հրատարակչի գրավոր թույլտվության արգելվում է։

    Այս գիրքն արտոնված է միայն անհատական էլեկտրոնային սարքավորումներում ընթերցելու համար։

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    Հրատարակության մասին

    Կինո՝ փրկության անհնարինության ու երջանկության խութերի մասին. Հայկ Համբարձումյան

    Բնաբան

    ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

    1. Ինձ հյուսքագործ եմ կարգում

    2. Շուշո մորաքույրն առնետ է

    3. Վիսբիի վարդերն ու ավերակները

    4. Մոխրաջուր աչքերով Սկալդինա մայրիկս

    5. Փոքրիկ մենակի երազը

    6. Վարդ ու ծրար քյաբաբամարդուց

    7. Երևան, Խորենացի

    8. Ձենս փորիցս դուրս չէր գալիս

    9. Մայրիկս ծիտ է դարձել ու թռել

    10. Նարեի նոթերը

    11. Նութելլայի ռևիզորը

    12. Ջրի բադերը

    13. Ար հայրիկիս Նարե դիցուհին

    14. Մայր հավիկի և ճուտիկների գիշերային արկածը

    15. Հայաստանի տատիկիս շտապ օգնությունը

    16. Շնային ցանկություններ

    17. Հուսահատության կիրակի

    18. «Անհետացող օրերը»

    19. Խնձորի երկու ճոթը

    20. Էս շան տղերքն ապրելու ձևը գիտեն

    21. Փախստականի կարգավիճակ

    22. Հովանի խռռոցն ու Նարեի դրամապանակի գողությունը

    23. Աղետի նշանի հետահայաց որոնում

    24. Թախտիցդ փախչես, բախտիցդ ո՞ւր փախչես

    ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ

    1. Մի ուրիշ տխրություն

    2. Հովանը խոստանում է. I’ll be back

    3. Բաժակի ու հրացանի ընկերները

    4. Սիլվիա թագուհին ու Զվարթնոցի զվարթունները

    5. Անհուսություն

    6. Մերս մենակ էր. աչքերը փակող չեղավ

    7. Եղունգ ունես՝ գլուխդ քորի

    8. Mitt namn är Skaldinna

    9. Փեակների համախտանիշ

    10. Մի քանի օրվա հյուր եմ

    11. Մայրերն ավելի ներող են, քան Տերը

    12. Մեր ընտանիքի Սանտան

    13. Երբ հանդիպում են երկու տխուր մարդ

    14. Մի դատարկ մարագ, մեջը՝ մի քոռ կացին

    15. Վանգան ձայն է լսում. «Հելանք, ախպե՜ր»

    16. Հովան անունով նորակոշիկ տղան

    17. Մանդարին ծախող Ամալն ու միլիոնատեր Դոդոն

    18. Մի՞թե վտանգված է մարդկանց կյանքը

    19. Թքոտ լաթով երեսը լվացող փակաչքը

    20. Շան տղա լինեմ, թե սուտ եմ ասում

    21. Հիմա ես ո՞րն եմ՝ ե՞զը, թե՞ եզատերը

    22. Ի՞նչ անես, ո՞նց անես

    23. Երբ սկսվում է օրվա ավարտը

    24. Հովանի սարած ծուղակը

    Խոսք երախտագիտության

    Դիանա Համբարձումյանի գեղարվեստական գրքերը

    Ծանոթագրություններ

    ԿԻՆՈ՝

    ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԽՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

    Նայադների՜ նման, նայադների՜ նման

    Կարոտներիս ձայնով կանչում է ինձ՝

    Խոստանալով սիրո անհատնելի հմայք

    Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ...

    Եղիշե Չարենց. «Նավզիկե»

    Հոմերոսի «Ոդիսականից» ու մեզ նաև Եղիշե Չարենցի չքնաղ պոեմից հայտնի՝ երջանիկ, ապա աստվածների կողմից իրենց մարդասիրության համար պատժվող փեակների ու նրանց արքայադուստր Նավզիկեի առասպելն իր խորհրդավոր հմայքով ինչպես հեռավոր էպիկական ժամանակներում, այնպես էլ այսօր շարունակում է հուզել ու հարցեր առաջադրել. ինչո՞ւ են երանելի և աստվածային համարվող փեակները պատժվում նավաբեկյալներին օգնելու համար, ինչո՞ւ աստվածները չեն հանդուրժում մարդկանց երջանկությունը, և, ընդհանրապես, ո՞րն է երջանկության գինը։

    Թեմատիկ առումով՝ վեպ արտագաղթի, գուցե գործազրկության, հանրային ընդվզումների կամ բարոյահոգեբանական արատավոր մթնոլորտի, հանցագործության, նաև հայրենիքից հեռու ինքնության պահպանության խնդիրների մասին։ Թվարկյալ բոլոր արդիական ու կարևոր թեմաներն էլ կարելի է թերևս գտնել Դիանա Համբարձումյանի «Փեակների տարաբախտություն» վեպում, սակայն դրանք լոկ գոյության հավերժական պատումի ժամանակային ու ժամանակավոր հանգրվաններ են։ Իսկ խորքում կյանքի ու գրականության վերժամանակային ու անփոփոխ հարցեր են։

    Վեպում ժամանակակից իրականությունը ներկայացնող դիպաշարը նրբորեն միահյուսվում է հոմերոսյան էպիկական պատումի մոտիվներին՝ երջանկության փնտրում, փախուստ կարծեցյալ դժոխքից թվացյալ դրախտ, մեղք՝ ծնված երջանիկ լինելու ցանկությունից, և հատուցում՝ երջանկության ճանապարհին խարխափող մարդկանց օգնելու համար։ Հայաստանի ու Շվեդիայի, հին ու նոր իրականությունների միջև երկատված հերոսներ և նրանց հոգեբանական երկվությանը համապատասխան գեղարվեստական արտահայտչամիջոցներ. փոքր կադր֊գլուխների հերթագայումներ, ընդհատվող դիպաշար, իր ընտանիքի պատմության աստիճանական բացահայտման միջոցով ինքնությունը փնտրող հերոսուհի, հուշերի, երազների, զառանցանքների ու իրականության բարդ համադրություններ։

    Որպես նախատեսվող ֆիլմի սցենար՝ 20֊ամյա աղջկա անունից շարադրվող պատումն ընդմիջվում է նրա մոր օրագրային գրառումներով, որտեղ Սկալդինա֊Նարեն անցյալի վերականգնմամբ փորձում է գտնել ներկա դժբախտության արմատները և խելագարվում է սեփական մեղքի գիտակցումից, մտքից, որ զգում էր, բայց չկանխեց կործանումը. «Ա՜յ թե մի քիչ շուտ իմանայի, որ փրկելով ոչ միայն չեն փրկում, այլև կրակն են ընկնում։ Ոնց որ էն փեակների երջանիկ ցեղը։ Ցեղ էին, էլի, երջանի՜կ֊երջանիկ ապրում էին էս արևի տակ ու «մարդկանց անվտանգ ուղեկցում ամենուրեք», հին հունական ջրերով ողողված իրենց կղզում վայելում էին երկնքի ու երկրի սերը, ո՞ւմ էին խանգարում, թող մի ցեղ էլ երջանիկ ապրեր էս աշխարհում՝ մարդկանց փրկության ճամփա ցույց տալով, դրանից ի՞նչ կպակասեր Հադեսում»։

    Դրվագ առ դրվագ, կադր առ կադր սկսելով մեղքից, ապա անցնելով սիրո ու երջանկության տեսարաններով՝ պատումը հանգում է եղբայրասպան ոճրի՝ հիշեցնելով նախապես ծրագրված հանցագործության ժամանակագրություն։ Հանցագործությունը հանցագործություն է ծնում, փախուստը միայն ժամանակավոր լուծում է, եթե էությամբ հանցագործ չես ու խիղճ ունես. «Ուր էլ գնաս, վերադառնում ես քեզ, ուր էլ թաքնվես, գտնում ես քեզ ու մի լավ քոթակում փափուկ տեղերդ, քանի որ քեզնից բացի էլ ո՞վ գիտի, թե ինչ շանտղություն ես արել, ում ես խաբել, ումից ես թռցրել, ում ես թալանել ու անմեղսունակ կանգնել կողքին՝ վիշտը փարատելով»։ Գիտե՞ս՝ ինչ է «ինքնախարազանման պահանջը», որն անընդհատ «խուտուտ է տալիս ներսդ», ինչպես սահմանում է Նարեի ամուսին Արը։ Ամեն ինչ իր գինն ունի. և՛ երջանկության, և՛ հանցագործության համար վաղ թե ուշ պետք է հատուցես։

    Զարկերակի պես տրոփող, բացվող ու փակվող պատկերները՝ գունեղ, երբեմն սև ու սպիտակ, աստիճանաբար բացահայտում են թվացյալ ամբողջական ու լուսավոր պատկերի մութ անկյունները, ներքին խութերը, որոնց բախվելով՝ հերոսները կործանվում են, քանի որ կա դրա պատճառը. «Ոնց ուզում եք՝ գցե՛ք֊բռնեք, ոնց ուզում եք՝ արդարացե՛ք, Հովանի որոշումը կա, որովհետև լինելու պատճառ ունի։ Մնում է իմանալ, թե էդ որոշումն ի կատար ածելիս սպանվողն ով է լինելու, որտեղից է գալու, որ սպանվի, երբ է հիշելու, որ մի տեղ մի բան է մոռացել ու հետ է գալու, որ տանի։ Մնում է իմանալ, թե սպանվողն ինչու չի կարող չսպանվել»։ Եվ ամբողջ պատումը կարծես վերածվում է պատճառների փնտրման, հոգեմաշ մեղաների, խոստովանությունների ու արդարացումների մի մեծ ու ուշացած շարանի։

    Վարպետորեն կառուցվում է մի ընտանիքի պատմություն, որը շատ գաղտնիքներ ունի. հիմնվել է ուրիշի դժբախտության ու կեղծիքի վրա, սակայն երջանկության հնարավորություն է ստացել, բայց ամենակործան կիրքը կամ գործած մեղքերի համար ինքնաոչնչացմամբ հատուցելու ենթագիտակցական ձգտումը հերոսներին մղում է վերադառնալու տուն կամ անցյալ, փնտրելու ամուր հող՝ իրական երջանկություն կառուցելու համար. «Մեղքի ու մեղքաքավության արանքում մեր կյանքն է։ Երանի՜ նրանց, որ մի ափից մյուսն են հասնում մահվան երեսը տեսնելուց առաջ»,— խորհրդածում է հերոսը։

    Յուրաքանչյուրը հայրենիքից հեռանալու իր պատճառն ունի, սակայն ընդհանուր է երջանիկ լինելու ձգտումն ու տուն կամ ինքդ քեզ վերադառնալու սրտմաշուք ցանկությունը։ Եվ անցյալի ու ներկայի, նոր ու հին աշխարհների միջև երկատվող հերոսների ներաշխարհը վերականգնելու միակ ճանապարհը դառնում է ընտանիքի պատմության հյուսումը՝ գեղարվեստական պատումի լեզվով։ Եվ աղջկա նոր ու հստակ գիրը հակադրվում է մոր խառնաշփոթ ու մահատեսիլ ձեռագրին. «Ես ամեն օր հյուսում եմ այս պատմությունը. երկար ու հաստ մազի նման բռնում ու հյուսում եմ։ Մի խուրձ աջից եմ հավաքում բռանս մեջ, մի խուրձ՝ ձախից, իրար վրայով ու իրար տակով այնպես եմ անցկացնում, որ խրձերը մտնեն իրար մեջ, խառնվեն իրար ու պնդանան, որ նայողին թվա, թե հուլունք֊հուլունք եմ գործել, ու հենց ուզի հյուսքն արձակել, մի խրձի ծայրից բռնի, թափ տա, մեր կյանքի երևացողն ու աներևույթը մազերի նման հատ֊հատ բացվեն, արձակվեն ու տարածվեն անարգել»,— գրում է Մանեն։

    Ընտրված ոճը, վարսերի պես հյուսվող կամ հուլունքների պես շարվող մանվածապատ, երբեմն դետալիզացված պատումը, հատվածայնությունը բացառում են խոշոր ու կենտրոնական բախման հնարավորությունը, սակայն վեպի ազդեցության ուժը դրա հետևանքով չի պակասում, այլ ընդհակառակը՝ կաթ֊կաթ, ինչպես ջուրն է տարիների ընթացքում քանդում իր ճանապարհին ամեն ինչ, երեխայի նաիվ պատմության ու վախերի նկարագրությամբ պատկերվում է ընտանեկան երջանկության դանդաղ ու աննկատ խորտակումն ու գլխավոր հերոսուհու հոգեկան աշխարհի խախտումը։ Ապա շարունակության մեջ փոթորիկը հանդարտվում է, ջրերը պարզվում են, քանդվածը վերականգնվում է, և աշխարհը կառուցվում է կրկին՝ պատմող֊հերոսուհու ներաշխարհի կայունացմանը զուգահեռ։

    Կինոպատումի ընտրված ձևը կարծես կանխորոշում է վեպի ավարտը, որը եթե Happy end չէ, գոնե բերում է սփոփանք, որ կինո է, կանցնի, որ դժբախտությունն էլ իր տևողությունն ունի, որ մարդը, չնայած ամեն ինչին, ձգտում է երջանկության, և կյանքը շարունակվում է։ Եվ նավաբեկյալները տուն կհասնեն, քանի որ նավզիկեներ միշտ կգտնվեն և կփրկեն նրանց, չնայած ամեն ինչին, քանի որ բոլորն էլ սիրելու, երջանիկ լինելու կարիք ունեն, և սերն է արդարացումն ամենի. «Բայց եթե մի քիչ էլ շուտ իմանայի, որ փրկելով ոչ միայն չեն փրկում, այլև կրակն են ընկնում, մեկ է, էլի Արի դուռը կթակեի, քանի որ շուրթերս մեռնում էին նրա շուրթերին հասնելու ցանկությունից։ Էն կրակն ի՞նչ է էս կրակի համեմատ։ Մենակ էս կրակն ընկածն ինձ կհասկանա։ Մի օր դու էլ կհասկանաս, Մանե՛ս։ Երանի՜ էդ օրը»։

    Հայկ Համբարձումյան

    «Ակա՜նջ դրեք, սիրելինե՛ր,

    արդ քնի մեջ աստվածակերպ երազն եկավ

    Եվ ինձ հայտնեց, որ չափազանց հեռացել ենք մենք նավերից»։

    Հոմերոս. «Ոդիսական»

    Երբ նորեն լույս աշխարհ գանք, կհավաքվենք իրար գլխի, կնստենք գետի ափին, կնայենք հոսող ջրերին ու կլռենք՝ շամանդաղ հագած։

    Դ. Հ.

    ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

    փախուստ

    1. ԻՆՁ ՀՅՈՒՍՔԱԳՈՐԾ ԵՄ ԿԱՐԳՈՒՄ

    Ես Մանեն եմ։ Սա իմ ընտանիքի պատմությունն է։ Մի քիչ ավելին է, քան ընտանիքի պատմությունը։ Սա կարող էր նաև քո՛ պատմությունը լինել։ Երբ սկսեցի պատմել, այսինքն՝ մի երկու շունչ առաջ, մտքովս անցավ, որ ձեզնից ոչինչ չեմ թաքցնի, ամեն բան՝ ինչ կա֊չկա, ինչքան իշխան ու շնաձուկ, անգամ մանր֊մունր ձկներ ընկնեն ցանցս, բոլորին կբռնեմ, ջրի երես կհանեմ։ Հիմա, որ հետ եմ նայում, տեսնում եմ՝ աչքս ուտում է, կարող եմ էնպիսի փոթորիկ բարձրացնել, որ տիղմը, մամուռը, անգամ հոտած ջուրն արևերես ելնեն, իսկ ինչ մնում է զուլալին, անհո՛գ եղեք, իրեն֊իրեն կգա ու կխառնվի սրանց, զուլալի գործը հեշտ է, ինքը հարահաս է։

    Կարծես քիչ է, որ Մանեն եմ, մի բան էլ՝ հայ եմ։ Կարծես քիչ է, որ հայ եմ, մի բան էլ՝ շվեդացի եմ, քանի որ եղավ այնպես, ինչպես եղավ. ես ծնվեցի ու մեծացա Շվեդիայում։ Ու լինում է այնպես, ինչպես լինում է. ես հիմա ապրում ու կյանքը սիրում եմ հե՛նց Շվեդիայում, որտեղ ջրերը տարին բոլոր վարարում են համեղ, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում է՝ կասեր Սկալդինա մայրիկս, կկրկներ Ար հայրիկս, կհաստատեր Թումաս Թրանսը, բայց որպես Շվեդիայի քաղաքացի՝ ես խորապես մտահոգված եմ ջրի անտեղի կորստով, ուստի բոլոր մաքրակենցաղ տանտիկիններին խորհուրդ եմ տալիս օրը տասն անգամ բաժակներն ու ափսեները, գդալներն ու դանակները հատ֊հատ չլվանալ հոսող ջրի տակ, հավաքել ու լցնել ամանեղեն լվացող մեքենան, որը, ճիշտ է, մի երկու ժամ նույն կեղտաջուրը կպտտի սպասքի գլխով, բայց ի վերջո եռման ջրով կօծի դրանք, ինչպես Ջրօրհնեքի ծես, ու մաս֊մաքուր ձեզ կընծայի՝ սերունդների համար փրկելով ու ամբարելով ջուր հայրենին։

    Ես հայերեն լավ գիտեմ, ավելի ճիշտ՝ ես հայերենը լավ եմ զգում, բայց լավ չեմ խոսում, քանի որ ամաչում եմ շվեդերենիս հնչերանգից։ Անկատարությունից ամաչում եմ. երեխա օրերի սովորույթ է։ Էս ամոթը, տեղի֊անտեղի, քոսի պես ընկնում է ջանս, էնքան եմ քորվում, մինչև արյունլվա եմ լինում, մինչև լողանալիս աչքերս փակում եմ, որ մերկությունս չտեսնեմ։

    Հիմա ինչքան ամաչում եմ, որ հայերեն վատ եմ խոսում, էնքան հրճվում եմ, երբ հայերենի երակներն ու զարկերակներն եմ շոշափում, խոր խորքերում գլուխկոնծի եմ տալիս ու գլխապատառ գահավիժում։ Ես սիրում եմ հայերեն բացատրական բառարանները, որտեղից մերկ բառերը հանում եմ ու հանդերձներ հագցնում, հետո մի քիչ շուռումուռ եմ տալիս, ոտ ու գլխին եմ նայում, հետո էնքան եմ բզում֊բզբզում, մինչև որ ինքնակամ բացվում են ու առէջաթափ լինում, կեղևները պլոկելով՝ մերկանում են, իսկ մի ժամանակ, երբ փոքր էի և նոր էի հայերեն սովորում, մայրիկս էր էդ բառերը հուլունք֊հուլունք հավաքում իմ հիշողության մանյակին ու, որպես հուռութ, կախում պարանոցս ի վար։ Շատ եմ ափսոսում, որ առիթներ հաճախ չեմ գտնում՝ ի ցույց հանելու իմ հուռութը, բայց նա միշտ ինձ հետ է՝ դաջված ճիշտ ու ճիշտ սրտիս վրա։ Ոնց որ լանջակալ։

    Հիմա, երբ գրում եմ այս պատմությունը, հայերենն եմ ընտրել պատմելուս լեզուն, որ տեսնեք, թե ինչպես է հուռութը ներաճել, խրվել մաշկիս տակ, դարձել ոչ միայն միս ու արյունս, այլև էությունս։ Որ տեսնեք՝ հայերենը ես եմ։

    Ես այս պատմությունը կարող էի նաև շվեդերեն գրել, բայց՝ ոչ։ Մի գործս երկուս եմ արել։ Երբ այս պատմության վերջին վերջակետը դնեմ, Թումասին խոստացել եմ՝ ամբողջը թարգմանելու եմ շվեդերեն, քանի որ նրա «մեղքով» եմ մտել այս բեռի տակ ու պատրաստ եմ անցնելու քավարանի յոթ բոլորակներով, միայն թե Թումասը կարդա այս պատմությունը, և ինչպես ինքն է խոստացել, կինո նկարի, իր ուզած ու երազած կինոն։ Հիմա արդեն նաև իմ երազածը։

    Ես ամեն օր հյուսում եմ այս պատմությունը. երկար ու հաստ մազի նման բռնում ու հյուսում եմ։ Մի խուրձ աջից եմ հավաքում բռանս մեջ, մի խուրձ՝ ձախից, իրար վրայով ու իրար տակով այնպես եմ անցկացնում, որ խրձերը մտնեն իրար մեջ, խառնվեն իրար ու պնդանան, որ նայողին թվա, թե հուլունք֊հուլունք եմ գործել, ու հենց ուզի հյուսքն արձակել, մի խրձի ծայրից բռնի, թափ տա, մեր կյանքի երևացողն ու աներևույթը մազերի նման հատ֊հատ բացվեն, արձակվեն ու տարածվեն անարգել։ Քանի դեռ պատմում եմ այս անկարելի կարելին, ինձ հյուսքագործ եմ կարգում։

    Հիմա, երբ ինձ պատմել եմ, հազար ու հազար անգամ վերապատմելով՝ համբերատար լսել եմ այն պստլիկ աղջկա կյանքի պատմությունը, հիմա, երբ պատմել եմ, լսել ու հառաչել եմ, ձենս գլուխս գցած լացել եմ, սիրտս տեղից թռել ու ընկել է ոտքերս, շվարած կանգնել եմ ու ճամփան կորցրածի պես մոլոր քայլել, քրքջացել եմ իմ՝ չարուկ աղջնակիս օյինբազությունների վրա, ծիծաղից խեղդվելով՝ ցավս կոծկել եմ, հիմա, որ էլ վախեր չունեմ, քանի որ բոլոր վախերս էն պստլոն բռնել է՝ մոմ թափողից ու քահանայի աղոթքից ավելի զորեղ մի հունարով, հիմա արդեն գիտեմ, որ շունչս հերիքում է, որ դուխս տեղն է, որ քեզ պատմելիս չեմ վարանի ասել՝ սա ի՛մ պատմությունն է, այս պստլոն ես եմ։ Այս պատմությունը կարող էր նաև քոնը լինել։ Մենք բոլորս կանք այս աղջնակի պատմության մեջ։ Մե՛նք ենք այս պատմությունը. ես՝ Մանես, Սկալդինա֊Նարե մայրիկս, Ար հայրիկս, Թումաս Թրանսը, Հովանը, Շուշոն, Քյաբաբամարդը, մի տուն լիքը երեխաներ, մայրիկներ, հայրիկներ, տատիկներ ու պապիկներ, ահելներ ու ջահելներ, զոհ ու մարդասպան, դավադիր ու ձեռք մեկնող, մեղք ու մեղքաքավություն, ծանոթ֊անծանոթ գյուղեր, քաղաքներ, ծով ու երկինք, արև ու լուսին, հող ու ջուր, տներ, փողոցներ, հին ու նոր, սեր ու ատելություն, թշնամանք ու բարեկամություն, խաբեություն ու ազնվություն, սուտ ու ճիշտ, աղքատություն ու հարստություն, հիվանդություն ու ապաքինում, կյանք ու մահ, մի մեծ կինո, որ նկարահանվել է առանց օպերատորի ու ռեժիսորի, առանց պրոդյուսերական հախ ու հաշվի, առանց դերասանների իմացության ու առանց հատուկ գրված սցենարի կամ մի սցենարով, որն անգրել խաղացվում է հընթացս ապրելուն։

    Սա իմ ու ձեր կյանքի կինոն է, որը ես կադր առ կադր, դրվագ առ դրվագ գրի եմ առել շվեդ կինոռեժիսոր Թումաս Թրանսի՝ Ար հայրիկիս ու Սկալդինա մայրիկիս ու մեր ընտանիքի բարեկամի, մեր տարաբախտության վկայի պատվեր֊խնդրանքով։

    2. ՇՈՒՇՈ ՄՈՐԱՔՈՒՅՐՆ ԱՌՆԵՏ Է

    Երեխա եմ։ Վերմակի տակից կիսաբաց երևում է հորս մարմինը՝ երկար, նիհար, մեծ։ Դռան շեմին քարանում եմ։ Հայրս ֆսսացնում է քնի մեջ։ Հորս վիզը գրկած, երկար մազերը փռած հորս կրծքին՝ մուշ֊մուշ քնել է Շուշո մորաքույրը։ Սկալդինա մայրիկիս տեղում է քնել։ Ուզում եմ գոռալ, ձայն տալ մայրիկիս, բայց վախենում եմ՝ հայրիկս արթնանա։ Շունչս պահած՝ շրջվում ու պուկ՝ փախչում եմ։ Կարծես առնետ է ընկել հետևիցս, ուր որ է կհասնի, կկծոտի ու արյունլվա կանի ոտնաթաթերս։ Առնետն իմ գլխում է, իսկ կադրում առնետի աղոտ ստվերն է երևում ստվերիս հետ կրնկակոխ ցատկոտելիս։ Լսվում են առնետի ծվծվոցն ու իմ հևոցը։ Գլուխս առած փախչում եմ։ Հորս ֆսսոցն ինձ լեղաճաք է արել։

    Մի՞թե սա է չար գուշակի տեսած փախուստը։ Մենք ենք՝ ես ու Սկալդինաս. մառախուղի մեջ կանգնած՝ մետրոյի գնացքին ենք սպասում։ Գույն֊գույն կարկատանները քաշած վրան՝ հայտնվում է գիրուկ գնչուհին։ Էնքան անսպասելի է հայտնվում, կարծես մառախուղից է ծնվում։ Էդպես անսպասելի էլ ճանկում է Սկալդինայիս ձեռքն ու ափը բացելով՝ ավել֊պակաս դուրս տալիս. «Փախուստ եմ տեսնում։ Մի քանի փախուստ եմ տեսնում»,— բայղուշի նման կրկնում է պառավ գնչուհին ու մայրիկիս ձեռքն անպետք իրի պես դեն նետելով՝ արագաքայլ հեռանում։

    Հիմա ես գլխապատառ վազում եմ։ Կադրում Ստոկհոլմի՝ իրար քիթ մտած ու քնից արթնացող փողոցներն են։ Սրան֊նրան բախվելով՝ վազում եմ, մարդիկ շրջվում և ապշած ու զայրացած նայում են իմ վազքին, ոմանք, ձեռքերը թափահարելով, ինչ֊որ բան են գոռում, ականջներս խլացել են, նրանք գոռում են, ես փախչում եմ հևիհև։ Հասնում եմ մեծ ու դատարկ ճանապարհին ու անօգնական կանգ առնում։ Դեռ հևում եմ։ Ակնագնդերս աջ ու ձախ եմ անում, սարսափից չռված աչքերս ծածկում են էկրանը ու տարածվելով սևացնում քիչ առաջվա սպիտակ պատը։ Հետո պարզվում է՝ սա իմ հիշողության էկրանն է, որ աչքերիցս սկսվում ու իջնում է ներս, ներս, ներս՝ ամենախորքերը. քսանմեկ գրամանոց հոգուս, բռնցքաչափ սրտիս, երկուսուկես միլիոն գիգաբայթ հիշողությանս հատակը։ Վախից ու ցրտից ու հուսահատությունից սրթսրթալով՝ գրկում եմ ինձ. ձեռքերս խաչելով կրծքիս, ատամներս կափկափելով, մեծ ու դատարկ ճանապարհից սարսափած՝ դեղնակտուց ճուտ եմ, բայց թխսկան հավի կռթկռթոցով եմ լաց լինում։

    Հիմա, երբ հորս եմ հիշել ու մեր առասպելն եմ պատմում՝ առասպելից դուրս թողնելով յոթգլխանի հրեշին թրատող հովվի տղային ու նրան անձկորեն սպասող արքայադստերը՝ մեն մի պարզ պատճառով, որ նրանք հիմա ժամանակավրեպ են, հիմա հիշում եմ, որ հորս նայելիս տեսել եմ, թե ոնց է ձախողանքը ծիկրակում նրա վերմակի տակից, հիմա պատմում ու ցնցվում եմ ու մեջս ուռչում եմ, երբ գլխի եմ ընկնում, թե էն մի մատ երեխան ինչ հունարով է տեսել լինելին։ Մի մատ երեխան։

    Հորս ձախողումն ի՛մ ձախողումն է։ Հորս ընկերոջ համար հորս ձախողումն իր հավատարմությունը կամ անհավատարմությունը վկայելու առիթ է։ Էդ հետո կիմանամ, որ ամեն մարդ հավատարիմ լինելու պահանջ ունի էնպես, ինչպես դավաճանելու պահանջ ունի, հատկապես նրա՛նց դավաճանելու, որ հավատարիմ են իրեն։ Լինում է, չէ՞, նայում ես մարդու՝ քեզնից խույս տվող մարմնին ու տեսնում քեզ արդեն ուրացածի հոգեմաշությունը։ Էնպես, ինչպես ձեռքը գրպանը տանողի ձեռներեսը տեսնում է հագուստի աստառը, էդպես ուրացումը երեսառվում է տիրոջը՝ որպես սովորական բանդագուշանք։ Լինում է։ Իսկ երբ հետադարձ հայացքով վերհիշում ես, մարդիկ լսում, լսում ու ասում են՝ բա ինչո՞ւ չասացիր, բա զգուշացնեիր։ Մի մատ երեխան ի՞նչ է, որ ինչ էլ զգուշացնի։ Ասում են՝ գոնե մորդ զգուշացնեիր։ Իսկ ինձ թվում է՝ մայրիկիս ոչինչ պետք չէր հուշել ու զգուշացնել, նա ինչ֊որ հրաշքով ամեն բան գիտեր արդեն, կարծես ինչ֊որ

    Enjoying the preview?
    Page 1 of 1