Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Հեքիաթներ
Հեքիաթներ
Հեքիաթներ
Ebook251 pages2 hours

Հեքիաթներ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Գրիմ եղբայրները համաշխարհային համբավ ունեցող հեքիաթագիրներ են։ Նրանց հեքիաթները հետաքրքիր են, գունեղ ու լուսավոր. դրանք մեզ տեղափոխում են աներեւակայելի ու կախարդական աշխարհներ, որոնց հերոսների հետ մենք էլ պայքարում ենք լավի ու կատարյալի համար: Հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:

LanguageՀայերեն լեզու
Release dateMay 7, 2020
ISBN9780463977231
Հեքիաթներ

Related to Հեքիաթներ

Related ebooks

Reviews for Հեքիաթներ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Հեքիաթներ - Գրիմ եղբայրներ

    Գրիմ եղբայրներ

    ՀԵՔԻԱԹՆԵՐ

    դպրոցական կրտսեր և միջին տարիքի համար

    Երևան 2020

    ԳՄԴ 84.4֊գերմ

    Գրիմ եղբայրներ (Յակոբ Գրիմ, Վիլհելմ Գրիմ)

    Հեքիաթներ / Գրիմ եղբայրներ։ Ռուս. թարգմ.՝ Ա. Գ. Ղուկասյան, խմբ.՝ Էդ. Ս. Ավագյան։ Էլեկտրոնային տարբերակը հրատարակության պատրաստեց Մ. Յավրումյանը, տառատեսակը՝ Ռ. Թարումյանի (Արիան Գրքի), տեքստի թվայնացումը՝ «Լիտոպեդիա» բանասիրության հանրագիտարանի։ Երկրորդ, էլեկտրոնային բարելավված հրատարակություն.— Եր.։ Յավրուհրատ, 2020.— 704 էջ։ Հրատարակության հիմքում՝ Հեքիաթներ / Գրիմ եղբայրներ; Թարգմ. ռուս.՝ Ա. Գ. Ղուկասյան; Խմբ.՝ Էդ. Ս. Ավագյան; Նկ.՝ Ֆ. Ա. Գյուլանյան.— Երևան, «Սովետական գրող», 1981.— 704 էջ; 21 սմ։

    Գերմանացի Գրիմ եղբայրները համաշխարհային համբավ ունեցող հեքիաթագիրներ են։ Նրանց հեքիաթները հետաքրքիր են, գունեղ ու լուսավոր. դրանք մեզ տեղափոխում են աներևակայելի ու կախարդական աշխարհներ, որոնց հերոսների հետ մենք էլ պայքարում ենք լավի ու կատարյալի համար: Հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:

    ԳՄԴ 84.4֊գերմ

    eISBN 978֊0463֊9֊7723֊1

    © Յավրուհրատ, 2020 (հրատ.)

    Բոլոր իրավունքները վերապահված են։

    Այս հրատարակության ցանկացած ձևով և եղանակով (էլեկտրոնային, մեխանիկական, պատճենահանման, ձայնագրման և այլն) մասնակի կամ ամբողջական վերարտադրությունը, տարածումը, պահպանումը որոնողական համակարգերում առանց հրատարակչի գրավոր թույլտվության արգելվում է։

    Հեղինակների այս գործերը հանրային սեփականություն են և ենթակա չեն հեղինակային իրավունքների հայտնի սահմանափակումների։ Այս գիրքն արտոնված է միայն անհատական էլեկտրոնային սարքավորումներում ընթերցանության համար։

    Յակոբ Գրիմ (1785֊1863), Վիլհելմ Գրիմ (1786֊1859)

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    Հրատարակության մասին

    Գորտ թագավորը կամ Հայնրիխ Երկաթը

    Մուկն ու կատուն

    Ավազակն ու նրա որդիները

    Հեքիաթ տղայի մասին, որ գնում է վախենալ սովորելու

    Գայլն ու յոթ ուլիկները

    Հավատարիմ Իոհաննեսը

    Հաջող առևտուր

    Զարմանալի երաժիշտը

    Տասներկու եղբայր

    Ամեն մի խուժան

    Քույր ու եղբայր

    Բարբարուկը

    Երեք փոքրիկ թզուկներ

    Երեք մանող կանայք

    Հենզելն ու Գրետելը

    Օձի երեք տերևիկները

    Սպիտակ օձը

    Ծղոտը, ածուխն ու բակլան

    Հեքիաթ ձկնորսի ու նրա կնոջ մասին

    Քաջ դերձակը

    Մոխրոտը

    Հանելուկ

    Մկան, թռչնակի և երշիկի մասին

    Տիկին Բուքը

    Յոթ ագռավ

    Կարմիր Գլխարկը

    Բրեմենի թափառաշրջիկ երաժիշտները

    Երգող ոսկորը

    Ոսկե մազերով սատանան

    Ոջիլն ու լուն

    Կռնատ աղջիկը

    Խելոք Հանսը

    Ծանոթագրություններ

    ԳՈՐՏ ԹԱԳԱՎՈՐԸ ԿԱՄ ՀԱՅՆՐԻԽ ԵՐԿԱԹԸ

    Անցած գնացած հին֊հին ժամանակներում, երբ կախարդությունը դեռևս ազդեցություն էր գործում, մի թագավոր է լինում։ Նրա աղջիկները բոլորը գեղեցկուհիներ են լինում, բայց ամենափոքրը բոլորից սիրուն է լինում, էնքան սիրուն, որ նույնիսկ աշխարհում շատ բան տեսած արևը նրա երեսին նայելիս զարմանքից քար է կտրում։

    Թագավորի պալատի մոտ մի կուսական անտառ է լինում, իսկ անտառում, ծեր լորենու տակ, մի պաղ ջրհոր։ Շոգ օրերին թագավորի փոքր աղջիկը գնում է անտառ, նստում զով ջրհորի մոտ, իսկ երբ ձանձրանում է, վերցնում է իր ոսկե գնդակը, վեր֊վեր նետում, բռնում,— դա նրա ամենասիրած խաղն է լինում։

    Բայց մի անգամ էլ էնպես է պատահում, որ երբ գնդակը վեր է նետում, չի կարողանում բռնել, գնդակը ընկնում է գետնին ու գլորվում ջրհորը։

    Թագավորի աղջիկը աչքը չի կարողանում կտրել ոսկե գնդակի ետևից, բայց էլ ո՜ւր։ Գնդակը սուզվում է ու չքանում ջրի մեջ, իսկ ջրհորն էնքան խոր է լինում, էնքան խոր, որ հատակը չի երևում։ Թագավորի Աղջիկը շատ է լաց լինում, շատ արցունք թափում, ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ։

    Էսպես նստած լաց է լինում ու իր գնդակի մասին մտածում, մեկ էլ հանկարծ մի ձայն է լսում.

    — Ի՞նչ է պատահել, թագավորի աղջիկ։ Էնպես ես լաց լինում, որ քարն էլ չի դիմանա։

    Թագավորի աղջիկը ետ է նայում, իմանա, թե ով է խոսողը, մեկ էլ տեսնում է, որ մի գորտ ջրից դուրս է ցցել իր հաստ, այլանդակ դունչը։

    — Ախ, էդ դո՞ւ ես, կռկռան,— ասում է թագավորի աղջիկը։— Իմ ոսկե գնդակի համար եմ լաց լինում, որ ընկավ ջրհորը։

    — Լաց մի լինի,— ասում է գորտը,— ես քեզ կօգնեմ։ Բայց ասա տեսնեմ, ի՞նչ կտաս, եթե գնդակդ բերեմ։

    — Ինչ որ ուզես, սիրելի գորտիկ,— պատասխանում է աղջիկը։— Իմ զգեստները, մարգարիտները, թանկարժեք քարերը, նույնիսկ գլխիս էս ոսկե թագը կտամ։

    Գորտն ասում է.

    — Ինչի՜ս են պետք քո զգեստները, մարգարիտները, թանկարժեք քարերը, ոչ էլ քո գլխի ոսկե թագն եմ ուզում։ Այ եթե դու էնպես սիրեիր ու բարեկամանայիր ինձ, որ միասին խաղայինք, ես նստեի կողքիդ ձեր սեղանի մոտ, ուտեի քո ոսկե ամանից, խմեի քո փոքրիկ գավաթով, միասին քնեինք քո անկողնում, այ եթե էդ բոլորը խոստանայիր, հենց հիմա կսուզվեի ջրհորն ու կհանեի քո ոսկե գնդակը։

    — Այո՛, այո՛, խոստանում եմ, ինչ որ ուզես, խոստանում եմ, միայն թե հանիր գնդակս,— ասում է թագավորի աղջիկն ու մտածում. «Ինչե՜ր է դուրս տալիս էս հիմար գորտը, թող նստի գորտերի մեջ ու կռկռա, նա ինչ ընկեր կարող է լինել մարդուն»։

    Խոստումն ստանալով գորտն անմիջապես սուզվում է ջրհորի հատակը, ապա արագ վեր բարձրանում՝ բերանի մեջ բռնած ոսկե գնդակը։

    Նա գնդակը նետում է խոտերին։ Թագավորի աղջիկը շատ է ուրախանում, վերցնում է ու վազում տուն։

    — Սպասիր, սպասիր,— կանչում է գորտը,— էդ ո՞ւր ես գնում մենակ, չէ՞ որ ետևիցդ չեմ կարող հասնել։ Դե, ինձ էլ հետդ տար։

    Բայց ինչքան ուզում է գոռա և կռկռա, ո՜վ է նրան լսողը։ Թագավորի աղջիկը վազում է տուն, հետո բոլորովին մոռանում խեղճ գորտին, որն ստիպված նորից սուզվում է ջրհորը։

    Երկրորդ օրը, երբ թագավորի աղջիկը իր հոր ու նրա պալատականների հետ նստած ճաշում է, մեկ էլ՝ թը՛փ, թը՛փ, թը՛փ, ինչ֊որ մեկը բարձրանում է մարմարե աստիճաններով, հասնում դռանը, սկսում է ծեծել ու կանչել.

    — Թագավորի փոքր աղջիկ, բաց արա դուռը։

    Աղջիկը վազում է տեսնի, ով է կանչում իրեն։ Բացում է դուռը, և ի՜նչ տեսնի՝ գորտն է։ Անմիջապես շրխկոցով փակում է ու գնում նստում սեղանի մոտ։ Բայց շատ է վախենում թագավորի աղջիկը։ Էնքան շատ, որ թագավորը նկատում է, թե ինչպես է տրոփում աղջկա սիրտը, ու ասում է.

    — Էդ ինչի՞ց էդպես վախեցար, աղջիկս։ Չլինի՞ թե դռան ետևը հսկա է կանգնած, ուզում է քեզ փախցնել։

    — Չէ, ի՞նչ ես ասում, հսկա չի, մի զզվելի գորտ է։

    — Ի՞նչ է ուզում քեզնից։

    — Ա՜խ, սիրելի հայրիկ, երեկ ջրհորի մոտ խաղում էի, ոսկե գնդակը ընկավ ջուրը։ Շատ լաց եղա, գորտն էլ հանեց գնդակս ու սկսեց պահանջել, որ դառնամ իր ընկերը։ Ես խոստացա, բայց մտքովս չէր անցնում, թե նա կարող է ջրից դուրս գալ։ Հիմա եկել է, ուզում է ներս մատնել։

    Իսկ գորտը էդ միջոցին ծեծում է դուռն ու կանչում.

    — Թագավորի փոքր աղջիկ,

    Եկ բացիր դուռը,

    Մի՞թե մոռացել ես տվածդ խոստումը,

    Թագավորի փոքր աղջիկ,

    Եկ բացիր դուռը։

    Էդ ժամանակ թագավորն ասում է.

    — Որ խոսք ես տվել, պետք է կատարես։ Գնա, բաց արա դուռը։

    Թագավորի աղջիկը գնում է, բաց անում դուռը։ Գորտը ներս է մտնում ու թը՛փ֊թը՛փ, աղջկա ետևից գալիս հասնում նրա աթոռին, ասում է.

    — Դե, ինձ կողքիդ նստեցրու։

    Աղջիկը չի ուզում, բայց թագավորը պատվիրում է կատարել գորտի ցանկությունը։ Թագավորի աղջիկը նրան նստեցնում է իր աթոռին, գորտն ասում է.

    — Իսկ հիմա քո ոսկե ափսեն մոտեցրու ինձ, որ միասին ուտենք։

    Թագավորի աղջիկը թեև էդ մի պահանջն էլ է կատարում, բայց երևում է, որ տհաճությամբ է անում։

    Գորտն սկսում է ուտել, իսկ աղջիկը զզվում է, պատառը կուլ չի գնում։

    Վերջապես գորտն ասում է.

    — Ես կշտացա ու հոգնեցի։ Հիմա էլ ինձ ննջարանդ տար, բացիր քո մետաքսե անկողինը, միասին պառկենք, հանգստանանք։

    Աղջիկն էլ չի դիմանում, լաց է լինում, զզվում է սառը գորտից, նույնիսկ ձեռք տալ չի ուզում։ Իսկ գորտը դեռ պահանջում է, որ աղջիկը շքեղ ու գեղեցիկ անկողնում պառկի իր հետ։ Թագավորը բարկանում է ու ասում.

    — Լավությունը չի կարելի մոռանալ։

    Աղջիկը երկու մատով բռնում է գորտին, տանում իր ննջարանը, դնում մի անկյունում, իսկ ինքը պառկում է մահճակալին։ Գորտը թռչկոտելով առաջ է գալիս ու ասում.

    — Ես էլ եմ հոգնել, ես էլ եմ ուզում քնել։ Պառկեցրու կողքիդ, թե չէ կգնամ հորդ կբողոքեմ։

    Թագավորի աղջիկը զայրանում է, վերցնում է նրան և թափով խփում պատին.

    — Ո՜ւհ, գարշելի գորտուկ, դե հիմա հանգստացիր։

    Բայց գորտը հենց որ հատակին է ընկնում, մաշկը պատռվում է և պայծառ ու մեղմ հայացքով մի գեղեցիկ տղա է դուրս գալիս։

    Ու էդ օրվանից, հոր համաձայնությամբ, դառնում է թագավորի աղջկա ընկերն ու ամուսինը։ Նա պատմում է, որ իրեն կախարդել էր չար վհուկը, ու աղջկանից բացի ոչ ոք չէր կարող ազատել նրան ջրհորից։ Որոշում են հաջորդ օրը գնալ տղայի թագավորությունը։

    Էդպես պառկում են, քնում։ Իսկ հաջորդ օրը, հենց որ արևը ծագում է, մի կառք է մոտենում պալատին, ութ ճերմակ ձի լծված, ձիերի գլուխները զարդարված ճերմակ փետրափնջերով, սանձերն ու լծասարքերը ամբողջ ոսկուց, իսկ կառապանի փոխարեն կառքի մոտ կանգնած տղայի հավատարիմ ծառան՝ Հայնրիխը։ Երբ չար կախարդը նրա տիրոջը գորտ էր դարձրել, հավատարիմ Հայնրիխը շատ էր տխրել ու հրամայել էր երեք տակ երկաթե օղակ հագցնեն իր սրտին, որ վշտից չպայթի։

    Երիտասարդ ամուսինները էդ կառքով պետք է գնային տղայի հոր թագավորությունը։ Հավատարիմ Հայնրիխը օգնում է նրանց տեղավորվել կառքում, իսկ ինքը ետնամասում կանգնած ուրախանում է, որ տերն ազատվել է չար կախարդանքից։

    Էդպես նրանք ճանապարհի մի մասը անցած են լինում, երբ մի ուժգին պայթյուն է լսվում, թագավորի տղան շուռ է գալիս ու ասում.

    — Հայնրիխ, կառքը կոտրվեց։

    — Ոչ, կառքը չէր դա, իմ տեր։

    Վշտի կապանքն էր երկաթ,

    Որ սեղմում էր սիրտը իմ,

    Քանի դեռ դու ջրհորում

    Գորտերի հետ էիր ապրում։

    Քիչ հետո նորից ու նորից են պայթյուններ լսվում, թագավորի տղան կարծում է, թե կառքի անիվներն են ջարդվում, մինչդեռ պայթյունով խորտակվում են հավատարիմ Հայնրիխի սրտի կապանքները, որովհետև նրա տերն ազատվել էր չար կախարդանքից ու նորից երջանիկ էր։

    ՄՈՒԿՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

    Մի անգամ մուկն ու կատուն ծանոթանում են։ Կատուն էնքան է խոսում իր ընկերասիրության ու հավատարմության մասին, որ մուկը համաձայնում է ապրել նրա հետ մի տան մեջ, միասին վարել տնտեսությունը։

    — Հարկավոր է ձմռան պաշար հավաքել, թե չէ ցրտերը որ ընկան, սովից կսատկենք,— ասում է կատուն։— Համ էլ, այ մուկ, դու էլ շատ դեսուդեն չես գնա, թե չէ, աստված չանի, մի փորձանքի կգաս, թակարդը կընկնես։

    Էդպես որոշում են ու ձմռան համար մի կճուճ ճարպ են գնում։ Բայց որտե՞ղ պահեն կճուճը, որ ապահով լինի։ Երկար մտածելուց հետո կատուն ասում է.

    — Եկեղեցուց ապահով տեղ չկա։ Էնտեղից ոչ ոք չի համարձակվի գողանալ։ Արի կճուճը թաքցնենք բեմի տակ։

    Էդպես էլ անում են։ Շատ ժամանակ է անցնում թե քիչ, աստված գիտի, մի օր էլ կատվի սիրտը ճարպ է ուզում։

    — Գիտես ինչ կա, մուկ,— ասում է նա,— մորաքույրս ինձ կնունքի է կանչել։ Տղա է ունեցել, սպիտակ ձագուկ է, շեկ պտերով։ Պետք է քավոր կանգնեմ։ Ես գնամ, դու տիրություն արա էստեղ։

    — Լավ,— ասում է մուկը,— բարով գնաս։ Համով բան կլինի, ինձ էլ չմոռանաս։ Ես էլ դեմ չեմ լինի մի քիչ կարմիր քաղցր գինի կոնծելուն։

    Բայց կատուն սուտ էր ասում։ Ոչ մորաքույր ուներ, ոչ էլ նրան կնունքի էին կանչել։ Նա ուղիղ գնում է եկեղեցի, ճարպով լի կճուճը հանում ու սկսում լպստել։ Լպստում է, լպստում էնքան, որ կճուճը կիսատվում է։ Հետո իր քեֆին ման է գալիս տանիքների վրա, աչք ածում շուրջը, պառկում արևի տակ ու, հիշելով կճուճի ճարպը, բեղերը սղալում։ Իրիկնադեմին տուն է գալիս։

    — Եկա՞ր վերջապես,— ասում է մուկը,— երևի լավ ժամանակ անցկացրիր։

    — Հա, ոչինչ, վատ չէր,— պատասխանում է կատուն։

    — Երեխայի անունն ի՞նչ դրիք,— հարցնում է մուկը։

    — Կիսատուկ,— սառը պատասխանում է կատուն։

    — Կիսատո՞ւկ,— զարմանում է մուկը,— էդ ինչ տարօրինակ ու չլսված անուն է, մի՞թե ձեր տոհմի մեջ ընդունված է էդ անունը։

    — Հապա ինչ ես կարծում,— պատասխանում է կատուն։— Համենայն դեպս, լավ է, քան՝ Հացի փշրանք գողացող, ինչպես քո սանիկներին են անվանում։

    Շուտով կատվի սիրտն էլի է ճարպ ուզում։ Նա մկանն ասում է.

    — Բարի եղիր, էս մի անգամն էլ մնա տանը, հետևիր տնտեսությանը, ինձ էլի կնունքի են հրավիրում։ Ոչ մի կերպ չեմ կարող մերժել, ախր ձագուկը ճերմակ֊օձիքավոր է ծնվել։

    Բարի մուկը համաձայնում է։ Իսկ կատուն քաղաքի պարսպի վրայով հասնում է եկեղեցի ու կճուճում մնացած ճարպի կեսն էլ ուտում։ «Մենակ ուտելուց համով բան չկա»,— մտածում է նա ու շատ գոհ մնում իր բռնած գործից։

    Երբ տուն է գալիս, մուկը հարցնում է.

    — Հը՞, երեխայի անունն ի՞նչ դրիք։

    — Միջնամասուկ,— պատասխանում է կատուն։

    — Միջնամասո՞ւկ։ Կյանքումս առաջին անգամ եմ էդպիսի անուն լսում։ Գրազ կգամ, որ օրացույցում էլ գրված չի էդ անունը։

    Շուտով կատուն նորից է հիշում համեղ պատառը։

    — Լավ բանը երեք անգամից է լինում,— ասում է նա մկանը։— Ստիպված եմ էլի քավոր կանգնել։ Ձագուկն ամբողջապես սև է ծնվել, միայն թաթերն են ճերմակ, էլ ուրիշ ճերմակ տեղ չկա վրան։ Էդպիսի բան մի քանի տարին մեկ է պատահում, էս անգամ էլ թող գնամ կնունքի։

    — Կիսատո՜ւկ, Միջնամասո՜ւկ,— ասում է մուկը։— Ի՜նչ տարօրինակ անուններ են։ Զարմանալու բան է։

    — Ախր ամբողջ օրը փրիսակե գորշ կապան հագիդ, մազերդ հյուս առած՝ տանը նստած ես։ Տնից դուրս ե՞ս գալիս, որ իմանաս ինչ կա֊չկա աշխարհում։ Թողնեն միայն փնթփնթաս։

    Կատուն գնում է, մուկը հավաքում, մաքրում է տունը, ամեն ինչ կարգի բերում։ Իսկ կատուն էդ ժամանակ ուտում է կճուճի մեջ մնացած ճարպը, մաքուր լպստում։ «Որ ուտում ես բոլորը, վերջացնում, սիրտդ հանգստանում է»,— ասում է նա ինքն իրեն։ Տուն է գալիս ուշ երեկոյան՝ կերած ու կուշտ։ Մուկն անմիջապես հարցնում է.

    — Էս երրորդի անո՞ւնն ինչ դրիք։

    — Քեզ էդ անունն էլ դուր չի գա,— ասում է կատուն,— Կճուճքերանք դրինք։

    — Կճուճքերա՜նք,—զարմանում է մուկը։— Հը՜մ, զարմանք բան է։ Ես դեռ ոչ մի տեղ չեմ լսել, որ էդ անունը լինի։ Կճուճքերա՜նք։ Տեսնես ինչ է նշանակում,— գլուխն օրորում է մուկը, գունդուկծիկ դառնում ու քնում։

    Դրանից հետո ոչ ոք այլևս կատվին կնունքի չի հրավիրում։ Ձմեռը վրա է հասնում, դուրսն այլևս ուտելիք չի

    Enjoying the preview?
    Page 1 of 1