Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Հեքիաթներ
Հեքիաթներ
Հեքիաթներ
Ebook471 pages4 hours

Հեքիաթներ

Rating: 5 out of 5 stars

5/5

()

Read preview

About this ebook

Անդերսենի հեքիաթների զարմանալի, անսովոր ու հրաշապատում նկարագրություններում երեւում են իրական կյանքը, կենդանի մարդիկ ու իրողությունները։ Ո՞ւմ չեն հիացրել նրա «Թագավորի նոր զգեստը», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Ջրահարսը», «Վայրի կարապները», «Սոխակը», «Ձյունե թագուհին» եւ այլ հեքիաթներ, որոնք տոգորված են սիրով ու նվիրումով, քաջությամբ, բարությամբ ու կարեկցանքով: Մանուկների կյանքից անբաժան են Անագե զինվորիկն ու սիրելի Մատնաչափիկը, Անճոռնի բադիկը, հանուն սիրո իր կյանքը նվիրաբերած Ջրահարսը, եւ տղան, որ բարձրաձայն ասաց ճշմարտությունը՝ թագավորը մերկ է: Անդերսենի հեքիաթները այսօր էլ հիացնում են ոչ միայն մանուկներին, այլեւ մեծահասակ ընթերցողներին:

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 21, 2019
ISBN9780463992623
Հեքիաթներ

Related to Հեքիաթներ

Related ebooks

Reviews for Հեքիաթներ

Rating: 5 out of 5 stars
5/5

1 rating0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Հեքիաթներ - Հանս Քրիստիան Անդերսեն

    Հանս Քրիստիան Անդերսեն

    ՀԵՔԻԱԹՆԵՐ

    դպրոցական կրտսեր և միջին տարիքի համար

    Երևան — 2019

    ՀՏԴ 830.8֊93 Անդերսեն

    ԳՄԴ 84.4 Դան

    Անդերսեն, Հանս Քրիստիան

    Հեքիաթներ։ [Դպրոցական կրտսեր և միջին տարիքի համար] / Հ. Ք. Անդերսեն։ Էլեկտրոնային տարբերակը կազմեց և հրատարակության պատրաստեց Մ. Մ. Յավրումյանը, տառատեսակը՝ Ռ. Թարումյանի (Արիան Գրքի)։ Էլեկտրոնային, համադրական բարելավված հրատարակություն.— Եր.։ Յավրուհրատ, 2019.— 224 էջ։ Հրատարակության հիմքում՝ Հեքիաթներ և զրույցներ / Հ. Ք. Անդերսեն; Թարգմ.՝ Հ. Հարությունյան; Խմբ.՝ Ա. Ղուկասյան; Առաջաբ.՝ Վ. Նեուստրոև.— Երևան: Հայպետհրատ, 1956.— 325 էջ; 22 սմ, ինչպես նաև՝ Հեքիաթներ և զրույցներ / Հ. Ք. Անդերսեն; Թարգմ.՝ Հ. Հարությունյան; Խմբ.՝ Հ. Կարապետյան; Նկ.՝ Վ. Մանդակունի.— Երևան: Սովետական գրող, 1980.— 414 էջ: գունանկ.; 22 սմ։

    Անդերսենի հեքիաթների զարմանալի, անսովոր ու հրաշապատում նկարագրություններում երևում են իրական կյանքը, կենդանի մարդիկ ու իրողությունները։ Ո՞ւմ չեն հիացրել նրա «Թագավորի նոր զգեստը», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Ջրահարսը», «Վայրի կարապները», «Սոխակը», «Ձյունե թագուհին» և այլ հեքիաթներ, որոնք տոգորված են սիրով ու նվիրումով, քաջությամբ, բարությամբ ու կարեկցանքով: Մանուկների կյանքից անբաժան են Անագե զինվորիկն ու սիրելի Մատնաչափիկը, Անճոռնի բադիկը, հանուն սիրո իր կյանքը նվիրաբերած Ջրահարսը, և տղան, որ բարձրաձայն ասաց ճշմարտությունը՝ թագավորը մերկ է: Անդերսենի հեքիաթները այսօր էլ հիացնում են ոչ միայն մանուկներին, այլև մեծահասակ ընթերցողներին:

    ԳՄԴ 84.4 Դան

    eISBN 978֊0463֊9֊9262֊3

    © Յավրուհրատ, 2019 (հրատ.)

    Բոլոր իրավունքները վերապահված են։

    Այս հրատարակության ցանկացած ձևով և եղանակով (էլեկտրոնային, մեխանիկական, պատճենահանման, ձայնագրման և այլն) մասնակի կամ ամբողջական վերարտադրությունը, տարածումը, պահպանումը որոնողական համակարգերում առանց հրատարակչի գրավոր թույլտվության արգելվում է։

    Հեղինակի այս գործերը հանրային սեփականություն են և ենթակա չեն հեղինակային իրավունքների հայտնի սահմանափակումների։ Այս գիրքն արտոնված է միայն անհատական էլեկտրոնային սարքավորումներում ընթերցանության համար։

    Հանս Քրիստիան Անդերսեն, 1805֊1875

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    Հրատարակության մասին

    Հրահանը

    Փոքր Կլաուսը և Մեծ Կլաուսը

    Արքայադուստրը սիսեռահատիկի վրա

    Փոքրիկ Իդայի ծաղիկները

    Մատնաչափիկը

    Ջրահարսը

    Թագավորի նոր զգեստը

    Հովվուհին և ծխնելույզ մաքրողը

    Երիցուկը

    Անագե տոկուն զինվորիկը

    Վայրի կարապները

    Թռչող սնդուկը

    Արագիլները

    Օլե Լուկոյեն

    Խոզարածը

    Սոխակը

    Փեսացուն և հարսնացուն

    Անճոռնի բադիկը

    Ձյունե թագուհին

    Եղևնին

    Կարկատանի ասեղը

    Աղջիկը և լուցկին

    Հին տունը

    Վուշը

    Տարվա պատմությունը

    Իսկական ճշմարտություն

    Հինգը մեկ պատիճից

    Դմբո Հանսը

    Մանկական շաղակրատանք

    Կոյաբզեզը

    Ինչ որ հալիվորս անի՝ լավն էլ հենց դա է

    Թիթեռնիկը

    Խխունջը և վարդի թուփը

    Արծաթե դրամը

    Կռատուկի բախտը

    Պարտիզպանը և տերերը

    Ծանոթագրություններ

    ՀՐԱՀԱՆԸ

    Ճանապարհով մի զինվոր էր անցնում. մե՛կ֊երկո՛ւ, մե՛կ֊երկո՛ւ։ Պայուսակը մեջքին, թուրը կողքից կախ տուն էր գնում նա պատերազմից։ Ճանապարհին նրան պատահեց մի պառավ վհուկ՝ այնքա՜ն տգեղ, այնքա՜ն այլանդակ. ներքևի շրթունքը կախվել էր մինչև կուրծքը։

    — Բարև, ա՛յ զինվոր,— ասաց նա։— Այդ ի՜նչ հիանալի թուր ունես և ի՜նչ մեծ պայուսակ. ա՜յ քեզ քաջ զինվոր։ Դե, հիմա ես քեզ փող կտամ, որքան սիրտդ ուզի։

    — Շնորհակալ եմ, պառավ վհուկ,— ասաց զինվորը։

    — Ա՛յ, տեսնո՞ւմ ես այս մեծ ծառը,— ասաց վհուկը՝ ցույց տալով մոտի ծառը,— սա փուչ ծառ է։ Բարձրացիր վերև, այնտեղ մի փչակ կտեսնես։ Մտի՛ր այդ փչակը, իջիր ցած, ամենատակը։ Իջնելուց առաջ ես մեջքիդ պարան կկապեմ և, երբ ձայն տաս՝ քեզ դուրս կքաշեմ։

    — Իսկ ինչո՞ւ մտնեմ ծառի մեջ,— հարցրեց զինվորը։

    — Փող վերցնելու,— պատասխանեց վհուկը։— Պետք է ասեմ, որ երբ մինչև վերջ ցած իջնես՝ այնտեղ կտեսնես ստորերկրյա մի մեծ անցք։ Այնտեղ բոլորովին լույս է, որովհետև երեք հարյուրից ավելի լամպ է վառվում։ Հետո դու կտեսնես երեք դուռ։ Կարող ես բանալ այդ դռները, բանալիները դրսի կողմում են կախված։ Կմտնես առաջին սենյակը, այդ սենյակի մեջտեղը կտեսնես մի մեծ սնդուկ, վրան՝ մի շուն։ Այդ շան աչքերը խոշոր են թեյի գավաթի չափ։ Բայց դու չվախենաս։ Ես քեզ կտամ իմ կապույտ վանդակավոր գոգնոցը։ Փռիր այդ գոգնոցը հատակին, համարձակ մոտեցիր և շանը բռնիր, դիր գոգնոցի վրա, սնդուկը բաց արա և, ինչքան կուզես՝ փող վերցրու միջից։ Բայց այնտեղ միայն պղնձե դրամներ կան։ Թե արծաթ ուզես՝ մտիր մյուս սենյակը։ Այնտեղ մի շուն է նստած, աչքերը՝ զույգ ջրաղացքարի չափ։ Բայց դու չվախենաս, նրան էլ նստեցրու իմ գոգնոցի վրա և, որքան կուզես՝ փող վերցրու։ Իսկ եթե ուզենաս՝ ոսկի էլ կգտնես, որքան կամենաս։ Հարկավոր է միայն մտնել երրորդ սենյակը։ Բայց այնտեղ փայտե սնդուկի վրա նստած շան աչքերը ամեն մեկը ոնց որ Կլոր աշտարակը¹ լինի։ Ա՜յ թե շուն է, հա՜, կարող ես ինձ հավատալ։ Բայց դու նրանից էլ չվախենաս, նստեցրու իմ գոգնոցի վրա, և նա քեզ ձեռք չի տա, իսկ դու ոսկի վերցրու՝ որքան կամենաս։

    — Վատ չէր լինի,— ասաց զինվորը։— Բայց դու դրա դիմաց ի՞նչ կուզես ինձանից, այ պառավ վհուկ։ Դե՛, հո ձրի ինձ համար ոչինչ չես անի։

    — Ես քեզանից մի գրոշ էլ չեմ ուզի,— ասաց վհուկը։— Միայն թե՝ այնտեղից բեր այն հին հրահանը, որ անցյալ անգամ մոռացել, այնտեղ է թողել իմ տատը։

    — Դե՛, կապիր ինձ պարանով,— ասաց զինվորը։

    — Պատրաստ է,— պատասխանեց վհուկը։— Ահա՛ և քեզ իմ վանդակավոր գոգնոցը։

    Զինվորը բարձրացավ ծառը, մտավ փչակի մեջ, ցած իջավ և, ինչպես վհուկն էր ասել՝ հասավ մի մեծ անցքի, որտեղ մի քանի հարյուր լամպ էր վառվում։

    Ահա նա բացեց առաջին դուռը։ Օ՜, այնտեղ նստած էր մի շուն՝ աչքերը թեյի գավաթի չափ, և ինչպե՜ս էր նայում նրան։

    — Ա՜յ քեզ ջանավար,— ասաց զինվորը, նստեցրեց շանը վհուկի գոգնոցի վրա և գրպանները լցրեց պղնձե դրամներով։ Հետո սնդուկը փակեց, նորից շանը նստեցրեց սնդուկի վրա և դիմեց դեպի մյուս սենյակը։ Օհո՜։ Այնտեղ նստած էր մի շուն, աչքերը զույգ ջրաղացքարի մեծությամբ։

    — Իզուր ես աչքերդ չռել ինձ վրա, կարող են ցավել,— ասաց զինվորը և շանը նստեցրեց վհուկի գոգնոցի վրա։

    Տեսնելով, որ սնդուկի մեջ շատ ու շատ արծաթ կա՝ նա գրպանից թափեց բոլոր պղնձե դրամները և երկու գրպաններն էլ, պայուսակն էլ լցրեց միայն արծաթե դրամով։ Հետո գնաց երրորդ սենյակը։ Ա՛յ գրողը տանի, այստեղի շան աչքերը, ճիշտ որ Կլոր աշտարակի չափ էին և պտտվում էին անիվների պես։

    — Հարգանքներիս հավաստիքը,— ասաց զինվորը և պատվի առավ։

    Այդպիսի շուն նա իր օրում չէր տեսել։

    Բայց շատ էլ երկար չնայեց շանը, վերցրեց նրան, նստեցրեց գոգնոցի վրա և սնդուկը բաց արեց։ Աստվա՜ծ իմ։ Ինչքա՜ն ոսկի կար այնտեղ։ Այդքան փողով նա կարող էր գնել ամբողջ Կոպենհագենը, քաղցրավաճառների բոլոր շաքարահացերը, բոլոր անագե զինվորիկները, փայտե ձիերը և աշխարհիս բոլոր մտրուկները։ Ինչքա՜ն ասես՝ փող կար։ Զինվորը գրպաններից ու պայուսակից թափեց արծաթե փողերը և բոլոր գրպանները, պայուսակը, գլխարկն ու ոտնամաններն այնպես լցրեց ոսկով, որ հազիվ էր կարողանում շարժվել։ Վերջապես, նա շատ փող ունեցավ։ Նորից շանը նստեցրեց սնդուկի վրա, դուռը ծածկեց ու ձայն տվեց.

    — Է՜յ, պառավ վհուկ, վե՛ր քաշիր ինձ։

    — Իսկ հրահանը վերցրե՞լ ես,— հարցրեց վհուկը։

    — Ա՛հ, գրողը տանի, քիչ մնաց մոռանայի,— ասաց զինվորը և գնաց վերցրեց հրահանը։ Վհուկը նրան վերև քաշեց, և նա նորից ճանապարհի վրա էր՝ գրպանները, ոտնամանները, պայուսակը, գլխարկը լեփ֊լեցուն ոսկի։

    — Իսկ քո ինչի՞ն է պետք այս հրահանը,— հարցրեց զինվորը։

    — Քո բանը չի,— պատասխանեց վհուկը։— Փողդ ստացա՞ր, դե՛, տուր հրահանը։

    — Ո՜նց չէ,— ասաց զինվորը։— Իսկո՛ւյն ասա, թե ինչի՞դ է պետք հրահանը, թե չէ՝ թուրս կհանեմ ու գլուխդ կթռցնեմ։

    — Չե՛մ ասի,— համառեց վհուկը։

    Զինվորը թուրը քաշեց ու պառավի գլուխը թռցրեց։ Վհուկն անշնչացած գլորվեց գետին, իսկ զինվորը փողերը կապեց նրա գոգնոցի մեջ, շալակը գցեց, հրահանը գրպանը դրեց և ճանապարհվեց ուղիղ դեպի քաղաք։

    Դա մի հիասքանչ քաղաք էր։ Զինվորը կանգ առավ ամենաթանկ իջևանատանը, պահանջեց ամենալավ սենյակները և իր ամենասիրած ուտելիքները. չէ՞ որ հիմա նա շատ հարուստ էր։

    Այն ծառան, որ մաքրում էր եկվորների ոտնամանները, զարմացել էր, որ այդպիսի հարուստ պարոնը այդքան վատ կոշիկներ ունի։ Բայց զինվորը դեռ նորը գնելու ժամանակ չէր ունեցել։ Մյուս օրը նա իր համար գնեց և՛ կոշիկներ, և՛ շքեղ հագուստ։

    Այժմ զինվորն իսկական աղա էր դարձել, և նրան պատմեցին այդ քաղաքում եղած բոլոր հրաշալիքների մասին, պատմեցին և՛ թագավորի, և՛ նրա չքնաղ աղջկա՝ արքայադստեր մասին։

    — Ինչպե՞ս կարող եմ տեսնել նրան,— հարցրեց զինվորը։

    — Այդ անկարելի է,— ասացին նրան։— Արքայադուստրն ապրում է մի պղնձե դղյակում, իսկ դղյակը շրջապատված է բարձր պարիսպով ու աշտարակներով։ Բացի թագավորից՝ ուրիշ ոչ ոք չի կարող հանդգնել մտնել այնտեղ կամ դուրս գալ այնտեղից, որովհետև թագավորին գուշակել են, որ նրա աղջիկն ամուսնանալու է մի բոլորովին հասարակ զինվորի հետ, իսկ թագավորներին այդպիսի բան դուր չի գալիս։

    «Այ թե մի տեսնեի՜ նրան»,— մտածեց զինվորը։

    Բայց ո՞վ թույլ կտար։

    Այժմ նա ուրախ կյանք էր վարում, հաճախում էր թատրոններ, ձիով զբոսանքի էր դուրս գալիս արքայական այգին և շատ փող էր տալիս աղքատներին։ Եվ շատ էլ լավ էր անում. չէ՞ որ նա իր փորձից գիտեր, թե որքա՜ն վատ բան է գրպանում մի գրոշ չունենալը։ Այժմ նա հարուստ էր, սքանչելի շորեր էր հագնում և շատ բարեկամներ ունեցավ։ Բոլորը նրան անվանում էին հիանալի տղա, փառավոր կավալեր, իսկ դա իրեն շատ էր դուր գալիս։ Բայց քանի որ նա միայն փող էր ծախսում, իսկ փող ոչ մի տեղից չէր ստանում, այդ պատճառով էլ վերջիվերջո մոտը մնաց երկու փոքրիկ դրամ։ Նա ստիպված եղավ շքեղ սենյակներից տեղափոխվել մի փոքրիկ խցիկ, որ գտնվում էր ուղիղ տանիքի տակ, ինքն էր մաքրում իր կոշիկները և կարկատում դրանց ծակերը։ Այժմ բարեկամներից ոչ ոք չէր այցելում նրան. չէ՞ որ հիմա շա՜տ բարձր էր իր խցիկը։

    Մի անգամ, մի խավար գիշեր, զինվորը նստել էր իր խցիկում և նույնիսկ մոմ գնելու փող չուներ։ Հանկարծ նա հիշեց իր փոքրիկ հրահանը, որ վերցրել էր գետնի տակի սենյակից, երբ վհուկն իրեն իջեցրել էր այնտեղ։ Զինվորը հանեց հրահանն ու վառված մոմի մնացորդը, բայց հենց հրահանը խփեց կայծքարին՝ խցիկի դուռը շրխկալով լայն բացվեց, և նրա առջև կանգնեց թեյի գավաթի չափ աչքեր ունեցող մի շուն՝ հենց այն շունը, որին նա տեսել էր ստորերկրյա սենյակում։

    — Ի՞նչ ես ուզում, տե՛ր իմ,— հաչեց նա։

    — Ա՜յ քեզ բան,— ասաց զինվորը։— Դուրս է գալիս, որ սա շատ հետաքրքիր հրահան է. հիմա ես կարող եմ ստանալ ամեն բան, ինչ որ կամենամ։ Է՛յ, դո՛ւ, փող ճարիր ինձ համար,— ասաց նա շանը և, մե՛կ՝ շան հետքը չքացավ, երկո՛ւ՝ նա նորից լույս ընկավ, բերանին բռնած մի մեծ տոպրակ, լիքը պղնձե դրամով։ Ահա այստեղ զինվորը հասկացավ, թե ինչպիսի հրաշալի հրահան է իր հրահանը. բավական էր այդ հրահանով կայծքարին խփել մեկ անգամ՝ իսկույն կհայտնվեր այն շունը, որ նստած էր պղնձե դրամներով լիքը սնդուկի վրա, երկու անգամ՝ կհայտնվեր այն շունը, որ նստած էր արծաթի վրա, և երեք անգամ՝ կհայտնվեր ոսկու վրա նստած շունը։

    Զինվորը նորից տեղափոխվեց լավ սենյակներ, սկսեց սիրուն շորեր հագնել, և իր բոլոր բարեկամները իսկույն ևեթ նրան նորից ճանաչեցին ու սաստիկ սիրեցին։

    Մի անգամ նրա գլուխը մի միտք մտավ. «Այս ի՜նչ հիմար բան է, ինչո՞ւ արքայադստերը տեսնել չի կարելի։ Ասում են, թե նա չտեսնված գեղեցկուհի է, բայց ի՞նչ օգուտ, եթե շարունակ նստած է իր պղնձե դղյակում, բարձր աշտարակավոր պարիսպների հետևը։ Մի՞թե այդպես էլ ինձ չի հաջողվելու թեկուզ աչքի պոչով տեսնել նրան։ Հապա, որտե՞ղ է իմ հրահանը»։— Եվ նա կայծքարին խփեց, մեկ՝ ծուխ վայրկյանին նրա առաջ կանգնեց թեյի գավաթի մեծությամբ աչքերով շունը։

    — Այժմ, ճիշտ է, արդեն գիշեր է,— ասաց զինվորը,— բայց ես մեծ փափագ ունեմ տեսնելու արքայադստերը, թեկուզ մեկ րոպեով։

    Շունը իսկույն դուրս թռավ և, դեռ զինվորը ուշքի չեկած՝ նորից հայտնվեց արքայադստեր հետ։ Արքայադուստրը շան մեջքին նստած քնած էր։ Եվ ինչքա՜ն գեղեցիկ էր նա։ Տեսնողն իսկույն կհասկանար, որ իսկական արքայադուստր է, և զինվորը ոչ մի կերպ չկարողացավ զսպել իրեն ու համբուրեց աղջկան. չէ՞ որ ինքը քաջ ռազմիկ էր, իսկական զինվոր։

    Հետո շունն արքայադստերը ետ տարավ, և առավոտյան թեյի ժամանակ արքայադուստրը թագավորին ու թագուհուն պատմեց, թե այդ գիշեր ինքն ինչպիսի՜ զարմանալի երազ է տեսել շան ու զինվորի մասին. իբր թե ինքը գնացել է մի շուն հեծած, և իբր՝ մի զինվոր համբուրել է իրեն։

    — Ա՜յ քեզ պատմություն,— գոչեց թագուհին։

    Հետևյալ գիշերը արքայադստեր անկողնու մոտ հսկելու նշանակեցին պառավ նաժիշտին, պատվիրելով իմանալ՝ իրոք այդ երա՞զ է եղել, թե՞ իրականություն։

    Իսկ զինվորը նորից մահու չափ ցանկացավ տեսնել չքնաղ արքայադստերը։ Եվ ահա, գիշերը նորից հայտնվեց շունը, վերցրեց արքայադստերը և, նրան շալակած՝ սլացավ ամբողջ թափով։ Իսկ պառավ նաժիշտը հագավ իր ջուր չթափանցող ոտնամանները և վազեց շան հետևից։ Տեսնելով, որ շունը արքայադստեր հետ մտավ մի մեծ տուն, նաժիշտը մտածեց. «Հիմա ես գիտեմ, թե որտեղ պետք է փնտրել նրանց»,— կավճով մի խաչ քաշեց այդ տան դարպասին և գնաց տուն քնելու։ Բայց երբ շունն արքայադստերը ետ էր տանում՝ տեսավ այդ խաչը, իսկույն մի կտոր կավիճ վերցրեց և քաղաքի բոլոր դարպասների վրա խաչ քաշեց։ Դա շատ խորամանկ բան էր. այժմ նաժիշտը չէր կարող գտնել իսկական դարպասը, քանի որ բոլոր դարպասների վրա խաչ էր քաշված։

    Առավոտյան վաղ թագավորն ու թագուհին, պառավ նաժիշտն ու բոլոր սպաները գնացին տեսնելու, թե գիշերը ո՞ւր էր գնացել արքայադուստրը։

    — Ա՛յ, թե ուր,— ասաց թագավորը՝ տեսնելով առաջին իսկ դարպասը, որի վրա խաչ էր քաշված։

    — Ո՛չ, ամուսնյակս, ա՛յ, այստեղ են տարել,— ասաց թագուհին՝ խաչ տեսնելով մի ուրիշ դարպասի վրա։

    — Այստե՛ղ էլ խաչ կա, այստե՛ղ էլ,— աղմկեցին մյուսները՝ խաչեր տեսնելով բոլոր դարպասների վրա։ Այստեղ բոլորը հասկացան, որ ոչ մի բանի հասնել չեն կարող։

    Բայց թագուհին խելոք կին էր, և միայն կառքով զբոսնելը չէր, որ իմանում էր։ Նա վերցրեց ոսկե մեծ մկրատը, մետաքսի մի ամբողջ թոփ լաթերի կտրատեց, կարեց մի փոքրիկ, սիրունիկ տոպրակ, մեջը մանր ձավար լցրեց, կապեց արքայադստեր մեջքին, ապա տոպրակը ծակեց, որպեսզի ձավարը թափվի այն ճանապարհին, որով կանցնի արքայադուստրը։

    Գիշերը նորից շունը եկավ, արքայադստերը նստեցրեց մեջքին և տարավ զինվորի մոտ, իսկ զինվորն այնպես էր սիրել արքայադստերը, որ սկսեց ափսոսալ, թե ինչո՞ւ ինքն արքայազն չէ, որ ամուսնանա այդ աղջկա հետ։

    Շունը չնկատեց, որ ձավարը թափվում է ամբողջ ճանապարհին, պալատից մինչև զինվորի պատուհանը, ուր թռավ շունը՝ արքայադուստրը շալակին։ Առավոտյան թագավորն ու թագուհին իսկույն իմացան, թե ուր են տարել իրենց աղջկան, և զինվորին բանտ նետեցին։

    Որքա՜ն մութ ու տխուր էր բանտում։ Զինվորին նստեցրին այնտեղ ու ասացին. «Վաղը առավոտյան քեզ կկախեն»։ Շատ ցավալի էր լսել այդ խոսքերը, իսկ հրահանը զինվորը մոռացել էր իջևանատանը։

    Առավոտյան զինվորը մոտեցավ փոքրիկ լոաամուտին և սկսեց դուրս նայել երկաթյա վանդակի միջով։ Ժողովուրդը խումբ֊խումբ թափվում էր քաղաքից դուրս՝ տեսնելու, թե ինչպես պետք է կախեն զինվորին։ Թմբուկներ էին զարկում, զինվորների գնդեր էին անցնում։ Բոլորը վազում էին, վազում էր և մի կոշկակար տղա՝ կաշվե գոգնոցը կապած, չստերը հագին։ Նա վազում էր ցատկոտելով, և չստերից մեկը դուրս թռավ ոտքից ու դիպավ ուղիղ բանտի պատին, որից այն կողմ զինվորը կանգնած նայում էր երկաթե վանդակի միջով։

    — Է՛յ, տղա՛, ո՞ւր ես շտապում,— ձայն տվեց զինվորը։— Առանց ինձ հո՞ ոչինչ գլուխ չի գա, մե՛կ է։ Բայց, ա՛յ, եթե վազես այն տունը, որտեղ ես ապրում էի, բերես իմ հրահանը՝ չորս ոսկի կստանաս։ Միայն թե՝ շո՛ւտ։

    Տղան դեմ չէր չորս ոսկի ստանալուն և նետի պես սլացավ, հրահանը բերեց, տվեց զինվորին և... ա՛յ, հիմա կիմանաք, թե ինչ եղավ հետո։

    Քաղաքից դուրս սարքված էր մի ահագին կախաղան, որի շուրջ կանգնած էին զինվորներ և հարյուր հազարավոր մարդիկ։ Թագավորն ու թագուհին նստած էին իրենց շքեղ գահին, ուղիղ դատավորների և ամբողջ խորհրդի դիմաց։

    Զինվորն արդեն կանգնած էր սանդուղքի վրա, բայց, երբ ուզում էին պարանը նրա վիզը գցել՝ ասաց, որ հանցագործին պատժելուց առաջ միշտ էլ կատարում են նրա մի որևէ անմեղ ցանկությունը։ Իսկ ինքը շատ կուզեր մի չիբուխ ծխել. չէ՞ որ դա վերջինն է լինելու այս աշխարհում։

    Թագավորը չուզեց մերժել նրան, և զինվորը հանեց իր հրահանը, խփեց կայծքարին. մե՛կ, երկո՛ւ, երե՛ք՝ և նրա առաջ կանգնեցին երեք շուն միասին. այն շունը, որի աչքերը թեյի գավաթի չափ էին, այն շունը, որի աչքերը զույգ ջրաղացքարի չափ էին, և այն շունը, որի աչքերը Կլոր աշտարակի չափ էին։

    — Հապա՛, օգնեք ինձ ազատվել կախաղանի օղակից,— հրամայեց զինվորը։

    Եվ շները հարձակվեցին բոլոր դատավորների ու ամբողջ թագավորական խորհրդի վրա. որի ոտից բռնեցին, որի՝ քթից, ու վեր շպրտեցին։ Բոլորը ցած ընկան և ջարդուփշուր եղան։

    — Չանե՛ս,— գոռաց թագավորը, բայց ամենամեծ շունը բռնեց նրան ու թագուհուն և վեր նետեց մյուսների հետևից։ Այն ժամանակ զինվորները վախեցան, իսկ ամբողջ ժողովուրդը գոչեց.

    — Զինվո՛ր, ա՛յ զինվոր, դո՛ւ եղիր մեր թագավորը և գեղեցիկ արքայադստերը կին վերցրու քեզ։

    Զինվորին նստեցրին արքայական կառքը, որի առաջ երեք շները պարում էին ու գոչում. «Ուռա՜»։ Երեխաները սուլում էին, զինվորները պատվի էին բռնում։ Արքայադուստրը դուրս եկավ իր պղնձե դղյակից և դարձավ թագուհի, ինչի համար շատ գոհ էր։ Հարսանիքի խնջույքը շարունակվեց մի ամբողջ շաբաթ։ Շներն էլ էին սեղան նստել և աչքները չռել։

    ՓՈՔՐ ԿԼԱՈՒՍԸ ԵՎ ՄԵԾ ԿԼԱՈՒՍԸ

    Մի գյուղում ապրում էին երկու մարդ։ Երկուսի անունն էլ Կլաուս էր, բայց մեկը չորս ձի ուներ, իսկ մյուսը՝ միայն մեկ։ Եվ ահա, որպեսզի նրանց իրարից տարբերեն, չորս ձի ունեցողին անվանում էին Մեծ Կլաուս, իսկ մեկ ձի ունեցողին՝ Փոքր Կլաուս։ Հիմա լսեք, թե ինչ պատահեց նրանց. ախր, սա մի ամբողջ պատմություն է։

    Ողջ շաբաթ Փոքր Կլաուսը պետք է հերկեր Մեծ Կլաուսի հողը, այն էլ՝ իր միակ ձիով։ Փոխարենը Մեծ Կլաուսը իր հերթին նրան օգնում էր շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերը։ Մեծ Կլաուսը Փոքր Կլաուսին էր տալիս իր չորս ձին միանգամից։ Օ՜յ֊օ՜յ, ինչպե՜ս էր Փոքր Կլաուսը մտրակը շրխկացնում հինգ ձիու վրա. կարծես թե բոլոր ձիերն էլ իր սեփականը լինեին։ Արևը շողշողում էր, զանգերը զնգում էին, մարդիկ բոլորն էլ զուգված֊զարդարված, աղոթագրքերը թևների տակ գնում էին եկեղեցի՝ քահանայի քարոզը լսելու։ Նրանք բոլորն էլ տեսնում էին, որ Փոքր Կլաուսը վար է անում հինգ ձիով, իսկ Փոքր Կլաուսը շրխկացնում էր մտրակն ու գոչում.

    — Է՜յ֊հե՜յ, դուք իմ ձիուկնե՜ր։

    — Չհամարձակվե՛ս այդպես ասել,— ասաց մի անգամ Մեծ Կլաուսը։— Չէ՞ որ դու միայն մեկ ձի ունես։

    Բայց ահա, նորից ինչ֊որ մարդ է անցնում մոտով, և Փոքր Կլաուսը, մոռանալով, որ իրեն արգելել են այդպես ասել, դարձյալ գոչում է.

    — Է՜յ֊հե՜յ, դուք իմ ձիուկնե՜ր։

    — Վե՛րջ տուր իսկույն,— վերջապես հրամայեց Մեծ Կլաուսը։— Եթե դու մի անգամ էլ այդպիսի խոսք ասես՝ ես այնպես կխփեմ քո ձիու ճակատին, որ միանգամից հոգին կփչի։

    — Էլ չեմ ասի,— պատասխանեց Փոքր Կլաուսը,— հավատա, էլ չեմ ասի։

    Բայց ահա, էլի ինչ֊որ մեկն անցնում էր նրա մոտով և բարևեց իրեն։ Իսկ Փոքր Կլաուսը այնպե՜ս ուրախ էր, որ ինքը վար է անում ամբողջ հինգ ձիով, այդ պատճառով էլ նորից շրխկացրեց մտրակը և գոչեց.

    — Է՜յ֊հե՜յ, դուք իմ ձիուկնե՜ր։

    — Ա՛յ, հիմա ես քեզ իմ ձիուկնե՜ր ցույց կտամ,— կատաղեց Մեծ Կլաուսը, վերցրեց կացինը և այնպե՜ս խփեց Փոքր Կլաուսի ձիու ճակատին, որ ձին անշնչացած գետին փռվեց։

    — Վա՜խ, հիմա ես ոչ մի ձի չունեմ,— ասաց Փոքր Կլաուսը և լաց եղավ։

    Քիչ հետո նա ձին մաշկեց, կաշին փռեց, լավ չորացրեց, դրեց մի պարկի մեջ, պարկը շալակեց ու գնաց քաղաք՝ կաշին վաճառելու։

    Նա շատ հեռու պիտի գնար, մի մեծ ու մութ անտառի միջով և, հակառակի պես՝ եղանակն էլ վատացավ։ Փոքր Կլաուսը մոլորվեց, ճանապարհը կորցրեց, իսկ երբ նորից ճանապարհ դուրս եկավ՝ արդեն բոլորովին մթնել էր։ Քաղաքը դեռ շատ հեռու էր, բայց տունն էլ մոտիկ չէր. մինչև գիշեր ո՛չ կարող էր քաղաք հասնել, ո՛չ էլ՝ տուն վերադառնալ։

    Ճանապարհի մոտ կար մի մեծ գյուղական տուն։ Լուսամուտների խլափեղկերն արդեն ծածկված էին, բայց արանքից լույս էր երևում։

    «Ահա այստեղ ես հավանորեն գիշերվա օթևան կգտնեմ ինձ համար»,— մտածեց Փոքր Կլաուսը և սկսեց դուռը բախել։

    Տանտիրուհին դուռը բաց արեց և, իմանալով ինչ է ուզում նա, հրաժարվեց ներս թողնել, ասելով, թե իր մարդը տանը չի, իսկ առանց նրա ինքը չի կարող հյուր ընդունել։

    — Երևում է՝ գիշերը դուրսն եմ մնալու,— ասաց Փոքր Կլաուսը, երբ տանտիրուհին արդեն դուռը շրխկացրել էր նրա քթի առաջ։

    Տան կողքին խոտի մի մեծ դեզ կար, իսկ դեզի և տան միջև կար մի փոքրիկ սրահ՝ ծղոտածածկ տափակ կտուրով։

    — Ահա, այստեղ էլ կպառկեմ,— ասաց Փոքր Կլաուսը՝ տեսնելով այդ կտուրը։— Հիանալի անկողին է. հույս ունեմ, որ արագիլն այնտեղ չի թռչի և իմ ոտքը չի կտցի։

    Այս բանը նա ասաց, որովհետև տան կտուրին, իր բնում, մի կենդանի արագիլ կար կանգնած։

    Փոքր Կլաուսը բարձրացավ սրահի կտուրը, մեկնվեց ծղոտի վրա և սկսեց մի կողքից մյուսը շուռ գալ, որպեսզի ավելի հարմար պառկի։ Տան լուսամուտի խլափեղկերը մինչև վերև չէին հասնում, այդ պատճառով էլ նա լուսամուտի վերևի մասից տեսնում էր ամբողջ հյուրասենյակի ներսը։

    Հյուրասենյակում մի մեծ սեղան էր բացված. վրան դրված էին և՛ գինի, և՛ տապակած միս, և՛ սքանչելի ձուկ։ Սեղանի մոտ նստած էին տանտիրուհին և տիրացուն, ուրիշ ոչ ոք չկար։

    Տանտիրուհին գինի էր լցնում հյուրի բաժակը, իսկ սա ձուկ էր խժռում. նա ձուկ շատ էր սիրում։

    «Ա՜յ թե ես էլ սրանց սեղանին նստած լինեի»,— մտածեց Փոքր Կլաուսը և, վիզը ձգելով՝ ուղիղ լուսամուտից ներս նայեց։ Տե՜ր Աստված, ի՜նչ սքանչելի կարկանդակ տեսավ։ Ա՜յ թե կերուխում էր, հա՜։

    Բայց հենց այդ նույն րոպեին նա լսեց, որ մեկը ձիով մոտենում է տանը։ Այդ տանտիրուհու ամուսինն էր տուն վերադառնում։ Սա շատ բարի մարդ էր, բայց մի տարօրինակություն ուներ. տիրացուներին տանել չէր կարողանում։ Բավական է, որ տիրացուի հանդիպեր՝ իսկույն կատաղում էր։ Հենց այդ պատճառով էլ տիրացուն նրա կնոջը հյուր էր եկել այն ժամանակ, երբ ամուսինը տանը չէր, իսկ բարի կինը աշխատում էր փառավոր հյուրասիրել նրան։ Հենց որ լսեցին, որ ամուսինը վերադարձավ՝ երկուսն էլ սաստիկ վախեցան, և կինը հյուրին խնդրեց շուտ մտնել դատարկ մեծ սնդուկի մեջ, որ դրված էր անկյունում։ Տիրացուն նրան լսեց, ախր, նա գիտեր, որ տանտերը տիրացուներին տանել չէր կարողանում։ Իսկ կինը շտապ հավաքեց սեղանը և բոլոր ուտելիքները դրեց վառարանի մեջ. չէ՞ որ եթե ամուսինն ուտելիքներն ու գինին տեսներ՝ անպայման կհարցներ, թե այդ ո՞ւմ էր ուզում հյուրասիրել։

    — Ա՛հ,— բարձր հառաչեց Փոքր Կլաուսը՝ կտուրի վրա պառկած նայելով, թե ինչպես է չքանում համեղ ուտելիքը։

    — Ո՞վ է այդտեղ,— հարցրեց գյուղացին և տեսավ Փոքր Կլաուսին։— Այդ ինչո՞ւ ես այդտեղ պառկել, արի գնանք ներս։

    Փոքր Կլաուսը բացատրեց, որ ինքը մոլորվել է, և խնդրեց գիշերելու տեղ տալ։

    — Լա՛վ, ինչ կա որ,— ասաց գյուղացին։— Միայն թե նախ մեզ հարկավոր է մի քիչ բան ուտել։

    Կինը երկուսին էլ ընդունեց շատ սիրալիր, սեղան բաց արեց և վառարանի միջից նրանց համար հանեց մի մեծ աման խաշիլ։

    Գյուղացին շատ էր քաղցած և ուտում էր մեծ ախորժակով, բայց Փոքր Կլաուսի մտքից դուրս չէին գալիս տապակածը, ձուկն ու կարկանդակը, որոնք թաքնված էին վառարանի մեջ։

    Սեղանի տակ, Փոքր Կլաուսի ոտքերի մոտ դրված էր այն պարկը, որի մեջ նա ծախելու էր տանում իր ձիու կաշին։ Խաշիլը կուլ չէր գնում Փոքր Կլաուսի բկով, և նա ոտքը դրեց պարկի վրա. չոր կաշին բարձր ճռճռաց։

    — Սո՜ւս֊ս,— ասաց Փոքր Կլաուսը պարկին, բայց էլի ոտքը դրեց վրան, և կաշին նորից ճռճռաց առաջվանից էլ բարձր։

    — Այդ ի՞նչ է քո պարկի մեջ,— հարցրեց տանտերը։

    — Սա իմ կախարդն է,— պատասխանեց Փոքր Կլաուսը։— Նա ասում է, թե չարժե խաշիլ ուտել. նա կախարդանքով մեզ համար վառարանը լցրել է համեղ ուտելիքներով։ Այնտեղ տապակած միս էլ կա, ձուկ էլ, կարկանդակ էլ։

    — Ա՜յ քեզ բան,— ասաց գյուղացին, իսկույն բաց արեց վառարանը և այնտեղ տեսավ զանազան ուտելիքներ՝ մեկը մյուսից լավը։ Դե՛, մենք հո՞ գիտենք, որ դրանք իր կինն էր պահել, բայց ամուսինը կարծեց, թե կախարդն է այդ ամենը լցրել այնտեղ։

    Կինը չհամարձակվեց ծպտուն հանել և շտապ ամեն ինչ դրեց սեղանին, իսկ ամուսինն ու հյուրը սկսեցին ուտել և՛ տապակածը, և՛ ձուկը, և՛ կարկանդակը։ Բայց հանկարծ Փոքր Կլաուսը նորից ոտքը դրեց պարկի վրա, և կաշին ճռճռաց։

    — Հիմա՞ ինչ է ասում,— հարցրեց գյուղացին։

    — Ասում է, թե մեզ համար կախարդանքով երեք շիշ գինի է դրել վառարանում,— պատասխանեց Փոքր Կլաուսը։

    Կինն ստիպված եղավ գինին էլ դուրս բերել։ Գյուղացին խմեց, և նրա քեֆը լավացավ։ Եվ ահա, նա շատ ցանկացավ, որ Փոքր Կլաուսի կախարդի նման մի կախարդ ունենա։

    — Իսկ քո կախարդը կարո՞ղ է սատանային կանչել,— հարցրեց գյուղացին։— Ես կուզեի սատանա տեսնել, քանի դեռ իմ քեֆը լավ է։

    — Հա,— ասաց Փոքր Կլաուսը։— Իմ կախարդը ամեն բան կարող է անել, ինչ որ ես ցանկանամ։ Ճիշտ չէ՞,— հարցրեց նա պարկին ու ոտքը դրեց վրան, և կաշին ճռճռաց։

    — Լսո՞ւմ ես, նա պատասխանում է՝ այո։ Միայն թե՝ սատանան այնքան այլանդակ է, որ չարժե նրա երեսը տեսնել։

    — Օ՜, ես մազաչափ էլ չեմ վախենում, իսկ ի՞նչ տեսքով է նա։

    — Նա ճիշտ և ճիշտ տիրացուի նման է։

    — Թո՛ւհ,— ասաց գյուղացին,— ա՜յ քեզ խայտառակություն։ Պետք է ասեմ, որ ես տիրացուներին տանել չեմ կարող։ Բայց միևնույն է. չէ՞ որ ես կիմանամ, որ դա սատանան է, և այնքան էլ չեմ զզվի։ Մանավանդ որ՝ հիմա ես քաջացել եմ։ Միայն թե թող շատ չմոտենա ինձ։

    — Լավ, ես հիմա կախարդին կասեմ,— պատասխանեց Փոքր Կլաուսը, ոտքը դրեց պարկի վրա և սկսեց ականջ դնել։

    — Հը, ի՞նչ է ասում։

    — Նա քեզ հրամայում է գնալ և բանալ ա՛յ, այն սնդուկը, որ դրված է անկյունում. այնտեղ է թաքնվել սատանան։ Միայն թե խուփը պետք է ցածր պահել, թե չէ՝ սատանան դուրս կթռչի։

    — Դե՛, օգնիր ինձ խուփը բռնել,— ասաց գյուղացին և մոտեցավ այն սնդուկին, որի մեջ կինը թաքցրել էր տիրացուին։

    Տիրացուն վախից ո՛չ մեռած էր, ո՛չ կենդանի։ Գյուղացին սնդուկի խուփը բարձրացրեց և նայեց ներսը։

    — Թո՛ւհ,— գոռաց նա ու ետ ցատկեց։— Տեսա՛, տեսա՛: Իսկ և իսկ մեր տիրացուն է։ Ա՜յ քեզ գարշելի բան։

    Այդպիսի անախորժությունը հարկավոր էր խմելով մոռանալ, և նրանք խմեցին մինչև ուշ գիշեր։

    — Իսկ դու քո կախարդը չե՞ս ծախի ինձ,— հարցրեց գյուղացին։— Որքան կուզես՝ գին ասա. թեկուզ՝ մի կոտ փող։

    — Չէ՛, չեմ կարող,— ասաց Փոքր Կլաուսը։— Մի մտածիր, թե ես որքա՜ն օգուտ եմ ստանում նրանից։

    — Ծախի՛ր, ծախի՛ր, ես շա՜տ եմ ուզում,— ասաց գյուղացին և սկսեց խնդրել, համոզել Փոքր Կլաուսին։

    — Դե լա՛վ,— վերջապես ասաց Փոքր Կլաուսը,— թող քո ուզածը լինի. դու լավ վարվեցիր ինձ հետ, գիշերելու տեղ տվիր, դրա համար էլ իմ կախարդը քեզ կտամ մի կոտ փողով, միայն թե, տե՛ս, բերնեբերան պիտի լցնես կոտը։

    — Շատ լավ,— ասաց գյուղացին։— Միայն թե՝ սնդուկն էլ քեզ հետ վերցրու. ես դա մի ժամ էլ չեմ ուզում պահել իմ տանը։ Ո՞վ գիտե, գուցե սատանան դեռ մեջն է։

    Փոքր Կլաուսը գյուղացուն տվեց իր պարկը՝ չորացած կաշվով, և պարկի դիմաց ստացավ մի կոտ լիքը փող, բացի դրանից՝ գյուղացին նրան տվեց մի ձեռնասայլ, որպեսզի նա կարողանա փողն ու սնդուկը տանել։

    — Դե՛, մնաս բարով,— ասաց Փոքր Կլաուսը և հրեց ձեռնասայլը, որի մեջ տեղավորել էր փողը և սնդուկը, որտեղ դեռ նստած էր տիրացուն։

    Անտառի այն կողմը մի մեծ ու խոր գետ կար. այնքան արագահոս, որ դժվար էր հոսանքի դեմ պայքարել։ Այդ գետի վրա մի նոր կամուրջ էր շինված։ Փոքր Կլաուսը կանգ առավ կամրջի մեջտեղը և դիտմամբ խոսեց այնքան բարձր, որ տիրացուն սնդուկի մեջ լսի.

    — Ինչո՞ւ եմ քարշ տալիս ես այս հիմար սնդուկը. այնքան

    Enjoying the preview?
    Page 1 of 1